Գլխավոր Լրահոս

Պատերազմ կամ ճանաչում

Օրերս հայաստանյան կարծիք ձևավորողների մի պատվիրակությամբ այցելել էինք Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ տարբեր բաժինների պատասխանատուները, ինչպես նաև ՆԱՏՕ-ում հայկական առաքելության բավական կոմպետենտ ռազմական ներկայացուցիչը և դիվանագետները մեզ ներկայացրին Հյուսիսատլանտյան դաշինքին մտահոգող հարցեր և ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող խնդիրներ:

Ինձ առավելապես մտահոգում էին հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ՆԱՏՕ-ի պաշտոնյաների պատկերացումները:
Ղարաբաղյան կարգավորման հետ կապված մոտեցումները զուտ դիվանագիտական են՝ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին հակամարտության լուծմանն աջակցող իր գործունեության մեջ և ռազմական ճանապարհով հարցի լուծումը համարում անթույլատրելի:
Սակայն պարզվում է՝ ՆԱՏՕ-ն նաև անուղղակի է աջակցում խնդրի լուծմանը: Գործընկեր երկրների հանդիպումների ընթացքում, օրինակ, միասին սուրճ խմելու հնարավորություն է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Սաֆար Աբիևի համար:

Իրականում Արցախի հարցով միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն, հիմնականում զբաղված է Հայաստանի և Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների համար համատեղ «սուրճ խմելու» հնարավորություններ ստեղծելով: Շատ հաճախ նվազագույն իսկ պատկերացում չկա Արցախի՝ հակամարտության երեք կողմերից մեկի մասին: Սա այնուամենայնիվ ոչ թե արդյունք է անտեղյակության, այլ ավելի քան երկու տասնամյակ առաջ մշակված դիրքորոշման: 1991թ. դեկտեմբերի 16-ին Եվրոպական ընկերակցության (ներկայիս Եվրամիությունը) բարձրագույն մարմինը՝ Եվրոպական խորհուրդը, ընդունեց հռչակագիր, որով սահմանվում էր Արևելյան Եվրոպայում և ԽՍՀՄ տարածքում նոր պետությունների ճանաչման ուղեցույցը: Համաձայն դրա՝ քաղաքական որոշում կայացվեց ճանաչել միայն ԽՍՀՄ անդամ միութենական հանրապետություններին և ձեռնպահ մնալ ինքնավար միավորումների ճանաչումից:

Այս մոտեցումը քսաներկու տարի անց արդեն զգալիորեն հնացած է և չի համապատասխանում միջազգային անվտանգության ապահովման պահանջներին: Արցախի հարցում երկու լուծում կարող է լինել՝ պատերազմ կամ ճանաչում: Սուրճ խմելով նման հարցերը չեն լուծում, ինչքան էլ բաժակ նայողը պրոֆեսիոնալ ու հեղինակավոր լինի:

Հրապարակային հայտարարություններում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, տարբեր երկրների պաշտոնյաները Արցախի հարցի լուծումը ռազմական ճանապարհով համարում են անթույլատրելի: Հետևաբար՝ լուծման մեկ տարբերակ է մնում՝ Արցախի Հանրապետության ճանաչումը: Այլ տարբերակները հակամարտության ձգձգման համատեքստի մեջ են:

Վերջերս Լիտվայի խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը հույսեր է ներշնչում, որ խորհրդարանական կապերի զարգացումը կկոտրի Արցախի ճանաչման հարցում եղած սառույցը: Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ խորհրդարանական համագործակցության ներուժը բավական մեծ է, և օգտագործվում է դրա ընդամենը չնչին մասը, նախաձեռնողն էլ որպես կանոն Արցախը չէ: Արցախի Հանրապետությունը, հատկապես ԱԳՆ-ն և ԱԺ-ն, հսկայական անելիք ունեն տարբեր երկրների խորհրդարաններում Արցախի հետ բարեկամության խմբերի ստեղծման գործում, ինչպես նաև «պատերազմի այլընտրանքը ճանաչումն է» բանաձևն ընդունելի դարձնելու համար:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում