Գլխավոր Լրահոս

Մոլդովացի խորհրդարանականը կարող է դառնալ ադրբեջանցիների զոհը

Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրելիա Գրիգորիուի երևանյան արկածները կարող են բավական թանկ արժենալ այս տիկնոջ համար: ՀՀ ԱԺ-ում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ տիկին Գրիգորիուն ամբիոնից ներկայացրեց ադրբեջանական քարոզչական այնպիսի նյութեր, որոնց մասին նույնիսկ ադրբեջանցիները փորձագիտական փակ հավաքների ժամանակ ամաչում են խոսել: Հստակ է, որ մոլդովացի իրավապաշտպանը նույնպես սնվում է ադրբեջանական ձկնկիթով:

Քաղաքագիտական շրջանակներում վերջին տարիներին լայնորեն տարածված է «ձկնկիթային դիվանագիտություն» կամ «խավիարային դիվանագիտություն» տերմինը, որով նկարագրվում են Բաքվի ջանքերը կաշառքի, հյուրասիրության և նվերների միջոցով իր կողմը գրավելու տարբեր երկրների կարծիք ձևավորողներին, գործադիրի և օրենսդիրի ներկայացուցիչներին: Եվրախորհրդարանի պաշտոնյաներ, եվրոպական տարբեր երկրների պատգամավորներ, համալսարանական շրջանակներ, վերլուծական կենտրոնների աշխատակիցներ, լրագրողներ,- այս կատեգորիաների տակ տեղավորվող բազմաթիվ անձինք են Բաքվի ծախսերով հյուրընկալվում Ադրբեջանում, վայելում արևելյան հյուրընկալության ճոխությունը, ապա հարուստ նվերներով վերադառնում իրենց երկրներ: Տարբեր երկրներում ադրբեջանական դեսպանատներն ամենայն ջանասիրությամբ լծված են այս գործին:

Այս ամենը կարճաժամկետ ազդեցություն է ունենում: Ադրբեջանի լոբբիստները բավականին խոցելի են, քանզի դժվար է ցույց տալ Ալիևի բռնապետական ռեժիմի ժողովրդավարական ձեռքբերումները կամ թութակի պես կրկնել Արցախի վերաբերյալ ադրբեջանական քարոզչական շաբլոնները:

Սակայն տիկին Գրիգորիուն ավելի հեռուն է գնացել: Նա ոչ միայն ՀՀ ԱԺ ամբիոնից այդ շաբլոնները հնչեցրեց, այլև որոշեց ավելի թանկացնել խաղը՝ ցույց տալով, որ իբր ինքը ենթարկվում է սպառնալիքների և հրաժարվելով մեկնել Հայաստանից կոնֆերանսի մասնակիցների համար նախատեսված ձևով: Ի դեպ, մոլդովացի իրավապաշտպանի՝ «հայերի կողմից սպանության սպառնալիքի» մասին նյութերը հեղեղել էին ադրբեջանական մամուլը: Սա, իհարկե, ձկնկիթի լրացուցիչ քանակություն կբերի տիկին Աուրելիա Գրիգորիուին, սակայն իրականում կարող է արժենալ նրա կյանքը: Լրատվական նման աժիոտաժից հետո ադրբեջանցիներին ոչինչ չի խանգարում սպանել տիկնոջը՝ մեղքը բարդելով հայերի վրա: Աուրելիա Գրիգորիուն մտել է խաղի մեջ, որը կարող է նրա կյանքն արժենալ: Ադրբեջանցիները սիրում են տարբեր սպանություններ կազմակերպելով՝ արցախյան խնդրի վերաբերյալ աղմուկ բարձրացնել: Օրինակ՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո տեղի ունեցած դատավարության ժամանակ ադրբեջանցիները փորձում էին մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներկայացնել իբրև ժամանակին հայերի կողմից տուժած ընտանիքի անդամի:

Ոչինչ չի խանգարում պետական մակարդակով սպանությունը հովանավորող Բաքվին սպանել Գրիգորիուին՝ սպանությունը հայերի վրա բարդելու և արդեն միջազգային մակարդակով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շաբլոնները կրկին հնչեցնելու համար: Աուրելիա Գրիգորիուն երիտասարդ կին է, և արժե նրան զգուշացնել հնարավոր այս տարբերակի մասին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում