Գլխավոր Լրահոս

Ինչպես Սփյուռքին բերել հայրենիք

Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում ՀՀ անկախության հաստատումից ի վեր ձևավորվել են մի շարք պատկերացումներ, որոնք այսօր խանգարում են այդ հարաբերությունների զարգացմանը: Ամենամեծ ազդեցությունն ունենում է «աղքատ բարեկամի» կերպարը, որը հաճախ ունի Հայրենիքը Սփյուռքի աչքերում: Նույնիսկ խորհրդային տարիներին, Հայաստանը, լինելով Մոսկվայի ենթակայության ներքո, հայապահպանական բազմաթիվ ծրագրեր էր իրականացնում, ինչն արտահայտվում էր կրթական ծրագրերի առկայությամբ, դասագրքերի առաքմամբ, հայկական բուհերում Սփյուռքից եկածների համար տեղերի հատկացմամբ, սփյուռքահայ դպրոցականներին ամառային ճամբարներ ներգրավելով, մշակութային գործիչներին և խմբերին Սփյուռք գործուղելով: Անկախության շրջանում վիճակն ամբողջապես փոխվեց, նորանկախ Հայաստանը Սփյուռքին մեկնեց ողորմություն խնդրողի ձեռքը, Սփյուռքից եկած ուսանողներին համարեց արտասահմանցի և նրանց համար բարձր գներ սահմանեց հայկական բուհերում, գրեթե ամբողջությամբ դադարեցրեց Սփյուռքի հայկական դպրոցների հետ աշխատանքն ու սփյուռքահայ երեխաների հանգստի կազմակերպումը հայրենիքում:

Սփյուռքի նախարարության ստեղծումից հետո փորձեր արվեցին ինչ-որ ծրագրեր իրականացնել, սակայն դրանց արդյունքներն այնքան էլ շոշափելի չեն: Նույնիսկ ոչնչացման վտանգի առջև կանգնած մեր հայրենակիցներին մենք ի վիճակի չենք համապատասխան աջակցություն ցույց տալ:

Մյուս կարևոր պատկերացումը, որը խոչընդոտում է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացումը, Հայաստանում առկա կոռումպացված և անարդյունավետ իշխանություններն են: Հայրենիքում անարդարության աճը բերում է նաև բացասական ինֆորմացիայի, հատկապես երբ անարդարությունից տուժում են սփյուռքահայ գործարարները: Սա իր արտացոլումն է գտնում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների քարտեզում: Սփյուռքի մեր հայրենակիցները լավ ներդրողներ կամ ներդրում ուղղորդողներ են, սակայն այդ հսկայական ներուժը չի օգտագործվում ՀՀ-ում առկա մթնոլորտի պատճառով:

Նման պայմաններում Սփյուռքին այլ բան չի մնում, քան պարփակվել սեփական պատյանում, ուժեղացնել համայնքային կառույցները և միավորվել Ցեղասպանության ճանաչման կամ ժխտողականության դեմ պայքարի շուրջ: Անկախ Հայաստանի գոյության պայմաններում Հայրենիքի գաղափարն ավելի հեռու է, քան խորհրդային տարիներին էր:

Հայաստանում նոր որակի իշխանությունների ձևավորումից հետո Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է դառնա կարևորագույն խնդիրներից մեկը: Այս պարագայում Հայրենիքը պետք է հանդես գա ոչ թե ուզողի, այլ տվողի դերում: Սփյուռքին պետք է առաջարկվեն բազմաթիվ կրթական, մշակութային ծրագրեր, առնվազն խորհրդային տարիների ծավալով: Սփյուռքը ոչ թե նվիրատվությունների աղբյուր է, այլ հզորագույն մարդկային ռեսուրս՝ հարստացած տարբեր քաղաքակրթական բաղադրիչներով, սոցիալական խոշոր կապիտալով: Սփյուռքի մեջ Հայրենիքին նախևառաջ պետք է մարդը հետաքրքրի, մարդկային կապիտալը, որի կարիքը հայրենիքը հատկապես ունի:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում