Գլխավոր Լրահոս

Արդյոք ժամանակը չէ՞ փոխելու հայոց պատմության դասագրքերը

Աշխարհը վաղուց թևակոխում է նոր փուլ: ԽՍՀՄ և սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո շուրջ երկու տասնամյակ մոլորակի վրա ընթանում էր կողմնորոշման և վերակնագնման գործընթաց: Այժմ եկել է աշխարհը կրկին բաժանելու, նոր տարածքներ կլանելու ժամանակը: Դա տեղի է ունենում թե՛ ինտեգրացիոն սխեմաներով, երբ ազգային պետությունները ներառվում են վերազգային միությունների մեջ, թե՛ ուղղակի նոր պետությունների առաջացմամբ և տարածքների վերաձևմամբ: Աշխարհը վերաձևելու գործում ակտիվ են կայսրությունները, որոնց այժմ գերտերություն են անվանում: Նախորդող տարիների նավթի բարձր գները, որոշ տնտեսությունների արագ աճն ու հարստությունը թույլ են տալիս դարակներից հանել կայսերապաշտական ծրագրերը և նոր շունչ տալ դրանց: Առաջինը հարվածի տակ են հայտնվում բուֆերային իմաստ ունեցող երկրները, որոնց նպատակ կա վերածել ֆորպոստերի:

Սակայն ամեն ինչ բացարձակ չէ, և կայսրությունները ևս ենթակա են նմանատիպ պրոցեսների՝ իրենց տարածքում նոր ազգային միավորների առաջացման կամ այլ կայսրությունների կողմից տարածքների կլանման:

Սեփական կայսրության տարածքներն ընդարձակելու ժամանակ Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ օգտվել է հայության ծառայություններից: 18-րդ դարում հայ զորավարներն ու այլ զինվորականներ օգնում էին ռուսներին նվաճելու Հյուսիսային Կովկասը, ապա և դեպի հարավ առաջանալուն: Այս կարևոր ծառայություններն ու հայ մարտիկի կերպարը չեն մոռացվել Մոսկվայում: Ռուս մի պաշտոնյա անձնական զրույցում Ղարաբաղի մասին հարցին պատասխանել է, որ ղարաբաղցիները լավ մարտիկներ են և իրենց պետք կգան: Այս խոսքերը փորձվում է կյանքի կոչել հայ-կազակական և նմանատիպ միությունների ստեղծման, նախկին մարտիկներին դրանց մեջ ներգրավման միջոցով: Չեչնիայի չափից դուրս անվերահսկելիությունը, Ռամզան Կադիրովի հսկողությունից դուրս գալը կարող է ստիպել Ռուսաստանին ռազմական նոր արշավ սկսել կովկասյան այս ըմբոստների դեմ: Հյուսիսային Կովկասին հարևան ռուսական երկրամասեր գաղթած շատ հայեր, որոնք ղարաբաղյան պատերազմում ռազմական կարևոր փորձ են ձեռք բերել, հավաքագրվում են տարբեր «բարեկամական» կիսառազմական կառույցների մեջ. նրանց փորձը շուտով պետք կգա Չեչնիայում: Այնպես որ, հայերը Ռուսաստանին հետաքրքրում են ոչ միայն որպես կենսաբանական հումք՝ սեփական դեմոգրաֆիական խնդիրները լուծելու համար, այլ նաև որպես ռազմիկ՝ ըմբոստ տարածքները կամ ցեղային կլանները Մոսկվային ենթարկելու համար: Չի բացառվում, որ նոր գեներալ մադաթովներ ծնվեն Հյուսիսային Կովկասում սպասվելիք առաջիկա պատերազմների համատեքստում: Եվ հայոց պատմության դասագրքերում նոր էջեր կավելանան ռուսական բանակի հայազգի փառահեղ զորավարների մասին, որոնց հաջողվել է հնազանդեցնել Կովկասի ժողովուրդներին և այնտեղ վերահաստատել ռուսական իշխանությունը:

Արդյոք ժամանակը չէ՞ փոխելու հայոց պատմության դասագրքերը. դրանցում չափից դուրս քիչ է հայկական պատմությունը:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում