Գլխավոր Լրահոս

Ազգային թերարժեքությունից ազատվելն օրախնդիր է

Ազգային թերարժեքությունից ազատվելն օրախնդիր է

Հոգեբանական բառարաններում թերարժեքությունը բնութագրվում է որպես սեփական ենթակայության և ոչ կոմպետենտության զգացում: Թերարժեքությունը հոգեբանական պաթոլոգիա է՝ զարգացման պրոցեսից կամ նորմալ վիճակից հիվանդագին շեղում: Կա նաև ազգային թերարժեքություն հասկացություն, որը ընդհանուր սահմանումից շատ չի տարբերվում: Տվյալ ազգի էլիտան, լինելով ոչ կոմպետենտ, ենթակայության զգացում է ունենում: Դա կարող է արտահայտվել ազգային/պետական ինքնիշխանությունն այլ երկրի կամ վերպետական մարմնի զիջելով, սեփական հայրենիքը այլ պետության նվիրելով, անընդհատ օտար պետության տանիք փնտրելով, ինքնիշխանության և անկախության վերաբերյալ նիհիլիստական մոտեցումներով: Այս ամենը մի օր բերում է կոնկրետ ազգի ոչնչացման, ժողովրդի՝ կենսաբանական հումքի վերածման, և այդպիսով այլ ազգերի գենոֆոնդին ծառայեցնելուն: Բոլոր այն ազգերը, որոնք կարողանում են հաղթահարել ազգային թերարժեքության սինդրոմը, բռնում են հզորանալու և գործոն դառնալու ուղին:

Ազգային թերարժեքություն սերմանելը, ինչպես նաև թերարժեքությունից ազատվելը երկար գործընթաց է, որի համար գործի են դրվում կրթական համակարգը, զանգվածային լրատվամիջոցները, մշակույթը: Ազգային թերարժեքության հաղթահարմանը մեծապես կարող է նպաստել որևէ մեծ հաղթանակը՝ պատերազմի դաշտում, սպորտի ոլորտում, գիտության և այլ բնագավառներում:

Արցախյան պատերազմում մեր հաղթանակը, Հայաստանի տարածքի մեծացումը 12 հազ. քառ. կմ-ով ազգային թերարժեքությունը հաղթահարելու լավագույն առիթն էր, հզոր պետություն և տարածաշրջանային գործոն դառնալու հիմք:

Սակայն չգիտես ինչու հայկական քաղաքական դաշտում հայտնվեցին գործիչներ, որոնք սկսեցին հաղթանակն իմաստազրկելու փորձեր, այն վերագրեցին ոչ հայկական ուժերի, քվազի-մտավորականության, քաղաքական մի շարք գործիչների կողմից էլ սկսվեց լուրջ արշավ հայկական ինքնիշխանության և անկախության դեմ:  Արցախյան պատերազմում էական ավանդ ներդրած ռազմական և քաղաքական շատ գործիչներ դուրս մնացին դասագրքերից և հանրային հիշողությունից, նրանց հաճախ փոխարինեցին պատերազմը որպես թալանի վայր ընկալած մի քանի խմբապետեր: 

Պուտինին ուղղված Զորի Բալայանի բաց նամակը, վերջինիս պաշտպանած մի շարք մտավորականների և քաղաքական գործիչների արածը ոչ այլ ինչ էր, քան ազգային թերարժեքություն սերմանելու զանգվածային արշավ հայ ժողովրդի դեմ: Ինչպես հոգեբանական բառարաններում է նշված՝ թերարժեքությունն ամբողջովին կապված է ենթակայության հետ: Սեփական ոչ կոմպետենտությունը ծածկելու համար հայաստանյան քաղաքական դաշտի և մտավորականության մի մասը նախընտրում է ենթակա  լինել մի այլ ազգի: Զորի Բալայանի երազած պուտինյան Ռուսաստանում «Լևադա» սոցոլոգիական կենտրոնը 2012թ. հոկտեմբերին անցկացրել է հարցախույզ ՝ իսկական ռուսաստանցուն որոշելու համար: Հարցվածների մեծամասնության համար «իսկական ռուսաստանցին» պետք է ծնված լինի Ռուսաստանում, լինի ուղղափառ և հարգի գոյություն ունեցող քաղաքական համակարգը: Այնպես որ, սեփական հայրենիքից դուրս Զորի Բալայանն ու նրա գաղափարակիցները լինելու են ընդամենը չորրորդական կարգի մարդիկ, որոնք ավելի են ստորադասվելու, քան իսկական ռուսաստանցիների ընտանեկան կենդանիները:

Սեփական ինքնիշխան և անկախ հայրենիքից դուրս մարդը լիարժեք չէ, նա միշտ ենթակա է հոգեբանական, մշակութային կամ ֆիզիկական ոչնչացման: Գոնե հայ ժողովրդի պատմությունը նման բազմաթիվ օրինակներ է տալիս: Պետք է զանգվածային և հզոր շարժում ազգային թերարժեքություն սերմանող մեր այսօրվա իրականության դեմ: Նոր, ազգային մտավորականություն է պետք և իսկական հերոսների արժեվորում: Ժամանակը քիչ է, գործել է պետք:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում