Քիչ բյուրոկրատիա, ապակենտրոնացում, արդյունավետություն

Այս երեք գաղափարն Արցախում կառավարման նոր տրամաբանություն մտցնելու հիմքերն են: Ներկայիս կառավարման համակարգը խորհրդայինի իներցիոն տարբերակն է, այն տարբերությամբ միայն, որ պետական ձեռնարկություններին փոխարինելու են եկել իշխանական ձեռնարկությունները: Ես հակված չեմ մտածելու, որ Արցախի իշխանությունները չեն մտածում բարեկեցության մակարդակը բարձրացնելու մասին: Սակայն վստահ եմ, որ այսօրվա վարվող քաղաքականությամբ դրան հասնելն անհնար է:
Իշխանության եկած անձինք ստացել են այնպիսի կրթություն (ֆորմալ և ոչ ֆորմալ), դավանում են այնպիսի արժեքներ, ժառանգել են կառավարման այնպիսի ավանդույթներ, որոնցով անհնար է ապահովել արդյունավետություն և զարգացում երկարաժամկետ կտրվածքով: Արցախի գործող իշխանությունների մոտ բնակչությանը աշխատանքով ապահովելու հարցը կարևորագույններից է:
Ինչպես Խորհրդային Միությունում, Արցախում նույնպես պետությունը (իշխանությունը) պարտավորված է զգում իր բնակիչներին ապահովել աշխատանքով: Սակայն ի տարբերություն ԽՍՀՄ-ի, որտեղ գոյություն ուներ պետական ձեռնարկատիրություն, Արցախում իշխանությունը աշխատատեղերի խնդիրը հիմնականում լուծում է բյուջետային աշխատողների թվի ընդլայնմամբ: Մեծացնում է բյուրոկրատիան, 100 աշակերտին ընկնող ուսուցիչների թվով աշխարհում կարող է հավակնել առաջնային դիրքի և այլն:
Բյուջեի զգալի մասն այսպիսով դառնում է քիչ արդյունավետ աշխատող մարդկանց աշխատավարձ: Ընդ որում, այս աշխատավարձը ոչ այլ ինչ է, քան գոյատևելու դիմաց տրված վճար, ինչը չի ենթադրում տվյալ անհատի զարգանալու կամ հարստանալու հնարավորություն: Բազմաթիվ ներուժ ունեցող անձինք, դառնալով այս բյուրոկրատիայի մաս, աստիճանաբար լճանում են, կորցնում իրենց մասնագիտական որակները: Կրթությունը դառնում է ձևական և ավելորդ, քանզի առկա են բազմաթիվ բյուջետային աշխատատեղեր, որոնք զբաղեցնելու համար գիտելիք և հմտություն պետք չէ:
Բյուջետային միջոցների բաշխումը տեղի է ունենում խիստ կենտրոնացված համակարգով: Տեղական փոքրիկ միջոցների ֆոնին սա կարևոր գործոն է համայնքները, ուսումնական հաստատությունները կառավարության բռի մեջ պահելու համար: Մեծաքանակ բյուրոկրատիան ենթադրում է նաև կենտրոնացված կառավարում: Կենտրոնացվածությունն իր հերթին բերում է անարդյունավետության: Եթե մի քանի բառով սահմանենք Արցախում իրականացվող ներկայիս կառավարումը, այն կհնչի այսպես՝ մեծաքանակ բյուրոկրատիա, կենտրոնացվածություն, անարդյունավետություն:
Ի՞նչ անել, և արդյո՞ք սխալ է անում կառավարությունը, երբ մտածում է նոր աշխատատեղեր ստեղծելու մասին:
Կառավարությունը պետք է մտածի ոչ թե բյուրոկրատիայի թիվն ավելացնելու մասին, այլ տնտեսության ծավալների աճի և ներդրումների ներգրավման մասին: Բնականաբար դրա համար հարկավոր են համապատասխան պայմաններ և առաջին հերթին արդեն իսկ աշխատող տնտեսվարողներին հարկային տույժերով ու տուգանքներով չխեղդելու կամք:
Հարկավոր է կրճատել բյուրոկրատիայի թիվը և տնտեսված գումարները ներդնել ենթակառուցվածքների ստեղծման մեջ, ինչն ինքնին ենթադրում է նոր հնարավորությունների ստեղծում տնտեսական զարգացման համար: Պետք է կենտրոնի բազմաթիվ լիազորություններ պատվիրակել համայնքներին՝ մեծացնելով արդյունավետությունը և նախաձեռնողականությունը: Մի խոսքով՝ խորհրդային վարչական կառավարումից պետք է անցում կատարել հանրային կառավարման: Այլապես արժանանալու ենք այն ճակատագրին, ինչ խորհրդային պետությունը:
Հայկ Խանումյան










