Համաշխարհային բանկը դեպի նվազում է վերանայել 2013թ. գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը: Հունիսի 12-ին հրապարակված «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» (Global Economic Prospects) զեկույցում 2013-ի համար ՀԲ-ն համաշխարհային տնտեսության 2,2% աճ է կանխատեսել՝ հունվարյան 2,4% կանխատեսման, և 2012թ.՝ 2,3% ցուցանիշի համեմատ: ՀԲ փորձագետները կանխատեսման վերանայումը պայմանավորել են զարգացող շուկաների, այդ թվում՝ Չինաստանի, Բրազիլիայի և Հնդկաստանի, ինչպես նաև Եվրոպայի տնտեսական հեռանկարների վատթարացմամբ: Հայաստանի մասով ՀԲ սպասումները շատ ավելի լավատեսական են. բանկը ընթացիկ տարում ակնկալում է 5% աճ, հունվարյան կանխատեսումը բարձրացվել է 0,7%-ով։ Տնտեսական աճի 5% ցուցանիշն անփոփոխ կմնա նաև առաջիկա երկու տարիներին։
ՀԲ փորձագետների կարծիքով՝ գլոբալ տնտեսության աճը հետճգնաժամային շրջանում առավել դանդաղ կլինի, սակայն՝ պակաս անկայուն։ Բացի այդ՝ զարգացող երկրները պետք է հարմարվեն հումքի ավելի ցածր գներին՝ կրճատվող պահանջարկի ֆոնի վրա։ «Ընթացիկ տարվա վիճակագրական տվյալները վկայում են, որ գլոբալ տնտեսությունը դանդաղ տեմպերով, սակայն վերականգնվում է: Մյուս կողմից՝ աճը շարունակում է մնալ անվստահ և անկայուն»,- ասվում է զեկույցում:
2014թ. համար գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը ՀԲ մասնագետները նվազեցրել են մինչև 3%՝ հունվարյան 3,1%-ի համեմատ։ 2015թ. տեմպը մի փոքր կարագանա՝ մինչև 3,3%։
Զարգացող շուկաներում ընթացիկ տարվա համար ՀԲ-ն ակնկալում է 5,1% աճ՝ հունվարյան 5,5%-ի համեմատ։ 2014թ. այս շուկաներում աճի տեմպերը կարագանան մինչև 5,6%, 2015թ.՝ մինչև 5,7%:
Եվրոգոտում սպասումները շատ ավելի հոռետեսական են. 2013թ. տարածաշրջանում ՀԲ-ն ՀՆԱ 0,6% կրճատում է ակնկալում, հունվարյան 0,1% անկում կանխատեսման համեմատ: Աճն այստեղ կվերականգնվի միայն 2014թ.՝ մինչև 0,9%։
ՀԲ-ն բարձրացրել է ԱՄՆ տնտեսական աճի կանխատեսումը. ընթացիկ տարվա համար մինչև 2%՝ հունվարյան 1,9%-ի համեմատ։ ՀԲ-ն լավատեսորեն է նայում նաև Ճապոնիայի տնտեսական հեռանակարներին. 2013թ. այստեղ ՀՆԱ աճը կկազմի 1,4%՝ հունվարյան 0,8% կանխատեսման դիմաց։
Ընթացիկ տարվա համար ՀԲ-ն 1,1 տոկոսային կետով նվազեցրել է ԱՊՀ երկրների տնտեսական աճի կանխատեսումը՝ մինչև 2,6%։ Հունվարյան կանխատեսումը 3,7% էր։ Գնահատումների նվազեցման պատճառ է դարձել Ռուսաստանի տնտեսական հեռանկարների վատթարացումը։ Ըստ ՀԲ մասնագետների՝ 2013-ին տնտեսական աճը Ռուսաստանում կկազմի 2,3%. հունվարին բանկը կանխատեսում էր 3,6% տնտեսական աճ։
Ուշագրավ է, որ Հայաստանի առևտրատնտեսական հիմնական գործընկերներ Ռուսաստանում և ԵՄ-ում տնտեսական հեռանկարների վատթարացման ֆոնին ՀԲ մասնագետները լավատես են Հայաստանի պարագայում։ Հունիսյան զեկույցում ՀԲ-ն Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է 0,7%-ով. ընթացիկ տարում ակնկալվում է 5% աճ։ Առաջիկա երկու տարիներին ևս ցուցանիշը անփոփոխ կմնա՝ 5%։ Նախորդ՝ հունվարյան կանխատեսման մեջ 2014-2015 թթ. համար բանկը կանխատեսել էր 4,4% տնտեսական աճ։
Civilnet











