Գլխավոր Լրահոս

Ապակենտրոնացում՝ հանուն գյուղի

Արցախ ժամանող ուշադիր այցելուն կարող է նկատել գյուղական վայրերի և մայրաքաղաքի միջև եղած հսկայական տարբերությունը: Փոքրիկ գյուղական համայնքները կանգնած են ենթակառուցվածքների թերզարգացած լինելու, տնտեսական ակտիվության բացակայության, կառավարման անարդյունավետության և այլ խնդիրների առջև: Թերբնակեցված շրջաններում այս ամենին կարելի է ավելացնել նաև բնակֆոնդի խրոնիկ պակասի խնդիրը. կենսական հարց Արցախի համար, ինչը խոչընդոտում է վերոնշյալ շրջաններում բնակչության աճը: Արցախի կառավարությունը չնչին ջանքեր է գործադրում այս խնդիրների լուծման ուղղությամբ՝ փորձելով դրա համար ներգրավել հիմնականում բարեգործական միջոցներ:

Իմ կարծիքով խնդիրների չլուծվածության հիմնական պատճառը կառավարման կենտրոնացվածության բարձր աստիճանն է: Արցախի համայնքների զարգացման համար խոչընդոտ են ներկայացնում շրջանային վարչակազմերը, որոնց ղեկավարների պաշտոնները, չնչին բացառությամբ, տրվում են ոստիկանության, ԱԱԾ-ի և բանակի բարձրաստիճան ծառայողների, որոնք հանրային կառավարման բնագավառում չունեն տարրական գիտելիքներ, հիմնականում առաջնորդվում են շրջանում համընդհանուր հսկողություն սահմանելու սկզբունքով, ունեն ավտորիտար հակումներ, լուրջ խնդիր են ներկայացնում շրջանների նախաձեռնող, ակտիվ և ստեղծագործ անձանց համար: Նույնիսկ Արցախի ինքնաբավ համայնքները, որոնց թիվն այնքան էլ մեծ չէ, զրկված են լրացուցիչ ֆինանսական մուտքերն ինքնուրույն տիրապետելու հնարավորությունից: Այս պարագայում տեղական ինքնակառավարման մարմինները դառնում են ձևական՝ զրկվելով համայնքի խնդիրները լուծելու լիազորություններից:

Գյուղական համայնքների զարգացման համաշխարհային փորձը մեզ տալիս է մի շարք գեղեցիկ օրինակներ գյուղական աղքատության հաղթահարման, գյուղական համայնքների զարգացման պատմությունից: Գնալով ապակենտրոնացման և մեծ տեղ տալով տեղական իշխանություններին, ինչպես նաև նրանց պատվիրակելով որոշակի լիազորություններ՝ տարբեր երկրների կառավարություններ թեթևացրել են իրենց հոգսերը և թույլ տվել համայնքներին ակտիվորեն զարգանալ: Փոքր-ինչ սեփական եկամուտների վրա հենվելով՝ այս համայնքները կարողացել են մտածել զարգանալու մասին և նոր հեռանկարներ են նշմարել իրենց համայնքի զարգացման համար:

Ֆրանսիական Կառոս փոքրիկ քաղաքը, որը 1950-ականներին ուներ ընդամենը 600 բնակիչ ու աղքատ մի համայնք էր, հիսուն տարի անց բնակչությունը հասցնում է ավելի քան տասը հազարի և դառնում Ֆրանսիայի ամենաբարեկեցիկ համայնքներից մեկը: Դա տեղի է ունենում ճիշտ կառավարման, տեղական հարկերի ճիշտ կիրառման և համայնքի գրավչությունը բարձրացնելու շնորհիվ: Արդյունքում այս հաջողակ համայնքի բնակիչները կարող են հպարտանալ իրենց բարեկեցությամբ: Համայնքի տարբեր ոլորտների զարգացման գործում կարևոր դեր խաղացին նաև ակտիվ ու ստեղծագործ բնակիչները, որոնք ստեղծեցին սեփական արվեստանոցները, կազմակերպեցին միջազգային նշանակություն ունեցող մշակութային միջոցառումներ՝ իրենց բնակավայրը հրապուրիչ դարձնելով արվեստի սիրահարների և զբոսաշրջիկների համար:

Բազմաթիվ գաղափարներ և նախաձեռնող անձինք կան նաև արցախյան համայնքներում: Կառավարությունը պետք է սկզբունքային որոշում կայացնի և գնա առավելագույն ապակենտրոնացման՝ մեծացնելով ինքնակառավարման դերը և սահմանափակելով պետական կառավարման մարմինները, հատկապես ֆինանսական հարցերում: Այս դեպքում համայնքի սրտացավ ղեկավարի և ավագանու առկայության դեպքում բնակիչների գեղեցիկ գաղափարներն աստիճանաբար իրականություն կդառնան՝ բարեկեցություն պարգևելով արցախցի գյուղացուն:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում