Գլխավոր Լրահոս

Հերթական ստորացումը հնարավոր է Սարգսյան-Ալիև հանդիպմանը

Ռուսաստանի ակտիվ քայլերը Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանի «կլանումը», ընդհուպ վերջինիս սուվերենության և ստորացման հաշվին, տարածաշրջանում կարևոր իրադարձությունների պատճառ է դարձել: Արևմուտքը սկսել է բարելավել հարաբերություններն Իրանի հետ, ինչին նպաստել է նաև համեմատաբար չափավոր Ռուհանիի ընտրվելը իսլամական հանրապետության նախագահի պաշտոնում: Մեծ Բրիտանիան արդեն վերականգնել է Իրանի հետ երկու տարի առաջ խզած դիվանագիտական հարաբերությունները, միջազգային բարենպաստ իրավիճակ է ստեղծվել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Հստակ է, որ Արևմուտքը ցանկանում է հանձին Իրանի Ռուսաստանի դեմ հակակշիռ ստեղծել, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Հակակշիռ, որ ամբողջովին բխում է նաև հայության շահերից:

Ռացիոնալ իշխանության առկայության դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա այս զարգացումների ֆոնին լուծել բազմաթիվ տնտեսական և քաղաքական խնդիրներ: Իշխանությունների չփոխվելու դեպքում Հայաստանն անընդհատ ենթակա է նոր ստորացումների: Հերթականը հնարավոր է՝ լինի արդեն նոյեմբերի վերջին՝ Սարգսյան-Ալիև հանդիպմանը:

Արցախի քաղաքական կշռի փոքր լինելու պայմաններում տարածաշրջանային զարգացումներից օգտվելու հնարավորություն չունի նաև հայկական երկրորդ պետությունը: Արցախը, որպես գործոն, իր կշիռը սկսեց կորցնել 1990-ականների վերջից և վերջնականապես կորցրեց իր լրջությունը վերջին տարիներին: Միջազգային հանրության շփումներն Արցախի իշխանությունների հետ լավագույն դեպքում արարողակարգային բնույթ են կրում, իսկ Արցախին վերաբերող բոլոր հարցերը պարզվում են՝ շրջանցելով Ստեփանակերտը:

Հայության գլխին կախված ողբերգությունը կանխելու միակ տարբերակը մնում է Արցախի սուբյեկտության աստիճանը բարձրացնելը: Սա հնարավոր է միայն Արցախում քաղաքական դաշտի էական փոփոխությամբ: Ստեփանակերտի իշխանությունն ամբողջությամբ Երևանի իշխանության շարունակությունն է, ինչը լուրջ մարտահրավերներ է առաջացնում Արցախի համար՝ զրկելով նրան տարածաշրջանում գործոն դառնալու հնարավորությունից:

Արցախին հարկավոր է նոր քաղաքական էլիտա, որը պատրաստ կլինի վերցնել իշխանությունը և, շրջանցելով Երևանը, հարաբերություններ հաստատել ու պահպանել տարածաշրջանային տարբեր ուժերի հետ:

Միայն Արցախի՝ տարածաշրջանային գործոն դառնալը թույլ կտա վերջնականապես աղբանոց նետել տարածքային զիջումների մասին խոսակցությունները և կփոխի Արցախը բեռ համարողների պատկերացումները: Տնտեսապես և քաղաքականապես հզոր Արցախը այն սպեղանին է, որ պետք է օգտագործվի հայության այս ճգնաժամային վիճակը հաղթահարելու համար:

Տնտեսապես և քաղաքականապես հզոր Արցախ հնարավոր է լեգիտիմ ընտրությունների միջոցով նոր որակի իշխանությունների ձևավորման դեպքում: Ընտրությունների լեգիտիմության աստիճանը պայմանավորված է քաղաքական գործընթացներում մեծ թվով մարդկանց ներգրավումով: Արցախի քաղաքական դաշտում անտագոնիզմի բացակայությունը և որոշակի արժեքների առկայությունը հնարավորություն են տալիս այս ամենի իրագործման համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում