Գլխավոր Լրահոս

Ինչպե՞ս պատասխանել շանտաժային դիվանագիտությանը

Ինչպե՞ս պատասխանել շանտաժային դիվանագիտությանը
Հունվարի 24-ին Փարիզում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ես չեմ սիրում բանակցային գործընթացի մասին կարծիք հայտնել կամ մեկնաբանություն տալ, ինչի համար իմ պատճառներն ունեմ: Հետպատերազմական բանակցությունների 20-ամյա փորձը ցույց է տալիս, որ որևէ սպասելիք պետք չէ ունենալ, հատկապես վերջին տարիներին: Կողմերը ոչ միայն չեն մոտենում կարգավորմանը, այլև այնպիսի «փոքր» հարցերի լուծմանը, ինչպիսին դիպուկահարների հետքաշումն է: Ավելին, ես կարծում եմ, որ նման հարցերը բանակցությունների սեղանի շուրջ չեն լուծվում: Ես վստահ եմ, որ ո´չ Ս. Սարգսյանը, ո´չ Բ. Սահակյանը, ո´չ Ի. Ալիևը պատրաստ չեն կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրել: Անարդյունք կբանակցեն, մեկ-երկու տարի «կխռովեն», հետո էլի անարդյունք կբանակցեն` մինչև իշխանության գան այլ մարդիկ: Հրաշալի է, երբ կան համապետական ընտրություններ, որոնցով մարդիկ կարող են պատճառաբանել բանակցային գործընթացի դանդաղումը: Մի խոսքով, ես բանակցողների մոտ արդյունքի հասնելու կամք չեմ տեսնում: Հաջորդ պատճառը. առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը բանակցությունների է գնում դիվերսիայից հետո: Սա Ալիևի շանտաժային դիվանագիտության մաս է կազմում: Ո՞րն է այս շանտաժային դիվանագիտության իմաստը: Ադրբեջանը կատարում է դիվերսիաներ, ակտիվացնում է դիպուկահարներին, այնուհետև բանակցությունների ժամանակ այդ ամենը չկատարելու դիմաց զիջումներ է պահանջում: Ադրբեջանի այս պրակտիկան պետք է վերացնել, և վերացնողը պետք է լինեն մեր զինված ուժերը: Պատերազմից հետո Ադրբեջանը որոշ չեզոք տարածքների հաշվին (նեյտրալկաներ) առաջ է տվել իր դիրքերը: Մեր զինվորականության մեջ կա վճռականություն և ցանկություն թշնամուն շպրտելու նախկին դիրքեր, սակայն չկա քաղաքական իշխանությունների թույլտվությունը: Կարծում եմ, որ ՀՀ և ԼՂՀ իշխանությունները պետք է ավելի համարձակ լինեն և թշնամու զինուժի նկատմամբ հստակ պատժիչ և կանխարգելիչ քայլեր կատարեն: Միայն այս ձևով մենք կարող ենք վերջ տալ Ադրբեջանի շանտաժային քաղաքականությանը: Այլապես մեր հասարակության մեջ էլ են սկսում տրամադրությունների փոփոխություններ տեղի ունենալ, և զինվորի կողմից պարտքի կատարումը, թշնամու դիվերսիան հետ մղելն արդեն ընկալվում է որպես անօրեն սխրանք և հերոսություն, այլ ոչ սովորական երևույթ: Եթե թշնամին դիպուկահարային պատերազմ է վարում, ապա բանակցությունների միջոցով դրան վերջ տալն անմտություն է, լավագույն տարբերակը դիպուկահարներին վերջ տալն է: Թշնամու դիվերսիային պետք է պատասխանել դիրքերն առաջ տալով և թշնամու կենդանի ուժը ոչնչացնելով: Սա, քաղաքական կամքից բացի, ենթադրում է առաջնագծում պայմանագրային, պրոֆեսիոնալ ստորաբաժանումների ստեղծում: Ոչ այնքան մեծ ջանքեր, ինչն ի չիք կդարձնի Ադրբեջանի շանտաժային դիվանագիտությունը և առավելություն կտա հայկական կողմերին բոլոր ճակատներում:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում