Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակվող ամենամյա Doing Business 2014 («Գործարարությամբ զբաղվելը - 2014») զեկույցում Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ 189 երկրների շարքում զբաղեցրել է 37-րդ տեղը՝ անցած տարվա համեմատ դիրքը բարելավելով 3 հորիզոնականով։
Հոկտեմբերի 29-ին հրապարակված զեկույցի հեղինակները վերահաշվարկել են Հայաստանի անցած տարվա ցուցիչները և այժմ գտնում են, որ գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ անցած տարի Հայաստանը զբաղեցրել է 40-րդ տեղը (Doing Business 2013»-ում անցած տարի Հայաստանը զբաղեցրել էր 32-րդ տեղը)։
Գործարարությամբ զբաղվելու դյուրինության ընդհանուր ցուցիչի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվել 10 ենթացուցիչներ։ Դրանցից 6-ի մասով Հայաստանը հետընթաց է արձանագրել, 3-ով՝ առաջընթաց, և մեկ ցուցիցչով դիրքերը մնացել են անփոփոխ։
«Շինարարության թույլտվություններ» ենթացուցիչով Հայաստանը հետընթաց է արձանագրել 8 կետով՝ զբաղեցնելով 79-րդ տեղը: «Էլեկտրաէներգիայի հասանելիություն» ենթացուցիչով հետընթացը կազմել է 2 կետ, զբաղեցրել է 109- րդ տեղը։ «Վարկերի ստացում» ենթացուցիչով հետընթացը եղել է 2 կետով (զբաղեցրել է 42-րդ տեղը): «Սեփականության գրանցում» ենթացուցիչով Հայաստանը հետընթաց է արձանագրել 1 կետով՝ զբաղեցնելով 5-րդ տեղը։ «Ներդրողների պաշտպանվածություն» ենթացուցիչով հետընթացը եղել է 1 կետ (զբաղեցրել է 22-րդ տեղը)։ «Միջազգային առևտուր» ենթացուցիչով նույնպես 1 կետով հետընթաց է արձանագրվել (Հայաստանը զբաղեցրել է 117-րդ տեղը)։
Հայաստանը 9 կետով բարելավել է դիրքերը «Հարկերի վճարում» ենթացուցիչով՝ զբաղեցնելով 103-րդ տեղը։ «Պայմանագրերի կիրարկում» ենթացուցիչով դիրքը բարելավել է 5 կետով (112-րդ տեղը)։ «Ընկերությունների գրանցում» ենթացուցիչով արձանագրվել է բարելավվում 4 կետով (Հայաստանը զբաղեցրել է 6-րդ տեղը)։ «Անվճարունակության որոշում» (լուծարում) ենթացուցիչով Հայաստանի դիրքը մնացել է անփոփոխ՝ 76-րդ տեղ։
Հայաստանի հարևան Վրաստանը զբաղեցրել է 8-րդ տեղը՝ դիրքը բարելավելով 1 կետով, Թուրքիան դիրքերը բարելավել է 3 կետով և զբաղեցրել է 69-րդ տեղը, Ադրբեջանը զբաղեցրել է 70-րդ տեղը՝ դիրքը բարելավելով 1 կետով։ Ռուսաստանը զբաղեցրել է 92-րդ տեղը՝ դիրքը բարելավելով 19 կետով։
Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակվող Doing Business 2014 զեկույցում վարկանշային դիրքի փոփոխությունն առաջին հերթին արձանագրում է, թե անցած մեկ տարվա ընթացքում տվյալ երկիրը ինչ առաջընթաց է գրանցել բարեփոխումների մասով և որքանով է բարելավել գործարար միջավայրը։
Զեկույցը թեև կոչվում է Doing Business 2014, այն իրականում արտացոլում է 2012-2013 թթ. ֆինանսական տարվա արդյունքները։ Զեկույցի կազմման մեթոդոլոգիան այնպիսին է, որ հիմնվում է նախորդ տարվա հունիսից մինչև տվյալ տարվա հունիսն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքների վրա։ Զեկուցը կազմվում է տնտեսվարողների շրջանում անցկացված հարցումների հիման վրա։
Արմենակ Չատինյան
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Civilnet











