Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը բերել է նրան, որ երկրի իշխանությունները հնարավոր կոլապսը կանխելու համար քաջալերում են արտագաղթը: Դա իշխանավորները կոչում են աշխատուժի արտահանում, աշխատանքային ծառայությունների մատուցում և այլն: Արտագաղթածները, աշխատանք գտնելով արտերկրում, որպես կանոն սկսում են գումար ուղարկել Հայաստանում մնացած իրենց հարազատներին, որոնք էլ այդ գումարի մեծ մասն օգտագործում են օլիգարխիայի կողմից ներկրվող ապրանքներ գնելու, հարկեր և վճարներ մուծելու, արտարժույթից դրամի վերածելու համար: Համառոտ այսպես կարելի է նկարագրել Հայաստանի տնտեսական վիճակը և իշխանությունը պահելու համար գործող ռեժիմի կատարած քայլերը:
Աշխարհում կան երկրներ, որոնք կազմակերպում են աշխատուժի արտահանում: Սակայն այն, ինչ տեղի է ունենում հայկական տարբերակում, բոլորովին էլ աշխատուժի արտահանում չէ, այլ ուղղակի արտագաղթ: Դեռ համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկզբին ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը Հայաստանի կառավարությանն առաջարկեց պետական միջոցներով կամ մասնավոր հայկական դրամագլուխ/կապիտալ ներգրավելով մեծ շինարարական կազմակերպություն ստեղծել, որն օրինակ՝ Ռուսաստանում կունենար շինպատվերներ, արդյունավետ ձևով կկազմակերպեր աշխատողների մասնակցությունն այդ աշխատանքներին, կունենար շինարարական ոլորտին առնչվող արտադրություններ և այլն: Այն, ինչ առաջարկում էր Աղանբեկյանը, իրոք աշխատուժի արտահանում էր՝ կազմակերպված և արդյունավետ: Նման դեպքում Հայաստանից արտերկիր աշխատանքի մեկնողը կգնար հստակ ժամկետով և հստակ աշխատանքի առկայության դեպքում, կլիներ պաշտպանված, զերծ կմնար տարբեր խաբեբաների հետ առնչություններից և հնարավոր շահագործումից: Արտերկրում աշխատող հայկական շինարարական կազմակերպությունը կավելացներ համախառն ազգային արդյունքը:
Սահմանափակ մարդկային ռեսուրսներով երկրի համար սա նույնպես ողջունելի տարբերակ չէ, սակայն ավելի նախընտրելի է, քան անկանոն արտագաղթը, երբ գնացածների վերադարձը երաշխավորված չէ:
Հայաստանի կառավարության նման վարվելակերպը բոլորովին էլ զարմանալի չէ: Կառավարությունում են հայտնվել մարդիկ, որոնք ի վիճակի չեն համակարգաստեղծ գործունեությամբ զբաղվել, աշխարհի տարբեր համալսարաններում նրանց սովորած անգլերենի մակարդակը, ինչպես նաև տնտեսության մասին ստացած պատկերացումները թույլ են տալիս միայն կատարել միջազգային տարբեր կառույցների խորհուրդները կամ էլ ենթարկվել հյուսիսային դաշնակցի պահանջներին, ինչի արդյունքում հայկական տնտեսության կարևոր ճյուղերն աստիճանաբար հայտնվում են օտարի ձեռքերում:
Քանի դեռ այս ապաշնորհ կառավարիչները չեն հեռացվել իշխանությունից, պետք չէ որևէ հույս ունենալ արտագաղթի նվազման կամ դադարեցման վերաբերյալ: Մի պարզ պատճառով, որ նրանց իշխանության պահպանումը ռեժիմի ներկայացուցիչները տեսնում են միայն արտագաղթը խրախուսելու ձևով:
(Լուսանկարը՝ Ֆոտոլուրի)
Հայկ Խանումյան











