Արցախյան հարցում ԵԱՀԿ միջնորդների ջանքերը վերջին տասը տարիներին ուղեկցվում են եվրոպական հանրության կողմից հակամարտության երեք կողմերի երկրներում հասարակություններին խաղաղությանը պատրաստելով: Եվրամիությունը ֆինանսավորում է եվրոպական մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների՝ արցախյան, հայաստանյան և ադրբեջանական հասարակությունների հետ աշխատելու համար: Այդ կազմակերպությունները միավորված են Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերության շրջանակում (European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh - EPNK):
Այս նախաձեռնության շրջանակում միավորված կազմակերպությունները նպատակ ունեն հարավկովկասյան գործընկերների հետ մշակել և իրականացնել ծրագրեր, որոնք ուղղված են հասարակությունների միջև վստահության հաստատմանը:
2007-ից սկսած, երբ բանակցությունների սեղանին դրվեցին մադրիդյան սկզբունքները, եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունների հիմնական նպատակը դարձավ հասարակություններին այդ սկզբունքների իրագործմանը պատրաստելը: Պետք է նշել, որ այն հաջողություն չունի, և դժվար է Արցախում պատկերացնել որևէ կազմակերպություն, որը կհամաձայնի նման գործունեություն իրականացնել: Այնուամենայնիվ, խաղաղարար նախաձեռնությունների շրջանակներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք, իմ կարծիքով, քիչ արդյունավետ են եղել: Ավելին՝ հասարակությունները դարձել են շատ ավելի ազգայնական, աճել է ռազմական հռետորաբանությունը:
Դրա պատճառը եվրոպական կազմակերպությունների սխալ մոտեցումն է: Եվրոպացիները կարծում են, որ քանի դեռ հայերի և ադրբեջանցիների մեջ կա սերունդ, որի ներկայացուցիչները միասին ապրել են, աշխատել, եղել են մեկ ընդհանուր պետության քաղաքացի, իրար հետ կապված են ընդհանուր արժեքներով և հուշերով, հարկավոր է օգտագործել այս բարենպաստ առիթը և հասարակություններին տանել վերջնական խաղաղության: Իրականում այս մոտեցումը խոցելի է: Միասին ապրած սերնդի ներկայացուցիչները նաև իրար կոտորել են, տարիների ընթացքում հասարակությունների դեմոնիզացիան բերել է բացասական հուշերի առաջմղմանը, ինչն այս սերնդի ներկայացուցիչներին դարձնում է ավելի անզիջում: Հետևաբար՝ վերջնական խաղաղության մասին կարելի է մտածել միայն կես դար անց, երբ այս սերնդի ներկայացուցիչները հասարակության մեջ դեր չեն խաղա:
Մյուս կողմից՝ քիչ արդյունավետ է հակամարտող հասարակությունների ներկայացուցիչների միջև տարբեր ֆորմատներով հանդիպումների կազմակերպումը: Ավտորիտար, ոչ բարեկեցիկ, ինքնակազմակերպման ցածր աստիճան ունեցող հասարակությունները, որտեղ ուժեղ են ազգայնական տրամադրությունները, ի վիճակի չեն առաջ մղել խաղաղարար նախաձեռնությունները և գաղափարները: ԵՄ-ն ճիշտ կաներ՝ իր հարկատուների փողերը ծախսեր այդ հասարակությունների իրական կարիքների համար, եթե իհարկե ցանկություն ունի օգնել վերոնշյալ հանրույթներին՝ վստահության հաստատման նրանց ջանքերում:
Հայկ Խանումյան










