Գլխավոր Լրահոս

Շևարդնաձեի ճակատագրին երանի տալիս

Շևարդնաձեի ճակատագրին երանի տալիս

Արևմուտքն ու Ռուսաստանը հաճախ էին դժգոհում Շևարդնաձեից խոստումները չպահելու, բացահայտ խաբելու համար:

Հետխորհրդային գործիչների մոտ շատ հաճախ պարզ պատկերացումներ կան քաղաքականության, դիվանագիտության մասին: Այդպիսի պատկերացումներ կան հատկապես հետխորհդային փոքր երկրների քաղաքական գործիչների մոտ, որոնք ժամանակին աշխատել են համակարգում: Ժամանակին՝ ԽՍՀՄ գոյության տարիներին, քաղաքական գործիչների/կուսակցական ֆունկցիոներների գործն ավելի հեշտ էր՝ մարդիկ փորձում էին նրանց հարմարվել: Սովորական երևույթ է՝ միշտ էլ փորձում են ուժեղի խաղի կանոններին հարմարվել, նույնիսկ եթե ուժեղն անընդհատ խաբում է:

Էդուարդ Շևարդնաձեի օրինակն այս առումով հատկանշական է: Դիվանագիտական կասկածելի կարողություններ ունեցող ԽՍՀՄ նախկին արտգործնախարարը կարող էր հաջողություններ գրանցել տարբեր երկրների հետ հարաբերություններում միայն այն հանգամանքի շնորհիվ, որ ԽՍՀՄ արտգործնախարարն էր: Հետխորհրդային Վրաստանի նախագահը դառնալուց հետո Շևարդնաձեն փորձեց նույն ոգով աշխատել աշխարհի հետ: Արևմուտքն ու Ռուսաստանը հաճախ էին դժգոհում նրանից խոստումները չպահելու, բացահայտ խաբելու համար: Նման գործելաոճը տվեց իր «արդյունքները». Սաակաշվիլիի գլխավորած ժողովրդական ալիքը ստիպեց նախագահին հրաժարական տալ, և ոչ ոք չփորձեց պաշտպանել Շևարդնաձեին, բոլորն այնքան էին հոգնել նրանից:

Հարևան երկրի նախկին նախագահի ճանապարհով է գնում ՀՀ ներկայիս նախագահը: Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, տարբեր հայտարարությունները, Եվրասիական միության և Եվրամիության միջև դեգերումները փաստում են, որ ՀՀ նախագահը/ իշխող վերնախավը չեն պատկերացնում քաղաքականության լրջությունը: Մե՛կ ռուսներին ինչ-որ խոստումներ տալով, մեկ Եվրոպային ռևերանսներ անելով, հանրությանդ անընդհատ խաբելով և արհամարհելով՝ իշխանությունը երկար պահել չես կարող:

Համաշխարհային դերակատարների միջև մանևրելու միակ տարբերակը ուժեղ հասարակություն ունենալն է, որը կարող է իրականում ընտրել որոշում ընդունողներին և վերջիններիս պատասխանատու դարձնել: Այդպիսի հասարակության ոչնչացումը, ինչին հասել են Սերժ Սարգսյանն ու նրա թիմը, ճակատագրական նշանակություն կարող է ունենալ հենց իրենց համար, քանզի միայնակ են տարբեր պարտադրանքների և մարտահրավերների համար: Դրա համար էլ գազի թանկացման մասին հանրությունն իմանում է փաստից մեկ տարի անց, և զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանը, օրինակ, ամիսներ առաջ համաձայնել է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը:

Նման գործունեության ավարտը Վրաստանում բերեց Շևարդնաձեի թոշակի գնալուն: Արդյո՞ք Սերժ Սարգսյանին նույն ճակատագիրն է սպառնում: Վախենամ՝ ոչ, և իշխանություններին պատժելու փոխարեն հանգամանքները պատժեն Հայաստանի Հանրապետությանը: Ամեն ինչ ծախելու պատրաստ իշխանությունների, թուլացած ու բարոյալքված հասարակության դեպքում սա ամենահնարավոր սցենարն է:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում