Արժանապատվություն ակնկալել օտար պետություններից՝ խնդրի լուծման անհուսալի տարբերակ է:
Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի խմբաքանակի վաճառքի և Հրաչյա Հարությունյանի հետ կատարված ողբերգության միջև կապ կա: Այդ կապի հավաքական անունը կոռուպցիա է, երբ ամեն ինչ հնարավոր է ձեռք բերել փողով: Փողով հնարավոր է թե՛ «Սմերչ» գնել, թե՛ տարբեր լիցենզիաներ, շահագործել անսարք բեռնատար, կատարել բեռնափոխադրում կամ շինարարություն: Ոչինչ որ Ռուսաստանի կողմից վաճառված զենքը մի օր հենց Ռուսաստանի դեմ է ուղղվելու, ինչպես որ անսարք բեռնատարի համար տրված լիցենզիան դառնում է մարդկային կյանքերի պատճառ:
Սակայն այս ամենից մենք ընդամենը պետք է հետևություններ անենք, այս խնդիրները լուծելու միակ հասցեատերը Ռուսաստանի ժողովուրդներն են: Մեզ համար լուծելիք խնդիրը Ռուսաստանում առկա կոռուպցիայի հետևանքները հայության համար չեզոքացնելն է: Դրա համար մի քանի տարբերակներ կան:
Առաջին, երբ դու էլ օգտվում ես կոռումպացված համակարգից՝ նրան քո շահերի համար օգտագործելով: Այստեղ ադրբեջանցիների հետ մրցակցել չենք կարող, բայց որոշ էպիզոդային դեպքերում կիրառելի տարբերակ է՝ հայկական շահերն առաջ մղելու տեսանկյունից:
Երկրորդ տարբերակը հայության համար ստեղծված անբարենպաստ իրավիճակների վերացումն է: Տվյալ դեպքում՝ վաճառված զենքի կամ կոնկրետ զինատեսակների ոչնչացումն Ադրբեջանի տարածքում:
Սակայն ամենակարևոր տարբերակը Հայաստանում արժանապատիվ կյանքի վերականգնում է, երբ ՀՀ քաղաքացիները ստիպված չեն լինի մի կտոր հաց վաստակելու համար վազել արտերկիր՝ սեփական իրավունքների ոտնահարման գնով ծանր աշխատանք կատարելով: Ինչպես որ կոռուպցիայի հաղթահարումն է Ռուսաստանի ժողովուրդների խնդիրը, այնպես էլ արժանապատիվ կյանքի ստեղծումն է Հայաստանի ժողովրդի առաջնահերթությունը:
Հայաստանի քաղաքացուն բացահայտ ստորացնելու փաստը ցույց է տալիս, թե ինչպես են մեզ վերաբերվում դաշնակից երկրում: Ցավոք, այդպես մեզ վերաբերվում են նաև Արևմուտքի շատ երկրներում, տարբեր կերպ ստորացնում են նաև փախստականի կարգավիճակով արտասահմանում հայտնված մեր քաղաքացիներին:
Ստորացնել կարող են միայն երրորդ աշխարհի երկրի քաղաքացուն: Իրավական, հարուստ երկրների քաղաքացիների հետ խոսում են հարգանքով, որովհետև վստահ են, որ տվյալ երկիրն ամեն վայրկյան կանգնած է իր քաղաքացու կողքին՝ պատրաստ նրա շահերը պաշտպանելու: Այդպիսի երկիր ստեղծել մեզ դեռ չի հաջողվել: Դեռ մեր երկրում են որոշ ֆեոդալներ ստորացնում մեր քաղաքացիներին, ընդհուպ՝ զինվորականներին: Արժանապատիվ կյանքի փնտրտուքը մեր քաղաքացիներին դեռ դարձնում է արտագնա աշխատող կամ փախստական: Եվ այս դեպքում արժանապատվություն ակնկալել օտար պետություններից՝ խնդրի լուծման անհուսալի տարբերակ է:
Հայկ Խանումյան











