Ազգայնականության հայտնի տեսաբան չեխ Էռնեստ Գելներն իր «Ազգեր և ազգայնականություն» աշխատության մեջ կանխագուշակում է, որ ապագայում ազգայնականությունը դրսևորվելու է ոչ թե տարծաշրջանային հակամարտությունների տեսքով, այլ ազգայնականության օջախ են դառնալու բազմազգ մեծ քաղաքները: Մեր օրերում, Գելների ասածից երեք տասնամյակ անց, մենք կարող ենք ականատես լինել նշված երևույթին: Արաբա-իսրայելական հարաբերությունների սրումը կարող է զինված բախումների հանգեցնել Փարիզում հրեական և արաբական թաղամասերի միջև: Կենցաղային հանցագործության դեմոնիզացիան կարող է նացիստական տրամադրություններ առաջացնել Ռուսաստանի մի շարք քաղաքներում՝ կյանքը կորցնելու վտանգի տակ դնելով սլավոնական արտաքին չունեցող յուրաքանչյուրի: Ի՞նչ է սա՝ ազգայնամոլական զգացմունքների ժայթքո՞ւմ, թե՞ հատուկ ուղերձ տվյալ պետության ոչ տիտղոսակիր բնակիչներին:
Վերջին օրերին Ռուսաստանում նկատվող նացիստական ակցիաները, մետրոյում, գնացքներում, շուկաներում ոչ սլավոնական անձանց վրա հարձակումները ցույց են տալիս, որ իշխանություններն այնքան էլ շահագրգռված չեն կատարվող հանցագործությունների կանխմամբ, այդ ակցիաների ժամանակ ոստիկանները դիտորդի դերում են, իսկ հանրային և լայն սփռում ունեցող այլ լրատվամիջոցներ հաճախ թեժացնում են կրքերը: Համընդհանուր ահաբեկման այս մթնոլորտում, թվում էր, թե ամենաճիշտ որոշումը, հատկապես հայերի դեպքում, կլիներ հայրենիք վերադառնալը, որտեղ հարազատ միջավայրը զերծ կպահեր քաղաքացուն նացիստական զգացումների ժայթքման զոհ դառնալուց: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից Ռուսաստան գնացողների թիվն ավելի է շատանում: Այդժամ, ինչպե՞ս դիմագրավել ազգայնամոլական սպառնալիքին: Կարծում եմ՝ հայերը կարող են երկու վարքագիծ դրսևորվել:
Առաջին՝ ազգայնամոլական շարժումները կարող են ամրապնդել Ռուսաստանում ապրող հայերի ինքնությունը, ստիպելով նրանց ամրապնդել հայոց լեզուն և մշակույթը, փորձել ինքնապաշտպանվել՝ ընդհուպ զինված խմբեր ստեղծելով, ինչպես Կալիֆոռնիայի հայերն էին ժամանակին ստեղծել իրենց քրեական կազմակերպությունները՝ հայկական գանգերը՝ պաշտպանվելու լատինոների հարձակումներից: Այսինքն՝ կյանքին սպառնացող վտանգը կստիպի հայերին, սլավոնական արտաքին չունեցող Ռուսաստանի այլ բնակիչների հետ միավորվել, պաշտպանվել, ռուսական հասարակության այլատյացությունը նրանց մոտ կուժեղացնի սեփական ազգային զգացումները: Սա քիչ հավանական հակազդման վարքագիծն է:
Երկրորդ տարբերակը, որն ամենահավանականն է, ձուլման վարքագիծն է: Ազգային հողի վրա ենթարկվելով ճնշումների՝ Ռուսաստանում բնակվող հայը կփորձի առավելագույնս ինտեգրվել ռուսաստանյան հասարակությանը, դառնալ ռուսաստանցի, հրաժարվել հայկական ինքնությունից, ամուսնանալ սլավոնական արտաքինով մեկի հետ, փոխել ազգանունը, ներկել մազերը, լավ յուրացնել ռուսաց լեզուն, դառնալ Ռուսաստանի շահերի մոլի պաշտպան, մի խոսքով՝ կձուլվի: Նամանավանդ ռուսական հարուստ մշակույթը և հայերի՝ այդ մշակույթին լավ ծանոթ լինելը պարարտ հող են այս տարբերակի բարգավաճման համար:
Ռուսաստանը կարիք է զգում ներգաղթյալների: Առավել նախընտրելի են քրիստոնյա և ռուսական մշակույթին ծանոթները: Հայերն այս առումով իդեալական տարբերակ են: Հետևաբար, Ռուսաստանում նացիստական տրամադրությունների ավելացումը այնտեղ ապրող հայերի համար սարսափելի ուղերձ ունի՝ ձուլվել:
Հայկ Խանումյան










