Անվտանգության համակարգեր ընտրելը երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն ակտերից է: Երջանիկ են այն երկրները, որոնց առջև նման ընտրության խնդիր չկա: Ես պրագմատիկ տեսնակյունից եմ գնահատում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները և Ռուսաստանի դերը ՀՀ անվտանգության համար: Ցավոք, վերջին տարիներին ռազմավարական հարաբերություններին փոխարինելու է գալիս կայսրություն-ֆորտպոստ ձևաչափը, ինչն արմատացած է ռուսական քաղաքական էլիտայի շատ ներկայացուցիչների գիտակցության մեջ և ինչի ձևավորման գործում մեծ մեղք ունեն հայկական քաղաքական էլիտայի այն ներկայացուցիչները, որոնք երկու դաշնակիցների հարաբերությունները ներկայացնում են կենացաղային մակարդակով՝ Ռուսաստանին վերագրելով փրկչի, մեծ եղբոր դեր: Սա ամենամեծ հարվածն է, որ կարելի է հասցնել երկու սուվերեն պետությունների դաշինքին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն կոչվածն բավական ամորֆ մարմին է, որն իրականում բաղկացած է Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Բելառուս, Ռուսաստան-Կենտրոնական Ասիայի երկրներ ֆորմատներից և բավարար չափով ինտեգրված չէ: Կազմակերպությունը դեռևս չի գտել միավորիչ գաղափար և անդամ երկրների հասարակություններին քիչ ծանոթ է:
Այլ է պատկերը ՆԱՏՕ-ի դեպքում: Այս կազմակերպության նկատմամբ նույնպես պատրանքներ չունեմ, շատ հաճախ այն ներգրավում է իմպերիալիստական շահեր սպասարկող գործողություններում՝ ոչնչացնելով կենսունակ համակարգեր: Որպես վերջին դեպք կարելի է նշել ՆԱՏՕ-ի մասնակցությունը լիբիական դեպքերին:
Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն բավական աշխատանք է տանում տարբեր հասարակությունների համար ընկալելի դառնալու, գործընկերության հաջող մեխանիզմներ է առաջարկում բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանին և Հայաստանին, ռազմական գործողությունների սահմանափակման և խաղաղապահության կրճատման հետ մեկտեղ մտածում է զարգացնել արտակարգ իրավիճակների արձագանքումը, զբաղվում գիտության ֆինանսավորմամբ, մեծացնում կրթական, ուսուցողական ծրագրերի ծավալը:
2009թ. ՀԱՊԿ տեղեկատվական աջակցման երևանյան կենտրոնն ինձ առաջարկեց ՀԱՊԿ վերաբերյալ եռամսյա դասընթաց անցնել Մոսկվայում՝ ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիայում: Կմասնակցեի, սակայն, կար էական խոչընդոտ, եռամսյա դասընթացների ծախսերը կազմում էին 700 հազ. ռուբլի՝ մոտ 9 միլիոն դրամ: Նման գումար ես չունեի և պատրաստ էլ չէի երեք ամսվա դասընթացի համար նման գումար ծախսել:
Իսկ ՆԱՏՕ բազմաթիվ ամառային դպրոցներ, ճանաչողական այցեր և այլ դասըթնացներ է կազմակերպում լայն շրջանակների համար: Եվ գրեթե ամեն ինչ անվճար:
Սա նույնպես խոսում է երկու դաշինքների միջև եղած էական տարբերության մասին: Մեկը օգտագործելով իր բրենդը՝ փող է աշխատում, մյուսը փող է ծախսում՝ իր բրենդը ճանաչված պահելու համար:
Մեզ մնում է կատարելագործել մեր բրենդը՝ Հայկական բանակը՝ համագործակցելով տարբեր անվտանգության համակարգերի և պետությունների հետ, վերցնելով օգտակարն ու արդյունավետը և ակտիվ պահելով բանակի նկատմամբ հասարակական ուշադրությունը: Պատմությունը դաժան դաստիարակ է, որ մեզ մի խորհուրդ է թողել՝ անվտանգության լավագույն համակարգը սեփական հզոր զինված ուժերն են:
Հայկ Խանումյան










