Հունգարիայում 1980-ականների վերջին հակակոմունիստական երիտասարդական շարժում ստեղծած Օրբանն այսօր ֆեդերալ Եվրոպայի դեմ հանդես եկող առաջնորդներից է: Հետաքրքիր է, որ նա իր կրթությունը ստացել է եվրոպական լավագույն բուհերից մեկում՝ Օքսֆորդում՝ ուսումնասիրելով բրիտանական քաղաքական լիբերալիզմի պատմություն: Հունգարիայի վարչապետը ԵՄ անդամ երկրների այն եզակի առաջնորդներից է, որը դեմ է Եվրոպայի միացյալ նահանգների գաղափարին և գտնում է, որ Եվրամիության հիմքը ազգային պետություններն են: Օրբանն այսօր եվրոսկեպտիկ գործիչներից ամենանշանավորն է:
Վերջերս տված հարցազրույցներից մեկում Վիկտոր Օրբանը բողոքել է, որ Եվրամիությունը դարձել է «բյուրոկրատների կայսրություն», և որ գործընթացները տանում են կայսերական կարգերի հաստատմանը: Նա մասնավորապես բողոքել է Բրյուսելի կողմից կառավարություններին պարտադրվող գնային և ֆիսկալ քաղաքականությունների պրակտիկայից:
Լիբերալ տնտեսության կողմնակից Օրբանն իր կառավարման տարիներին հետաքրքիր քայլեր է արել, որոնք կարող են հատկանշական լինել Եվրոպայում նկատվող զարգացումների ֆոնին: Կրճատելով սոցիալական որոշ ծրագրեր՝ նա լայնորեն հարկել է անդրազգային կորպորացիաներին, հունգարական քաղաքացիություն է շնորհել Հունգարիային սահմանակից երկրներում բնակվող և հունգարական արմատներ ունեցող երեք միլիոն մարդու: Այս պայմաններում զարմանալի չէ, որ հունգարացի այս գործիչը հանդես է գալիս ֆեդերալ Եվրոպայի դեմ, Եվրամիությունը համարում է կայսրություն: Հունգարացիները լավ են հասկանում կայսրության իմաստը, քանզի դարեր շարունակ եղել են կայսրության մաս, ինչն իր հետքն է թողել հունգարացիների վրա, թեկուզ այն առումով, որ նրանց մի մասն այսօր Հունգարիայի սահմանակից տարածքներում է բնակվում:
Հաջորդ կարևոր քայլը Ռումինիայում, Ավստրիայում և սահմանակից այլ երկրներում բնակվող էթնիկ հունգարացիներին Հունգարիայի քաղաքացիություն շնորհելն էր, ինչը խոսում է Հունգարիայի տարածքային հավակնությունների մասին: Սա ընթանում է անդրազգային կորպորացիաների ազդեցության կրճատման փորձերով: Այսինքն՝ Օրբանն ամեն կերպ փորձում է հզորացնել ազգայինը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով: Սա, բնականաբար, հնարավոր հակամարտությունների հիմք է:
Տնտեսական դժվարություններ կրող Եվրոպան այսպիսով կանգնում է ավելի վտանգավոր մարտահրավերների առջև, ինչպիսին ազգայնականության վառ դրսևորումներն են: Եվրոպական Միությունը տարածվելու որևէ հնարավորություն չունի, քանի դեռ չի կարողացել լուծել այս հարցերը: Իսկ նման հարցերի լուծումը հնարավոր է միայն ավելի լայն ինտեգրացմամբ, ազգային կառավարությունների դերի սահմանափակմամբ, այսինքն՝ կայսրության ստեղծմամբ: Կայսրությունները հեշտությամբ չեն ստեղծվում, այնպես որ Եվրոպայում նոր օրբանների ի հայտ գալուն դեռ ականատես կլինենք:
Հայկ Խանումյան











