Գլխավոր Լրահոս

Արցախյան քարածուխն ու միջազգային միտումները

Արցախյան քարածուխն ու միջազգային միտումները

Երևանի ՋԷԿ-ի հին էներգաբլոկը քարածխի համար վերականգնելիս պետք է մտածել նաև բնապահպանական խնդիրների մասին:

Անցյալ տարի Արցախի Մաղավուզ գյուղում սկիզբ դրվեց քարածխի արդյունահանմանը, որի նպատակը Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացումն էր և էժան էլեկտրաէներգիայի ստացումը: Համաձայն նախնական ուսումնասիրությունների՝ Երևանի ՋԷԿ-ի հին էներգաբլոկը համապատասխան լուծումներից հետո նոր կյանք էր առնելու և սկսելու էր աշխատել արցախյան քարածխով: Նախատեսվում էր օրական սպառել երկու հազար տոննա քարածուխ: Արցախում պետք է հիմնվեր նաև ածխի հարստացուցիչ ֆաբրիկա՝ ՋԷԿ-ին մաքուր քարածուխ մատակարելու համար:

Թվում էր՝ քարածուխն առավելապես քսաներորդ դարի առաջին կեսի խորհրդանիշն է, և մեր օրերում քիչ գործածելի բնական ռեսուրս: Քարածուխն այն կարևոր օգտակար հանածոն էր, որը հիմք դարձավ Եվրոպայի միավորման համար՝ հիմք տալով ԵՄ նախորդներից համարվող Քարածխի և պողպատի եվրոպական ընկերակցությանը: Սակայն Էներգիայի միջազգային գործակալության զեկույցները (օր.՝ Medium Term Coal Market Report-2012) հուշում են, որ 5-10 տարի հետո քարածուխը կարող է դառնալ աշխարհում առաջին էներգակիրը: 2000-ական թվականների սկզբից քարածուխը հանածո էներգակիրների մեջ ամենամեծ աճն է գրանցել: Համաձայն Էներգիայի միջազգային գործակալության նույն տվյալների՝ վերջին տասը տարիների ընթացքում քարածխի սպառումն ավելացել է 64 տոկոսով, այնինչ բնական գազինը՝ 40, իսկ նավթինը՝ 11 տոկոսով: Այս տեմպով շարունակվելու դեպքում արդեն 2017թ. քարածուխը կդառնա աշխարհի առաջին էներգակիրը:

Քարածխի աճը պայմանավորված է ասիական տարածաշրջանում տնտեսության ծավալների աճով: Հատկապես Չինաստանը մեծացրել է քարածխի օգտագործումը: Սակայն քարածխի աճը հատուկ է նաև մյուս տարածաշրջաններին, բացառությամբ ԱՄՆ-ի, որտեղ թերթաքարային գազի արդյունահանումը թույլ է տալիս հոգալ էներգետիկ կարիքները:

Եվրոպան ևս մեծացրել է քարածխից էլեկտրաէներգիայի ստացման չափաբաժինը: Գերմանիան, որն արդեն իր էլեկտրաէներգիայի 48 տոկոսը ստանում է քարածխից, միայն վերջին տարում հինգ տոկոսով ավելացրել է այդ ցուցանիշը: Իսպանիայում 2011-2012 թթ. քարածխի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի ստացումն ավելացել է 25 տոկոսով: Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի 35 տոկոսն է արտադրվում քարածխով, իսկ Մեծ Բրիտանիայում այն էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աղբյուրն է՝ 43 տոկոս արդյունքով:

Ֆրանսիական «Էքսպրեսի» տնտեսական մեկնաբանը հայտնում է, որ Հյուսիսային Ամերիկայում թերթաքարային գազի պաշարների հայտնաբերման հետ կապված ԱՄՆ կողմից քարածխի արտահանումն աճել է, ինչն էլ ազդել է քարածխի միջազգային գների վրա՝ 2012թ. մայիսին 135 դոլարի փոխարեն այն այսօր արժե 87 դոլար: Սա քարածխի սպառման աճի լրացուցիչ խթան է դարձել:

Այս ամենն առաջացրել է բնապահպանների անհանգստությունը: Մասնավորապես, եվրոպական այն ջերմաէլեկտարակայանները, որոնք կառուցված են 1975-ից առաջ, ի վիճակի չեն ապահովել բնապահպանական եվրոպական նորմատիվները և պետք է փակվեն մինչև 2015թ.:

Երևանի ՋԷԿ-ը հիմնադրվել է 1963թ.: Քարածուխով էլեկտրաէներգիայի արտադրությունը կբարձրացնի Հայաստանի էներգետիկ անկախությունը և կդիվերսիֆիկացնի էլեկտրաէներգիայի արտադրությունը: Սրա հետ միասին չպետք է մոռանալ շրջակա միջավայրի մասին և Երևանի ՋԷԿ-ի հին էներգաբլոկը վերականգնելիս մտածել նաև բնապահպանական խնդիրների մասին: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում