Գլխավոր Լրահոս

Կեղծ երկընտրանքի այլընտրանքը

Կեղծ երկընտրանքի այլընտրանքը

www.sorokinfond.ru

Հանրապետության օրվա նախօրյակին հայկական ազգանվամբ մի ռուս քաղաքագետ՝ Սերգեյ Կուրղինյանը, հայոց մայրաքաղաքում Եվրասիական կայսրության լոբբինգն էր անում: Այս լոբբինգի համար վերջերս ռուսական կողմը միջոցներ չի խնայում, նույնիսկ «արևմտամետ» Հանրապետական կուսակցության խորհրդարանական ցուցակ է խցկում վաղուց մոռացված մի քանի գործիչների, որոնք վաղուց ռուսական ազդեցության շրջանակներում են:

Հետխորհրդային Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետությունը կարևոր հարաբերություններ է զարգացրել, անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը եղել է դաշնակցային մակարդակի: Սակայն, ցավոք, այդ հարաբերությունները հայկական կողմից սովորաբար մեկնաբանվել են զգացմունքային կողմից, իսկ Ռուսաստանում լուրջ աշխատանք է տարվել տարբեր լոբբիստական խմբերի կողմից՝ պատկերացումներ փոխելու համար: Ի դեպ, այն կառույցները, որոնք ըստ տրամաբանության՝ պետք է աշխատեին հայկական դիրքերից, շատ հաճախ դարձել են հայության դեմ ուղղված գործակալական ցանցեր: Նրանց նույնիսկ չի թույլատրվում խորհրդանշական հուշարձաններ կառուցել: Երկու տարի առաջ, մայիսի 28-ին, օրինակ, Սոչիիում ապամոնտաժվեց Անդրանիկ Օզինյանի կիսանդրին՝ Կրասնոդարի երկրամասում հաստատված թուրքերին չվիրավորելու համար:

Ռուսաստանը կայսրություն է, վերազգային կառույց, որի չփլուզման միակ տարբերակը նոր ընդլայնումներն են: Այսօր դա տեղի է ունենում Եվրասիական միության ձևաչափի ներքո: Հայաստանը, որն արդեն հինգ տարի է չի կարողանում դուրս գալ տնտեսական ծանր վիճակից, լավ թիրախ է: Հետաքրքիր է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքն անվերապահորեն աջակցում են Հայաստանի կեղեքող էլիտաներին, որովհետև միայն վերջիններիս շնորհիվ է, որ իրենք կարողանում են այս կամ այն կերպ պահանջած լինել հայկական հասարակության ինչ-ինչ շերտերի կողմից:

Հայաստանում ազգային շահը գիտակցող իշխանության ձևավորումից հետո հարկավոր է հսկայական աշխատանք տանել Ռուսաստանում՝ վերականգնելու հյուսիսային կայսրության հետ մեր դաշնակցային հարաբերությունները և մեկընդմիշտ հրաժեշտ տալու Հայաստանը որպես կայսրության ծայրագավառ դիտարկելու միտումներին: Առավել հստակեցման կարիք ունեն նաև մեր հարաբերությունները Եվրոպական կայսրության հետ՝ կրկին վերազգային մի կառույց, որին Հայաստանում հետաքրքրում է հիմնականում ընդերքը:

Հայաստանյան հանրության մեջ եղած դիսկուրսը՝ «Եվրոպա, թե Ռուսաստան (Եվրասիա)», իրականում արհեստական է, որը զարգանում է կուրղինյանատիպ քաղաքագետների արտահայտած մտքերով և ցանկությամբ: «Եվրոպա, թե Ռուսաստան» հարցման մեջ երկընտրանք չկա, դրանք երկուսն էլ տանում են դեպի կայսրության մաս կազմելուն: Մեր պատասխանը ոչ թե ինտեգրացիան պետք է լինի, ինչը կայսրությանը հատուկ երևույթ է, այլ համագործակցությունը, այդ թվում՝ ռազմավարական, ինչը իրեն հարգող պետության նորմալ վարքագիծն է այլ սուբյեկտների հետ փոխհարաբերություններում: Բավականին բարդ գործընթաց, որն այժմեական էլիտաների պայմաններում գրեթե անհնարին է:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում