Հայ-ռուսական հարաբերությունները մեր երկրի ամենաբարդ հարաբերություններն են, չնայած դրա մասին հայաստանյան որոշում ընդունողները կարծես չեն գիտակցում: Միգուցե հենց դա է պատճառը, որը Մոսկվայում միշտ դեսպան են նշանակվել ոչ կարևոր անձինք, որոնք առավելապես արարողակարգային նշանակություն ունեն: Ռուսաստանում հետաքրքիր դեր ունեն հայկական լոբբիստական կազմակերպությունները, որոնք ավելի ու ավելի են վերածվում հայության շահերի դեմ ուղղված ռուսական գործակալական ցանցերի: Այդ կազմակերպություններն ուղղակի օգտագործվում են Մոսկվայի կողմից որպես ՀՀ-ի նկատմամբ վարվող քաղաքականության արդարացնողներ կամ լավագույն դեպքում հակահայկական քայլերին չարձագանքողներ:
Ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ էլ հայկական լոբբինգային կազմակերպություններն ի վիճակի չեն որևէ բան փոխել Ռուսաստանի հակահայկական քայլերի մեջ:
Սա առավել ակնհայտ է դառնում Ադրբեջանին ռուսական զենքի հերթական խմբաքանակի վաճառքի պայմաններում: ՀՀ իշխանություններն այս փաստին ընդամենը արձագանքում են կառավարությանը պատկանող հերթական ակտիվը ռուսներին օտարելու ձևով: Այս երկու լուրի համադրությունը պարզ ցույց է տալիս, թե ինչն է հետաքրքրում ռուսներին. Հայաստանում նրանք տեր են կանգնում ենթակառուցվածքներին, եկամտաբեր ձեռնարկություններին, իսկ Ադրբեջանը զենքի վաճառքի շուկա է: Պարզ կայսերական մոտեցում կայսրության նախկին տարածքների նկատմամբ:
Ինչ վերաբերում է ռազմավարական գործընկերությանը: Այստեղ պետք է հստակ գիտակցել, որ սահմանափակ սուվերենությամբ երկրի և գերտերության միջև ռազմավարական համագործակցություն չի լինում, լինում է ենթակայություն: Հայաստանը սահմանափակել է իր սուվերենությունը՝ երկրի կարևորագույն տնտեսական օբյեկտները օտարելով: Ցավալի է, որ ակտիվների մի մասն ուղղակի հանձնվել է գազի գնի բարձրացումն ընդամենը մի քանի տարով հետաձգելու համար:
Ռուսաստանն ազատ է ՀՀ-ի նկատմամբ վարվել այնպես, ինչպես ցանկանում է՝ անկախ ՀՀ-ի հետ կնքած պայմանագրերի, ընդհանուր ռազմաքաղաքական դաշինքում գտնվելու փաստի և այլ հանգամանքների: Նման ազատություն Ռուսաստանին տվել են հայության տարբեր շերտեր. ՀՀ իշխանությունները վերոնշյալ վարքագծով, հայաստանյան ընդդիմությունը՝ Մոսկվային ռևերանսներ անելով և տեղի-անտեղի Մոսկվա գնալ-գալով, ռուսահայ համայնքը, հայ քաղաքական-վերլուծական միտքը՝ բաժակաճառերի մակարդակի մոտեցումներով: Նման դեպքում չօգտվել «դաշնակցի» շահերին հակասող զենքի վաճառքի ազատությունից, ուղղակի անմտություն է, տրամաբանության մեջ չտեղավորվող արարք:
Չեն կարող գոյություն ունենալ ռազմավարական հարաբերություններ, եթե դաշնակից կողմերից մեկը զինում է մյուս կողմի համար թշնամի համարվող երկրին:
Ռուսաստանին մեղադրելն այս պարագայում զգացմունքային դաշտի մեջ է: Նման իրավիճակը մեր վարած քաղաքականության արտացոլումն է: Արտաքին քաղաքական և տնտեսական ձախողման ավելի մեծ ապացույց, քան դաշնակցի կողմից «քցված» լինելը, չի կարող լինել: Սակայն սա դեռ ամենացավալին չէ: Սարսափելին այն է, որ նման ճակատագիր մեզ սպասվում է այլ երկրների հետ հարաբերություններում ևս:
Հայկ Խանումյան










