Գլխավոր Լրահոս

Պատանեկան տուրիզմի ներուժ Արցախում

Արցախում ամեն տարի տեղեկանում ենք Արցախ ժամանող զբոսաշրջիկների թվի ավելացման մասին: Այս կարևոր միտումը շարունակվելու հեռանկար ունի: Զբոսաշրջության զարգացումը տեղ է գտել նաև Արցախի կառավարության տարբեր փաստաթղթերում, Արցախում լայն թափով հյուրանոցաշինություն է տեղի ունենում: Սակայն կարծես շեշտը դրվում է հարուստ զբոսաշրջիկների վրա, որոնք կարող են գիշերել թանկարժեք հյուրանոցներում և օգտվել թանկարժեք ծառայություններից: Արցախում գրեթե ամբողջությամբ բացակայում են պատանեկան հանգստի համար ենթակառուցվածքները, խորհրդային տարիների եղած մի քանի ճամբարները կա՛մ այլևս չկան, կա՛մ լքված են: Այնինչ Արցախում կարիք կա կազմակերպելու ոչ միայն տեղացի դպրոցականների հանգիստը, այլև ընդունել պատանիներ Հայաստանից և Սփյուռքից, ինչը կարևոր է հայրենաճանաչման տեսանկյունից:

Ֆրանսիայում, օրինակ, մեկ դպրոցականի ամառային հանգստի համար տարեկան ծախսվում է 1200-1400 եվրո, ինչը մեծ մասամբ վճարում են շրջանների վարչակազմերը, խնամակալ կազմակերպությունները, դպրոցները՝ քիչ անհանգստություն պատճառելով ծնողներին: Ֆրանսիացի դպրոցականների մի մասն իր հանգիստն անցկացնում է հարևան երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում և այլուր: Սա նաև հնարավորություն է տալիս դպրոցական հասակում ճամփորդել, նոր մշակույթների հետ առնչվել:

1200 եվրոն բավարար գումար է, որպեսզի կարողանանք կազմակերպել ֆրանսիահայ դպրոցականների երկշաբաթյա կամ երեքշաբաթյա հանգիստն Արցախում՝ ներառյալ ինքնաթիռի և այլ տրանսպորտային ծախսեր: Այսպիսով կկարողանանք լրացուցիչ զբոսաշրջային գումարներ բերել Արցախ, իսկ որ ամենակարևորն է՝ Սփյուռքի մեր պատանի հայրենակիցների համար կբացահայտենք Արցախը և դեռ փոքր հասակից նրանց կկապենք հայրենիքի հետ:

Այս ամենը կարող է նախաձեռնել ինչպես Արցախի կառավարությունը, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Կարևորը պատանեկան ճամբար կազմակերպելու իրավունք ունեցող ֆրանսիական կազմակերպություն գտնելն է և նրանց համոզելը ճամբարները կազմակերպել Արցախում:

Ժամանակն է ներդրումներ կատարել նաև դպրոցական ճամբարների վերականգնման ուղղությամբ: Այս առումով ողջունելի են հայաստանյան տարբեր պետական և մասնավոր հիմնարկների՝ Արցախում գերատեսչական հանգստյան տներ կառուցելու օրինակները և մտադրությունները:

Արցախի զբոսաշրջությունը մեծ ներուժ ունի՝ չնայած դեպի Հայաստան ավիատոմսերի թանկությանը և Արցախ բերող հոգնեցուցիչ ճանապարհին, ենթակառուցվածքների հետ կապված որոշ խնդիրներին: Նպատակասլաց աշխատանքը, գրագետ կառավարումը և նոր կատեգորիայի զբոսաշրջիկների փնտրտուքը կարող է զգալիորեն փոխել ոլորտի զարգացման տեմպերը: Միևնույն ժամանակ, Սփյուռքի մեր պատանի հայրենակիցները հնարավորություն կունենան ամառային իրենց հանգիստը միջերկրծովյան ափերից տեղափոխել Արցախի լեռներ, ծանոթանալ հայրենիքի այս մասի մշակութային ժառանգությանը, հոգևոր կապով ամրանալ Արցախի հետ՝ պահպանելով կամ վերագտնելով հայկական ինքնության տարրերը, որոնք դեռ չեն ձուլվել հզոր մշակույթների ազդեցության ներքո:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում