Տուն պահող տղերքի հասարակություն

Իմ կարծիքով մարդիկ իրենց զարգացածության մակարդակով երեք խմբի են պատկանում: Առաջինն այն մարդիկ են, որոնց համար անձնական/խմբակային շահն ամեն ինչից բարձր է, նրանց մոտ արժեքային համակարգը կառուցված է նյութապաշտության հիմքի վրա, պատրաստ են հնարավոր բոլոր ճանապարհներով՝ առօրյա հոգնեցնող աշխատանքից մինչև քծնանք ու սպանություն հասնել անձնական ամբիցիաների և ցանկությունների բավարարմանը: Շատերի մոտ այդ ամբիցիան բարեկեցության տարրական բաղադրիչներն են, մեկ այլ ուրիշի մոտ՝ երկրի շահութաբեր ոլորտները հսկելու մոլուցքը: Այս երկուսն էլ պատկանում են նույն խմբին ու ընդհանուր առմամբ ունեն նույն որակները:
Երկրորդ խումբն այն մարդիկ են, որոնք իրենց առավելագույնս նույնացնում են ազգի/պետության հետ: Նրանց առավելապես հետաքրքրում է իրենց հայրենիքի հզորությունը, ազգային հզորության տարրերի ավելացումը, ժողովրդի բարեկեցությունը և իհարկե հետագայում նաև ազգային հողահավաքը կամ արտաքին էքսպանսիան՝ նայած ով ինչպիսի երկրում է ապրում: Այս մարդիկ պատրաստ են անձնազոհության հանուն ազգի: Այս խմբի մարդիկ զարգացածության աստիճանով մի գլուխ բարձր են առաջին խմբի մարդկանցից:
Այս դասակարգման ամենազարգացած տեսակը՝ երրորդ խումբը, մարդիկ են, որոնք ամբողջովին նվիրվում են համամարդկային խնդիրների լուծմանն ու մարդկության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելուն՝ պայքարում են ՁԻԱՀ-ի, համաշխարհային տաքացման, սովի դեմ, իրենց անձը նվիրում են վեհ գաղափարների և ծրագրերի իրականացմանը:
Որպես կանոն, հասարակությունների մեծ մասում գերակշռում են առաջին խմբի անձինք, այսպես կոչված «կենցաղային անձինք»: Ես ինձ անձամբ դասում եմ երկրորդ խմբին: Այն երկրները, որոնց էլիտաների մեջ գերակշռում են առաջին և երրորդ խմբերի մարդիկ, դատապարտված են կործանման: Նյութապաշտներն ու կենցաղային հարցեր լուծող էլիտաները հակված են երկիր ծախելուն, իսկ ամբողջովին համաշխարհային/հումանիստական գաղափարներով առաջնորդվող էլիտաների ղեկավարած երկրները տուժում են կոշտ ազգային պետությունների հետ մրցակցության ժամանակ:
Ցավոք, Հայաստանում վերջին տարիներին ստեղծվող զանգվածային մշակույթի միջոցով անընդհատ քարոզվում է նյութապաշտություն, սպանվում են արժեքները, իմաստազրկվում վեհ գաղափարների համար պայքարը: Իշխանությունը վերցրած մարդկանց խումբը ամեն ինչ՝ հանքահումքային ռեսուրսներից, տնտեսության ռազմավարական ճյուղերից մինչև ազգային հպարտություն ու սրբություններ վերածում է փողի, բնականաբար՝ սեփական գրպանի համար: Եվ չի խորշում անգամ ազգի ինքնիշխանությունը ծախելուց: Երիտասարդ գործիչների և պատերազմի մասնակիցների մի խումբ էլ, որոնք իրենց ստացած որակյալ կրթությամբ կամ պատերազմի անցած ուղիով պետք է որ դավանեին ինչ-ինչ արժեքներ, որոնք հատուկ են երկրորդ կամ երրորդ խմբի մարդկանց, ստրկորեն ենթարկվում են երկիրը կառավարող մի քանի հոգուն և դառնում նրանց նյութապաշտական ծրագրերի խղճուկ վավերացնողները:
Առաջին խմբի այս մարդկանց իշխանությունը բերելու է նրան, որ հասարակությունն աստտիճանաբար դառնալու է միատարր՝ առաջին խմբի մարդկանց հասարակություն, որի անդամների մի մասը կրկին իր խմբի տրամաբանությունից ելնելով բռնելու է արտագաղթի ճանապարհը, իսկ մյուս մասը՝ կատարելու է ամենավերջին սրիկայությունը՝ հասարակության մեջ վաստակելով «տուն պահող տղու» պատվավոր տիտղոսը:
Թեմա
Հայկ Խանումյան










