Տրանսպորտի գների բարձրացումը ողբերգություն չէ, խնդիրը քաղաքացիների ցածր եկամուտներն են:
Երևանում ներքաղաքային տրանսպորտի գների բարձրացումը, դրա դեմ հնարավոր բողոքի հեռանկարը, ասենք՝ նոր գնով չվճարելու տեսքով, կարող է բերել տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխությունների: Ամենակարևոր փոփոխություններից մեկը կարող է լինել վճարման քարտային համակարգի ներմուծումը, որը թույլ կտա զեղչեր սահմանել խոցելի խմբերի համար՝ ուսանողների, տարեց ուղևորների և այլոց: Քարտային համակարգը թույլ կտա ուղևորների իրական հաշվառում անցկացնել, առավել արդյունավետ դարձնել քաղաքային տրանսպորտի կառավարումը, հրաժարվել վարորդների վրա դրված «պլաններից», կանխատեսել գնային ռիսկերը և այլն: Այդպիսով հնարավոր կլինի պահպանել նախկին գինը հիմնական օգտվողների համար և բարձր վճար պահանջել մայրաքաղաքի հյուրերի համար:
Գների բարձրացումը կարող է ավելացնել հեծանվորդների թիվը: Չնայած Երևանում հեծանվային ուղիներ գրեթե չկան՝ տրանսպորտի այս տեսակը տարածվելու միտումներ ունի: Սկզբնական շրջանում այն կարող է գերել երիտասարդներին, իսկ ավելի ուշ կարող է զանգվածային դառնալ:
Երևանի տրանսպորտային պահանջները բավարարելու համար այս ոլորտ էին ներգրավել մասնավորի, որի ներդրումները ժամանակին կարևոր եղան գծային բազմազանություն մտցնելու համար: Սակայն այսօր այդ նույն գծատերերը, որոնք որպես կանոն բարձրաստիճան պաշտոնյաներ են կամ պատգամավորներ, լուրջ խոչընդոտներ են հարուցում ոլորտի զարգացման համար: Շատ երկրներում ներքաղաքային տրանսպորտը մունիցիպալ է և գտնվում է քաղաքային իշխանությունների կառավարման ներքո: Այդ երկրներում, տրանսպորտը մեծամասամբ ոչ շահութաբեր է՝ հաշվի առնելով ոլորտում ներդրվող հսկայական միջոցները: Դրա համար էլ տարբեր երկրների քաղաքային իշխանություններ մշտապես սուբսիդավորում են ոլորտը: Երևանում նույնպես օրախնդիր է հրաժարվել քմահաճ գծատերեր-պաշտոնյաներից, միասնականացնել ներքաղաքային տրանսպորտային ցանցը և քարտային համակարգի ներդրմամբ արյունավետ դարձնել ոլորտի կառավարումը:
Տրանսպորտի գների բարձրացումը ողբերգություն չէ, խնդիրը մեր քաղաքացիների եկամուտների ցածր լինելն է: Եկամուտներին անհամարժեք թանկացումներն են, որ առաջացնում են բողոքներ: Միևնույն ժամանակ, բարձր գինը պետք է ենթադրի նաև որակյալ ծառայություն, ինչը Երևանի տրանսպորտի պարագայում լրջագույն խնդիրներից է: Բողոքների նվազմանը կնպաստի նաև վերը նշված գնային ճկունությունը տարբեր սոցիալական խմբերի համար:
Ցավոք, Երևան քաղաքի այսօրվա իշխանությունը համապատասխան հմտություններ և կամք չունի տրանսպորտային ոլորտում իրական բարեփոխումների համար: Քաղաքապետը թույլ է նույնիսկ գծատերերին որոշակի պայմաններ և նորմեր թելադրելու առումով, ավելին, ինքը ևս գծատեր է:
Ինչպես մնացած ոլորտներում, այստեղ ևս խնդիրների մասին խոսելը բերում է իշխանությունների որակների մասին մտորումներին, և վերադառնում ենք նույն շրջանակի մեջ: Հետևաբար տրանսպորտի կամ այլ ոլորտի արդյունավետությունը բարձրացնելուց առաջ հարկավոր է մտածել հասարակության արդյունավետության բարձրացման մասին, ինչը թույլ կտա ժողովրդին մասնակից դարձնել որոշումների ընդունմանը և հսկողություն սահմանել անվերահսկելի դարձած իշխանություններին:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հայկ Խանումյան











