Ռուսաստանը համոզված է Իրանի՝ սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովին՝ Ժնև-2-ին, մասնակցելու անհրաժեշտության հարցում, սակայն չի հասկանում, թե ինչու են հենց Թեհրանից պահանջում հաստատել կողմնակցությունը Ժնև-1-ին։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հունվարի 16-ին իր իրանցի պաշտոնակից Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով, Ժնև-2 համաժողովի մասնակիցների շարքում պետք է լինեն Իրանն ու Սաուդյան Արաբիան։
Ընդ որում՝ Իրանի արտգործնախարարն ասել է, որ Թեհրանը կհրաժարվի Ժնև-2-ին մասնակցությունից, եթե իր առջև դրվեն նախապայմաններ։
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իրանին անհրաժեշտ է ընդունել Ժնև-1 հանդիպման կոմյունիկեն, որպեսզի դիտարկվի նրա՝ Սիրիայի հարցով նոր համաժողովին մասնակցության հնարավորությունը։
2012թ․ հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեում խոսվում է Սիրիայում անցումային կառավարության ձևավորման մասին՝ երկիրը ժողովրդավարական, մարդու իրավունքների լիակատար հարգում երաշխավորող պետություն դարձնելու համար։
Ծրագրված է, որ Ժնև-2-ը տեղի է ունենալու հունվարի 22-ին: Համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր համաժողովն անցկացնել 2013թ․ հունիսի սկզբին։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











