Գլխավոր Լրահոս

Իվանիշվիլի և Իբրահիմբեկով

Իվանիշվիլի և Իբրահիմբեկով

Իբրահիմբեկովը հաղթանակի հնարավորություն չունի, սակայն նրա մոտեցումները ադրբեջանական հասարակությունում կարող են կարծրատիպեր ջարդել:

Միջազգային լրատվամիջոցները տարածել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի խոսքերը աբխազական և օսական խնդիրների վերաբերյալ: Իր խոսքում վրաց վարչապետը հույս է հայտնել վերականգնել խաղաղ հարաբերությունները աբխազ և օս ժողովուրդների հետ և անմիջականորեն բանակցությունների մեջ մտնել նրանց հետ: Օգոստոսի 8-ին, վրաց-օսական պատերազմի 5-ամյակին արտասանված այս խոսքերը կարող են տալ Վրաստանի կողմից նոր քաղաքական կուրսի շրջանակներում գործնական քայլեր անելու մեկնարկը:

Իվանիշվիլին, 2012թ. խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո ձևավորելով կառավարություն, վերաինտեգրման նախարար էր նշանակել քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլիին, որի մոտեցումները Աբխազիայի և Օսիայի հարցերում ամբողջովին տարբերվում էին Սաակաշվիլիի մոտեցումներից: Այս նախարարությունն էր զբաղվում աբխազական և օսական հարցերով:

Զաքարեիշվիլին կողմ էր Աբխազիայի և Օսիայի հետ հարաբերությունների զարգացմանն ու կապերի վերականգմանը: Նախարարի և նրա կողմնակիցների կարծիքով՝ Վրաստանն իր կերպարով պետք է աբխազներին և օսերին կարողանա կտրել Ռուսաստանից և իր կողմը գրավել:

Հարավային Օսիայի հետ կապված այս տարբերակը միանգամայն հավանական է, քանզի Ցխինվալը աշխարհագրորեն բավականին կապված է Թբիլիսիին, օսերը վերջին երկու տասնամյակում Վրաստանի մի քանի ագրեսիայից հետո էլ ուժ գտել են կրկին հարաբերություններ զարգացնել վրացիների հետ և ճիշտ քաղաքականության դեպքում կարող են կրկին վերադառնալ Թբիլիսիի գիրկը: Մի քիչ բարդ է լինելու Աբխազիայի դեպքում, որին իր կողմը գրավելու համար Վրաստանին ընդհուպ հարկավոր կլինի ճանաչել նրան որպես անկախ և իրավահավասար սուբյեկտ:

Եթե զուգահեռներ անցկացնենք Ադրբեջանի հետ, ապա այստեղ Արցախի կորստի հետ հաշտվելու բացահայտ տրամադրություններ դեռևս չկան: Ռեժիմի մոտեցումներից փոքր-ինչ տարբերվող մոտեցում ունի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը, որը վրացական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ դեմ է հայերին ոչնչացնելու կոչերին: Սա իհարկե առաջընթաց է ադրբեջանական քաղաքական դաշտում, սակայն այն Արցախում ոչ մեկի հետաքրքրությունը չի կարող առաջացնել: Նման մոտեցումն Ադրբեջանին կարող էր հաջողություն բերել 1988թ., սակայն ոչ երբեք մեր օրերում: Բաքվի կողմից բոլոր հայերին թշնամի դիտելը հայության մոտ բերել էր աննախադեպ համախմբան, ինչն էլ թույլ էր տվել մեզ հասնել հաղթանակի:

Իբրահիմբեկովն իհարկե հաղթանակի որևէ հնարավորություն չունի: Սակայն նրա առաջ քաշած թեզերը կարող են կարևոր լինել ադրբեջանական հասարակության մեջ առկա որոշ կարծրատիպերի ոչնչացման համար: Ընդդիմադիր թեկնածուն գտնում է, որ իշխանություններին ձեռնտու է հակամարտության չլուծված լինելը, ինչը թույլ է տալիս իշխող ռեժիմներին պահպանել իշխանությունը և չվերահսկվող եկամուտներ ունենալ: Ադրբեջանի նախագահական այս ընտրություններում Իբրահիմբեկովի հայտնվելը հետաքրքիր է այն առումով, որ նա կարող է ադրբեջանական հանրության մեջ նվազեցնել Ղարաբաղի հարցի կարևորությունը՝ ուշադրությունը հրավիրելով ներքաղաքական օրակարգի վրա:

Այսպես, Հարավային Կովկասի ագրեսիվ հասարակություններում առաջանում են էլիտաներ, որոնք հարցերի լուծումը տեսնում են խաղաղ ճանապարհով, քանզի ռազմական ուղին նրանց ջախջախում էր բերել: Եթե Վրաստանի դեպքում այդ էլիտան արդեն իշխանության է եկել և կոնկրետ քայլեր է անում՝ հաջողության ակնկալիքով, Ադրբեջանում «խաղաղասեր» էլիտան դեռ կիսատ-պռատ մտքեր է հայտնում հարևան Վրաստանից՝ վախենալով հատել Ադրբեջանի սահմանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում