Հայաստանը Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության և Քորնելիի համալսարանի «Ինովացիաների գլոբալ ինդեքս 2013»-ում 142 երկրների շարքում 37,5 միավորով զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը՝ նախորդ վարկանիշի համեմատ իր դիրքերը բարելավալեով 10 հորիզոնականով: Նախորդ ինդեքսում Հայսատանը 69-րդն էր՝ 33 միավորով: Ինդեքսը, ինչպես անցած տարի, այս անգամ ևս գլխավորում է Շվեյցարիան՝ 66,59 միավորով: Զեկույցի հեղինակները նշում են, որ ինովացիոն ոլորտը շարունակում է զարգանալ՝ չնայած տնտեսական ճգնաժամին:
Երկրների մեծ մասում գիտահետազոտական և փորձարարական ծախսերը գերազանցել են 2008թ. ցուցանիշները:
Երկրները գնահատվել են 84 ցուցանիշի հիման վրա, այդ թվում՝ խոշոր համալսարաններում կրթության որակի, ինչպես նաև միկրոֆինանսավորման մատչումի մակարդակի: Ընդ որում՝ գնահատվել է ոչ միայն տվյալ երկրի ինովացիոն ներուժը, այլև չափելի արդյունքները:
Ինդեքսի լավագույն տասնյակում են նաև Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան, Հոնկոնգը, Սինգապուրը, Դանիան և Իռլանդիան: Վրաստանի դիրքերը ինդեքսում անփոփոխ են. ինչպես անցած տարի, այս անգամ ևս նա զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը: Ադրբեջանը զգալի նահանջ է արձանագրել. եթե անցած տարի նա 88-րդ տեղում էր, այս տարի զբաղեցրել է 105-րդ հորիզնականը: Իրանը ևս նահանջել է ինդեքսում՝ զբաղեցնելով 113-րդ հորիզնականը՝ նախորդ վարկանիշի 95-րդ տեղի համեմատ: Թուրքիան այս տարի նահանջել է երեք հորիզոնականով՝ զբաղեցնելով 68-րդ հորիզնականը՝ նախորդ 65-րդի համեմատ:
Civilnet











