Գլխավոր Լրահոս

ՄԱԿ-ը պատասխանում է Բաքվին. Շահան Գանտահարյան

ՄԱԿ-ը պատասխանում է Բաքվին. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակի» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «ՄԱԿ-ը պատասխանում է Բաքվին` Արցախը կարելի է բնակեցնել սիրիահայերով» վերնագրով: Հոդվածը ներկայացված է ստորև:

Բաքուն հետևողականություն է ցույց տալիս Արցախում կատարվող բնակեցման աշխատանքների վրա միջազգային ընտանիքի ուշադրությունը կենտրոնացնելու իր առաջադրանքի իրականացման փորձերին: Երևույթը արձանագրվել էր իրաքահայերի` Արցախում հաստատման օրինակների դիմաց, այժմ շարունակվում է սիրիահայ ընտանիքների բնակեցման առիթով: Ժամանակին Դամասկոսում դեռևս գործում էր ադրբեջանական դեսպանատունը, երբ Դամասկոսը մեղադրվում էր իբրև տարանցիկ կետ Իրաքից Երևան և ապա Արցախ ուղևորվող և հաստատվող իրաքահայ ընտանիքների համապատասխան դյուրություններ ընձեռելու պատճառով:

Այժմ բողոքառու գրասենյակը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Բաքվի գրասենյակի ներկայացուցչությունն է: ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի բացատրությունը հայտնապես չի գոհացրել Բաքվին։ «Մենք տեղեկություն ենք ստացել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ փախստականների բնակեցման վերաբերյալ և համապատասխան հաշվետվություններն արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի ժնևյան կենտրոն: Սակայն անձամբ խորհում եմ, որ այս հարցը պետք է լուծվի առանց ՄԱԿ-ի միջամտության, որովհետև ՄԱԿ-ը որևէ առնչություն չունի այս հարցի հետ»:

Ուրեմն. նախ պետք է անմիջապես նկատել, որ այս կարծիքը, եթե հրապարակվում է, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես ուղարկվում է նաև ՄԱԿ-ի կենտրոն: Իսկ այս կարծիքի հետ հաշվի է նստում կենտրոնը` որովհետև կարծիքը ներկայացնողը այս հարցերի գերագույն հանձնակատարն է, որը լիազորված է այս աշխատանքները համակարգելու: Ասվածը պարզապես այն է, որ ՄԱԿ-ի միջամտության որևէ իրավական հիմք գոյություն չունի. ավելի հստակ ընդգծված, որ Արցախում կատարվող բնակեցման աշխատանքները միջազգային օրենքի խախտում չեն նկատվում:

Հետաքրքիր է, որ սիրիահայ բառը չի օգտագործվում իբրև փախստականներ բնութագրող  բառակապակցություն: Ասվում է ընդհանրապես «հայ փախստականներ»: Պարզ է, որ սիրիահայը շեշտված է Բաքվի կողմից և մեկնաբանվում է իբրև փորձ` հրատապ թեմայի կապելով խնդիրը միջազգային հավելյալ ուշադրություն կենտրոնացնելու  մարտավարական խաղ կատարելով: Պատասխանում ընդհանրացվում է գաղթականությունը և այսպիսով նաև մեկընդմիշտ հստակացվում, որ հայ ազգաբնակչությամբ Արցախը բնակեցնելը իրավական որևէ արգելքի չի հանդիպում միջազգային ընտանիքի կողմից:

Այսքանը ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի կողմից: Այժմ գանք Երևան-Արցախ և այնտեղ տեսնենք կանադացի խորհրդարանական Սթեֆան Դիոնի հայտարարությունը դարձյալ Բաքվի ցուցաբերած անհանգստության մասին: Խնդիրը վերաբերում է Բաքվի սև ցուցակին, այսինքն բողոքին օտարերկրյա այն պաշտոնատարների և պետական ու հասարակական գործիչների դեմ, որոնք այցելում են Արցախ: Դիոնի բացատրականը հետաքրքրական է և առնչվում է ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի պատասխանատուի կատարած հայտարարությանը. ինչ որ ձևով: Դիոն հայտնում է, թե ինքը սև ցուցակի գոյությունից տեղյակ չէր, թե իր նպատակը որևէ ձևով Կանադայի և Ադրբեջանի միջև լարվածություն ստեղծելը չէ, և ավելացնում է, թե նա եկել էր զբաղվելու  սիրիահայ փախստականների թղթածրարով: Այցելության նպատակի այս բանաձևումը խորքում ՄԱԿ-ի պաշտոնատարի կատարած հայտարարությանը համահունչ է: Արցախում սիրիահայերի բնակեցումը բնական գործընթաց է և որևէ ձևով բողոքի տեղի տալու իրավական հիմք չի պարունակում իր մեջ: Այսքան պարզ:

Բաքուն խորապես գիտակցում է, որ ժամանակին իրաքահայերի, այսօր սիրիահայերի կողմից արձանագրվող բնակեցումները ժողովրդագրական պատկերի փոփոխության առումով բեկումնային ազդեցություն ունենալու հնարավորությունից հեռու են: Քաղաքական շահարկման հերթական փորձն է, որ կատարում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք սակայն հանդիպում են իրավական հիմքի վրա կառուցված մարդասիրական պատասխանների: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում