Արցախի կառավարությունը համառորեն հերքում էր Արցախից արտագաղթի մասին քննադատությունը: Ավելին` տարբեր գործակալություններին տված հարցազրույցներում երկրի առաջին դեմքերը նշում են, որ բնակչության թիվը մոտենում է 150 հազարի:
Արցախում արտագաղթողների հաշվառման արդյունավետ մեթոդ, ի տարբերություն ՀՀ-ի, չկա: Եթե Հայաստանում բնակչության թիվը կարելի է ստանալ երկիր ժամանողների և մեկնողների թվի տարբերությունից, ապա Արցախում այս մեթոդը չի գործում, քանզի մեկնողների և ժամանողների հաշվառում չի իրականացվում:
Կարծում եմ` իրական վիճակը կարելի է իմանալ` օգտվելով համայնքների և ոստիկանության տված ինֆորմացիայից, և հույս ունեմ, որ իշխանությունները տիրապետում են իրական վիճակին:
Անզեն աչքով կարելի է նկատել, որ արտագաղթի տեմպերն արագացել են 2012թ. նախագահական ընտրություններից հետո, ինչը հայ հասարակություններին ծանոթ երևույթ է: Բնակչության մի մասը, մեծ սպասումներ ունենալով փոփոխություններից և ապա չստանալով իր սպասածը, ընդունում է իռացիոնալ որոշում` հեռանում է հայրենիքից:
Այնուամենայնիվ, կան մի քանի տնտեսական ցուցանիշներ, որոնց միջոցով կարող ենք դատողություններ անել արտագաղթի մասին: Այսպես, համաձայն պաշտոնական տվյալների` 2012թ. ԼՂՀ արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 11,1 տոկոսով, այդ թվում` արտահանումը` 27,4 տոկոսով, իսկ ներմուծումը` 7 տոկոսով: 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ԼՂՀ արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 12,3 տոկոսով, ընդ որում` արտահանումը կրճատվել է 7,6 տոկոսով, իսկ ներմուծումը` 13,2 տոկոսով: Այս դեպքում, երբ նվազել են թե՛ արտահանումը, թե՛ ներկրումը, ապա ստիպված ենք խոսել սպառման ծավալների կրճատման մասին: Ոչ տնտեսագետի հայացքով կարող ենք նկատել, որ սպառման ծավալի կրճատում հնարավոր է սպառողների թվի կրճատման կամ բնակչության մոտ գնողունակության անկման կամ տնտեսական ակտիվության կրճատման պատճառներով: Ինչպես նաև այս ամենը` միաժամանակ:
Արցախի իշխանությունները համառորեն պնդում են, որ ժողովրդագրական միտումները դրական են, երկրում վերջին վեց տարիներին առկա է 9 տոկոս տնտեսական աճ, ավելանում են ներդրումները, ստեղծված են տարածաշրջանում հարկային լավագույն պայմանները: Բայց արի ու տես, որ արտաքին ապրանքաշրջանառության ծավալներն անընդհատ կրճատվում են, և որ ամենատխուրն է, արտահանումը նվազում է երկնիշ թվերով, այն դեպքում, երբ արտահանման մեջ մեծ տեղ ունեն հանքանյութերը:
Վերջին երկու տարվա տնտեսական ցուցանիշները հուշում են, որ Արցախի տնտեսական կյանքում վատ ժամանակներ են սկսվում: Եթե այս ամենին գումարենք նաև բնակչության և տնտեսվարողների համատարած պարտքերը բանկերին և դրանց վճարելու դժվարությունները, ապա վիճակն ավելի ծանր կդառնա:
Այս ամենը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Արցախի կառավարությունը վարել է սխալ քաղաքականություն, և որ վիճակից դուրս կարելի է գալ միայն կառավարման տրամաբանության փոփոխությամբ:
Հայկ Խանումյան










