Գլխավոր Լրահոս

Իդեալը դեռ ապրում է

Սերունդները հասնում են հաջողության, եթե ունեն իդեալներ, եթե գաղափարականը գերիշխում է նյութականին: Պատերազմում հաղթելու մեր միակ հնարավորությունը հենց այս բանաձևով առաջնորդվելն էր: Ցավոք, հետպատերազմյան շրջանում մեր հասարակությունում տեղի ունեցան գործընթացներ, որոնք բերելու էին նյութականի հաղթանակին գաղափարականի նկատմամբ: Գաղափարականն ամեն կերպ նսեմացվեց, ծաղրի ենթարկվեց, ոչնչացվեց: Չերչիլն էր ասում՝ քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, պետական գործիչը՝ հաջորդ սերնդի: Պարզվեց՝ մեզ մոտ բոլորը քաղաքական գործիչներ են, և գալիք սերնդի մասին մտածող չկա: Մարդասպան ֆեոդալները, քցող բարձրաստիճան պաշտոնյաները, շռայլ կյանքով ապրող հոգևորականները, վերջիններիս անպատժելիությունն ամենալավ վկայությունն են այն բանի, որ փորձ է արվում դեգրադացնել հասարակությունը, սպանել արժեքները: Ամենասարսափելին այն է, որ հակահասարակական երևույթները զանգվածային ձևով գովազդվում են հեռուստատեսությամբ՝ դառնալով սերիալների սյուժեներ և սխալ կերպարներ թելադրելով մեծացող սերնդին:

Շուշիում արդեն չորս տարի է՝ գործում է Street Workout երիտասարդական մարզական շարժումը: Սա մարզաձև է, որը ենթադրում է համալիր վարժությունների ամբողջություն պտտաձողերի և զուգաձողերի վրա: Արդեն չորրորդ տարին է՝ Տիգրան Բաղդասարյանը, շուշեցի երիտասարդ, կամավոր սկզբունքներով մարզում է պատանիներին՝ նրանց բանակ ուղարկելով ֆիզիկական գերազանց արդյունքներով: Ոչ պրոֆեսիոնալ այս մարզաձևը կարևոր է նրանով, որ հնարավորություն ունի դառնալու զանգվածային՝ առանց սահմանափակման իր մեջ ներգրավելով պոտենցիալ մարզիկների: Մարզաձևն ինքնին առողջ ապրելակերպի քարոզ է և կարևոր ծխախոտի ու ալկոհոլի դեմ պայքարի տեսանկյունից, հատկապես արցախյան փոքրիկ քաղաքներում և գյուղերում, որտեղ պատանիների ու երիտասարդների համար ժամանցի քիչ տարբերակներ կան:

Առողջ քաղաքացու իդեալ ունեցող Տիգրան Բաղդասարյանը ցանկանում է մարզաձևը տարածել ամբողջ Արցախով մեկ և դարձնել այն ավելի զանգվածային: Նա նաև երազանք ունի Շուշին դարձնել չծխողների և չխմողների քաղաք:

Երբ հասարակության մեջ կան մարդիկ, որոնք երազում են հասարակության որակների բարձրացման ուղղությամբ և քայլեր են ձեռնարկում իրենց երազանքներն իրականացնելու համար, ապա այդ հասարակություններն ապագա ունեն: Տիգրանի նման երազանք ունեցողների դուք էլ կարող եք տեսնել ձեր շրջապատում, նրանք կան բոլոր ոլորտներում և որպես կանոն աշխատում են էնտուզիազմով և նվիրվածությամբ:

Չնայած մեզ շրջապատող բացասական ինֆորմացիային և կեղծ արժեքների քարոզին՝ իդեալ ունեցող մարդիկ միշտ էլ կարողանում են մթնոլորտ փոխել: Բոլորիս խնդիրն է այդ տեսակի խրախուսումը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում