Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող շուկաներում տնտեսական աճը, որը դանդաղել էր եվրոգոտում ֆինանսական ճգնաժամի ընթացքում, սկսել է վերականգնվել, և կանխատեսվում է չափավոր աճ՝ 2012թ. 2,2% և 2013թ.՝ 3,1%: Այս մասին հայտարարել են Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչները ՀԲ և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում, ասված է ՀԲ հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
«Ունենք ինչպես լավ, այնպես էլ վատ լուրեր: Լավ լուրն այն է, որ եվրոգոտում ճգնաժամի ռիսկը նվազել է, և Եվրոպան քիչ-քիչ դուրս է գալիս ռեցեսիայից, ինչը, իր հերթին, ազդում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող շուկաների վրա: Վատ լուրն այն է, որ ֆինանսական նոր ռիսկեր են առաջանում, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից, որոնք զսպում են առանց այդ էլ անվստահ տնտեսական աճը», -ասել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Լորա Տակը:
Թուրքիայի տնտեսությունը, ինչպես նաև ԱՊՀ երկրները, որոնք առավել քիչ են կախված եվրոգոտուց, առավել վստահ աճ են արձանագրել: Այսպես՝ 2009-2012թթ. այս երկրներում միջին տարեկան աճը կազմել է 4,4%` Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի երկրների 1,9%-ի համեմատ: 2013թ. Թուրքիայում և ԱՊՀ երկրներում կանխատեսվում է մինչև 2,4% աճ՝ չնայած Ռուսաստանում աճի տեմպերի մինչև 1,8% դանդաղմանը: Ընթացիկ տարում Թուրքիայի տնտեսական աճը կկազմի 3,6%: 2014-ի համար ՀԲ-ն ԱՊՀ երկրներում կանխատեսում է 3,5% աճ, Ռուսաստանում և Թուրքիայում 3,5% աճ:
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից ընթացիկ տարվա մայիսին քանակական մեղմացման քաղաքականության իրականացման հետևանքով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներ կապիտալի ներհոսքը դանդաղել է, տոկոսային եկամուտը բարձրացել է, արժեթղթերի շուկաները անկում են արձանագրել, իսկ ազգային արժույթները արժեզրկվել են: Այս գործոնները ազդել են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի, Արևմտյան Բալկանների այն երկրների վրա, ինչպես նաև Հայաստանի և Բելառուսի, որոնց ընթացիկ գործարքների պակասուրդը մեծ է, և այն խոցելի է կապիտալի ներհոսքի առջև:
«Դաժան իրականությունն այն է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող շուկաների հիմնական խնդիրները կառուցվածքային բնույթ են կրում և պահանջում են կառուցվածքային լուծումներ՝ ազգային մակարդակով: Տարածաշրջանի կառավարություններին անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այնպիսի խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպիսիք են աշխատատեղերի ստեղծումը, բնակչության ծերացման հետ կապված հարցերի լուծումը, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարումը», -ասել է Տակը:
Գործազրկությունը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող շուկաներում շարունակում է կայուն բարձր մակարդակում մնալ՝ 10%, ինչպես նաև շարունակում է աճել Արևմտյան Բալկաններում, որտեղ աշխատունակ բնակչության ամեն հինգերորդից մեկը աշխատանք է փնտրում: Տնտեսական քաղաքականությունը սահմանող պաշտոնյաների հիմնական խնդիրը նոր՝ ընդ որում առավել բարձրորակ աշխատատեղերի ստեղծման տեմպերի արագացումն է, որը միջոլորտային մոտեցում է պահանջում՝ ավանդական միջոցառումների և կարգավորաման ավանդական ձևերի շրջանակից դուրս:
«Անհրաժեշտ է ստեղծել առավել արդյունավետ խթաններ քաղաքացիների՝ տնտեսության պաշտոնական սեկտորում աշխատանքի անցնելու համար, հատկապես նրանց համար, որոնք ցածր աշխատավարձ են ստանում և աշխատում են ոչ ամբողջական աշխատանքային օր»,-ասել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնակսն Ասիայի գծով գլխավոր տնտեսագետ Հանս Թիմերը:
Նրա խոսքով՝ հարկումը պետք է առավել առաջադիմական մեթոդներով կատարվի, իսկ հարակդրման համակարգերը պետք է այնպես կառուցվեն, որ նպաստեն քաղաքացիների պաշտոնական սեկտորում աշխատանքի անցմանը: «Բացի այդ՝ երկրները պետք է բարեփոխումներ անցկացկեն և ռազմավարություններ ընդունեն ուղղված գործարար միջավայրի բարելավմանը, որտեղ գործող և նոր ստեղծվող ձեռնարկությունները կբարգավաճեն, կստեղծվեն նոր աշխատատեղեր», -ասել է Թիմերը:
Civilnet











