ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ չէ Թեհրանի մասնակցությանը սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովին՝ Ժնև-2-ին, սակայն միայն այն դեպքում, եթե Իրանը աջակցի 2012թ․ Սիրիայի հարցով ընդունված ժնևյան կոմյունիկեին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Այս հայտարարությունը Քերին արել է հունվարի 13-ին Փարիզում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ)՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսին։
Նախկինում Միացյալ Նահանգները դեմ էր հանդես գալիս սիրիական խնդրի վերաբերյալ բանակցություններում Իրանի մասնակցությանը։
Հունվարի 5-ին այցով լինելով Իսրայելում՝ Քերին հայտարարել էր, որ Իրանին դժվար է պատկերացնել որպես նախարարների մակարդակով գործընկեր Ժնև-2 համաժողովին, քանի որ Թեհրանը չի աջակացել Սիրիայի հարցով 2012թ․ միջազգային համաձայնագրին՝ Ժնև-1 համաժողովի (որին Թեհրանը հրավիրված չէր) ամփոփիչ հայտարարությանը։
2012թ․ հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեում խոսվում է շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ անցումային կառավարության ձևավորման մասին՝ Սիրիան ժողովրդավարական պլյուրալիստական, մարդու իրավունքների լիակատար հարգում երաշխավորող պետություն դարձնելու համար։
Սերգեյ Լավրովն ու Լախդար Բրահիմին նշել են, որ Իրանը պետք է մասնակցի համաժողովին։
ՄԱԿ-ի և ԱՊԼ բանագնացը նաև հայտարարել է, որ Ժնև-2-ի նախապատրաստումների շրջանակում աշխատանք է տարվում Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև ուղիղ բանակցությունների կազմակերպման ուղղությամբ։
Փարիզի հանդիպմանը Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը քննարկել են Սիրիայում «տեղայնացված հրադադարի» հնարավորությունը։
Լավրովը նաև հաստատել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը աշխատում են՝ «ընդլայնելու մարդասիրական օգնության մատչումը այն շրջաններ, որոնք այժմ արգելափակված են»։
Ռուսաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել են, որ դիտարկվում է նաև գերիների փոխանակման հարցը։
Ծրագրված է, որ Ժնև-2 համաժողովը տեղի է ունենալու հունվարի 22-ին: Դրան մասնակցելու են Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները, պատվիրակներ Չինաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և ևս մոտ 30 երկրից, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱՊԼ-ի, Եվրամիության և Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ։
Ժնև-2 համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր համաժողովն անցկացնել 2013թ․ հունիսի սկզբին։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











