Գլխավոր Լրահոս

Քարվաճառի ճանապարհը և Ստեփանակերտի օդակայանը

Հայ-ադրբեջանական բանակցություններում կարևոր հաղթաթղթերից մեկը Արցախում վերաբնակեցման իրականացնումն էր, որը, չնայած բազմաթիվ խնդիրներին և սխալներին, տեղի է ունեցել հետպատերազմյա շրջանում: Սակայն զարմանալիորեն 2007-2008 թվականներից սկսած՝ վերաբնակեցման ծրագրերը դադարեցվում են: Ընդհանրապես միջնորդները, միջազգային վերլուծական կենտրոնները միշտ խորհուրդ են տվել հայկական կողմերին զերծ մնալ նախկին ԼՂԻՄ տարածքի մեջ չմտած շրջաններում տների կառուցումից և ենթակառուցվածքների ստեղծումից: Սակայն Արցախում միջազգային հանրությանը չլսելու օրինակելի փորձ կա, որն էլ օգնում էր վերաբնակեցմանը, գոնե Քաշաթաղի և Նոր Շահումյանի շրջաններում քիչ թե շատ կենսունակ համայնքների ստեղծմանը: Վերաբնակեցման ծրագիրը կարևոր հաղթաթուղթ էր, որը, չգիտես ինչու, դրվել է մի կողմ:

Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված ադրբեջանական հիստերիան, շանտաժը և սպառնալիքները հավանաբար հայաստանյան ղեկավար այրերին հուշել են հաղթաթղթերի անհրաժեշտության մասին: Պատրանքները, որ հակառակորդը կհասկանա հայկական կողմի զիջումները, չարդարացան, և չնայած բավական ծանրակշիռ խոստումներին՝ Երևանից Ստեփանակերտ կամ հակառակ ուղղությամբ ոչ մի ինքնաթիռ էլ չթռավ:

Այս դեպքում որպես հաղթաթուղթ կարող է օգտագործվել Նոր Շահումյանով անցնող և ՀՀ-ն ԼՂՀ-ին միացնող երկրորդ ցամաքային ճանապարհի շինարարությունը: Թույլ չեք տալիս օգտագործել օդային կապը, մենք էլ նոր ցամաքային ճանապարհ կկառուցենք: Նամանավանդ որ այդ ճանապարհը թույլ կտա ավելի արդյունավետ արդյունահանել Արցախի ընդերքը, որի մեջ բաժին ունեն նաև ՀՀ բարձրաստիճան իշխանավորների հարազատները:

Նոր Շահումյանի շրջանով անցնող ճանապարհը շատ կարևոր է, և ամոթ է նույնիսկ, որ ռազմական գործողությունների ավարտից երկու տասնամյակ անց ենք հիշել դրա մասին: Սակայն ցավալին այն է, որ կարևորագույն ծրագրերի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ հակառակորդը ցույց է տալիս, որ պատրաստ չէ անգամ նվազագույն զիջումների և միշտ բարձր նոտայի վրա է պահելու ռազմական հռետորաբանությունը:

Ժամանակն է պահեստներից հանել մյուս հաղթաթղթերը նույնպես՝ ինտենսիվ ձևով վերսկսել Արցախի թերբնակեցված շրջանների բնակեցումը, այնտեղ ենթակառուցվածքների ստեղծումը, բնակավայրերը նոր ճանապարհներով ՀՀ հարևան մարզերի հետ կապելը: Միայն այս ձևով է հնարավոր հակառակորդին դարձնել քիչ ագրեսիվ և կառուցողական: Մնացածը հեքիաթների ժողովածուից է, որին աշխարհում ոչ ոք չի հավատում՝ բացի Արցախի հարցում պարտվողական դիրքորոշում որդեգրած ՀՀ իշխանություններից:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում