Հանգամանքների բերումով վերջին շրջանում շատ եմ շփվում արցախյան կոմունիստների հետ, հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչների, որոնք ընտրությունների ժամանակ պայքարում են ժամանակին գոյություն ունեցած սոցիալական արտոնությունների և ծրագրերի վերականգնման համար, ինչպես ասենք, պետության կողմից քաղաքացիներին տրվող բնակարանների ծրագիրն էր կամ անվճար բժշկությունը և բարձրագույն կրթությունը: Արցախյան կոմունիստները խորհրդարանական վերջին երկու ընտրություններին հավաքում են ձայների 4 տոկոսից ավելին և մոտ են Ազգային ժողովում հայտնվելուն:
Թվում է՝ նրանց ցանկացածն ընդամենը բարի հուշեր են անցած-գնացած ժամանակների և պետության կողմից քաղաքացիներին տրվող սոցիալական մեծ փաթեթի վերաբերյալ: Սակայն մի շարք երկրներում պետության կողմից այսօր իրականացվում են ծրագրեր, որոնք նույնիսկ արցախյան կոմունիստները երազել չեն կարող:
Կայուն տնտեսություն և մեկ բնակչին ընկնող մեծ ՀՆԱ ունեցող երկրներում սկսել են մտածել յուրաքանչյուր անձի ամսական երաշխավորված եկամուտի մասին: Եթե Պարսից ծոցի նավթի շնորհիվ հարստացած որոշ միապետություններ հենց ծննդյան օրից ապահովում են իրենց հպատակների բարեկեցությունը, ապա զարգացած մի շարք երկրներում հասարակությունն է նախաձեռնում հանրային միջոցների հնարավորինս արդար բաշխումը բնակիչների միջև:
1986թ. բարեկեցիկ երկրների մի շարք գիտնականներ հիմնեցին BIEN (Basic Income Earth Network) ցանցը, որը ցանկանում էր տարբեր երկրներում հասնել բոլոր քաղաքացիների համար երաշխավորված նվազագույն եկամուտի ներդրմանը: Եվրոպացի գիտնականների և ակտիվիստների հիմնադրած այս շարժումն աստիճանաբար համաշխարհային բնույթ ստացավ՝ նպատակ դնելով փոխել գոյություն ունեցող կարգը: Հարուստ պետությունները պետք է ոչ թե գումարներ ծախսեն թանկարժեք զենքերի ստեղծման/գնման և տիեզերքի նվաճման համար, այլ պետք է գումարները կիսեն բոլոր բնակիչների հետ:
Ռուսական «Նովայա գազետա»-ն գրում է, որ Շվեյցարիայում BIEN-ի ակտիվիստների ջանքերը պսակվել են հաջողությամբ, և շուտով այդ երկրում կանցկացվի հանրաքվե, որով կորոշվի երաշխավորված նվազագույն եկամուտի հարցը: Եթե հանրաքվեում BIEN-ի կողմնակիցները հաղթեն, ապա Շվեյցարիայի յուրաքանչյուր քաղաքացի պետական բյուջեից կստանա ամսական մոտ 2500 շվեյցարական ֆրանկ գումար՝ որպես երաշխավորված ամսական եկամուտ: Տարիներ առաջ ուտոպիստական թվացող այս գաղափարն այսօր արդեն որոշ երկրներում իրականություն է դառնում և մոտենում նոր հասարակությունների:
Այս համատեքստում արցախյան կոմունիստների առաջարկները բավականին համեստ են թվում:
Իրականում արցախյան կոմունիստներն ու BIEN-ի ակտիվիստներն իրենց քաղաքացիների համար ընդամենը մարդկային պայմաններ են ցանկանում՝ ամեն մեկն իր հանրության հարստության համաձայն: Երևույթի անունը կարելի է դնել կոմունիզմ կամ երաշխավորված նվազագույն եկամուտ: Կարևոր չէ: Կարևորն այն է, որ աշխարհում ինչ-որ տեղ, ինչ-որ մի Շվեյցարիայում հասել են նրան, ինչին 70 տարի ձգտում էին մեր հասարակության մի քանի սերունդ և որին այդպես էլ չկարողացան հասնել: Եվ որ այդ ձգտումի հիշատակումը բարի ժպիտ է առաջացնում Արցախի բնակչության միայն 4.5 տոկոսի մոտ:
Հայկ Խանումյան










