«Բյուջետային ասեղ». նվեր Երևանից Արցախին

Հայաստանում տնտեսական վիճակի վատթարացումը, տնտեսության մեջ ներդրումների անկումը, սոցիալական բևեռացման ուժեղացումը, բնակիչների իրական եկամուտների նվազումը լուրջ ահազանգ են նաև Արցախի համար: Արցախի բյուջեն մեծամասամբ ձևավորվում է ՀՀ-ից տրվող միջպետական վարկի հաշվին, և ՀՀ-ում տնտեսական ցուցանիշների վատթարացումը, նույնիսկ Արցախի հանդեպ ՀՀ կառավարության առատաձեռնության պայմաններում, լրջորեն անդրադառնալու է նաև հայկական երկրորդ հանրապետության տնտեսական վիճակի վրա:
Ժամանակն է, որ ԼՂՀ կառավարությունը հրաժարվի վարվող քաղաքականությունից՝ ամբողջովին բյուջետային անօգտակար աշխատատեղեր ստեղծելուց, և ձեռնամուխ լինի տնտեսության արդյունավետության բարձրացմանը: Արցախի նման սակավ բնակչություն ունեցող երկրում մեծ շռայլություն է երկրի գործունյա բնակչության մեծամասնությանը հեռու պահել ազգային հարստություն ստեղծելու գործընթացից, փակել նրանց բյուջեի հաշվին օրեցօր ավելացող կառավարական կամ գերատեսչական շենքերի սենյակներում: Կառավարությունը պետք է ձեռնամուխ լինի բյուջեն անիմաստ աշխատավարձերից թեթևացնելու գործին՝ խրախուսելով տնետսության իրական հատվածում ներդրումներն ու աշխատատեղերի ստեղծումը: Բավականաչափ ներդրումների բացակայության դեպքում հարկավոր է հարցը լուծել պետական ձեռնարկությունների ստեղծմամբ:
Պետք է մեծացվի նաև կառավարության օգնությունն արցախյան արտահանող ձեռնարկություններին: Առաջին հերթին այս ձեռնարկություններին պետք է զերծ պահել հարկային ծառայության ոտնձգություններից, հնարավոր բոլոր տարբերակներով օգնել նրանց մարկետինգի, դրսում նոր շուկաների որոնման գործում: ԼՂՀ մշտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում կարող են ստանձնել այս դերը:
Անցյալ տարի ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախաձեռնությամբ Արցախում հիմնվեց ձեռագործ գորգերի մեծ ձեռնարկություն: 2013թ. դեկտեմբերին ձեռագործ գորգերի արտադրությունն ազատվեց շահութահարկից: Նման էպիզոդիկ քաղաքականությամբ տնտեսությունը չի զարգանա, հարկավոր են ավելի մասշտաբային քայլեր, ասենք՝ բանակցել ՀՀ-ի հետ՝ Արցախ մտնող հաստոցները և սարքավորումները մաքսավճարից ազատելու համար:
Արցախի ներկայիս իշխանության համար բնակչության վրա վերահսկողություն սահմանելու ամենարդյունավետ տարբերակը նրանց «բյուջետային ասեղին» նստեցնելն է: Այս քաղաքականությունից հրաժարվելը և մասնավոր հատվածի ընդլայնմանը նպաստելը պահանջում է քաղաքական մեծ կամք, քանզի դրա արդյունքում առաջանալու է անկախ քաղաքացիների զգալի զանգված: Իշխանական մերկանտիլիզմը պահանջում է շարունակել պոպուլիստական քաղաքականությունը և բյուջեի հաշվին ստեղծել քիչ վարձատրվող աշխատատեղեր: Երկրի շահը պահանջում է մեծացնել ազգային հարստություն ստեղծող անձանց թիվը, կրճատել ուռճացված պետական համակարգը և ներդրումներ ներգարվել/անել իրական տնտեսության մեջ:
Վերջին վեց տարիների ընթացքում ԼՂՀ կառավարությունը չի ունեցել համապատասխան քաղաքական կամք այս բարեփոխումները կատարելու համար: 2014թ. բյուջեն հուշում է, որ կառավարությունը շարունակելու է նախկին տարիների քաղաքականությունը: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Երևանը շարունակելու է զգալի գումարներ ներդնել Արցախում կառավարման անարդյունավետության և տնտեսական լճացման մեջ:
Հայկ Խանումյան










