Գլխավոր Լրահոս

Վերադարձ դեպի գյուղ

Կատալոնյան La Vanguardia թերթում անդրադարձ կար Իսպանիայում լքված գյուղերի ճակատագրին: 1950-ական թթ. Իսպանիայում ծայր առած գյուղական արտագաղթի հետևանքով բազմաթիվ գյուղեր դատարկվեցին: Այժմ 200 հազար եվրոյով հնարավոր է գնել նմանատիպ գյուղակ՝ բնակելի տնով, միջնադարյան ագարակով, ջրաղացով, նույնիսկ գյուղական եկեղեցիով:

Տնտեսական ճգնաժամը Եվրոպայում շատերին դրդում է ներդրումներ անել ռոմանտիկ թվացող և էժան անշարժ գույքի այս շուկայում: Հետագա ներդրումները թույլ կտան զարգացնել գյուղական տուրիզմը և նոր տներ առաջարկել հագեցած քաղաքներից հոգնած մարդկանց: Ընդհանուր ձգտումը՝ ապրել էկոլոգիապես մաքուր վայրերում, սնվել էկոսնունդով, ինչպես նաև ինտերնետի ընձեռած հնարավորությունները աշխատանք գտնել անկախ գտնվելու վայրից՝ շատերին են հրապուրում վերադառնալու գյուղեր: Նամանավանդ որ կացարան այստեղ կարելի է գտնել տասն անգամ ավելի էժան, քան մեծ քաղաքներում:

Իջևանի Ենոքավան գյուղի վերևում լեռնային տուրիզմի ոլորտում արված ներդրումների շնորհիվ հանգստյան ժամանակակից գոտի է ստեղծվել՝ համապատասխան կացարաններով և ծառայություններով, որն արդեն քանիերորդ տարին է՝ հյուրընկալում է բազմազգ պատվիրակություններ: Ժամանակին գյուղից հեռացած և արտերկրում հաջողության հասած բնակչի ներդրումները նոր կյանք են տվել Ենոքավանին՝ այն դարձնելով սիրված զբոսաշրջային վայր:

Արցախի գրեթե բոլոր շրջաններում մեռնող գյուղեր կան: Ընդհանրապես, խորհրդային տարիներին Արցախի գյուղերի մեծ մասն աչքի չի ընկել մեծությամբ, ինչպես Հայաստանի շրջաններում: Որպես կանոն, նրանց մեծ մասի, հատկապես մայրուղիներից հեռու գտնվող բնակավայրերի համար, նորմալ ենթակառուցվածքներ չեն կառուցվել: Իսկ որոշ շրջկենտրոնների և խոշոր գյուղերի կառուցումը, ընդլայնումը թանկ է նստել լեռնային բնակավայրերի վրա, որոնց բնակչությունն աստիճանաբար տեղափոխվել է ավելի լավ պայմաններ ունեցող բնակավայրեր կամ ընդհանրապես մեկնել Ադրբեջանի ինտերնացիոնալիստական քաղաքներ:

Նույնիսկ Ստեփանակերտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կարելի է դատարկված գյուղեր գտնել, որոնց գեղեցկությունը, կուսական բնությունը կարող է գերել զբոսաշրջիկին:

Ստեփանակերտում անշարժ գույքի թանկ լինելը ժամանակի ընթացքում կդրդի երիտասարդ ընտանիքներին տուն փնտրել մայրաքաղաքի մերձակա գյուղերում: Հետաքրքիր հեռանկարներ կարող են բացվել բիզնեսի համար, որը դեռևս ներդրումներ է անում ստեփանակերտյան անշարժ գույքի մեջ: Հուսով եմ, որ տնտեսական կոնյունկտուրան մեզ էլ կստիպի հետևել կատալոնյան օրինակին և վերածնել անհետացող գյուղերը՝ էժան տնով ապահովելով քաղաքից հոգնած մարդկանց, որոնք միգուցե իրենց գաղափարներով կհարստացնեն գյուղը: Կամ էլ վարակիչ կարող է դառնալ Ենոքավանի օրինակը, երբ գյուղից ժամանակին հեռացած և միջոցներ ունեցող անձն իր ներդրումներով հայրենի բնակավայրը դարձնում է զբոսաշրջության կենտրոն: Վանք գյուղի օրինակը վկա:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում