Գլխավոր Լրահոս

Հայաստանի ձախացումը

Հայաստանի ձախացումը
Հետխորհրդային Հայաստանի քաղաքական դաշտում աջ հոսանքներն ու գաղափարներն ավելի գերիշխող են եղել: Ձախ ուղղությամբ ուժերից 1990-ականների ամբողջ ընթացքում ամենահզորը մնում էին կոմունիստները, որոնք, շնորհիվ խարիզմատիկ լիդեր Սերգեյ Բադալյանի, ինչպես նաև սոցիալ-տնտնեսական վիճակով պայմանավորված նոստալգիկ տրամադրությունների՝ համակրանք էին վայելում հայաստանյան հասարակության զգալի հատվածի մոտ: Սրանով հանդերձ 90-ականներին թե՛ Հայաստանի իշխանությունը, թե՛ ընդդիմության հիմնական մասը աջեր էին՝ կողմնակից ազատական տնտեսության: 2000-ից ՀՀ-ում իշխանության է գալիս պահպանողական համարվող ուժ, որը սկսում է անվերապահորեն կատարել միջազգային ֆինանսական կառույցների խորհուրդները, օտարում պետությանը պատկանող ակտիվների մեծամասնությունը, քվազի-ազատական քաղաքականությամբ վերածվում օլիգարխիկ-կոմպրադորական ուժի՝ ազգային շահագործող խմբի, որն օտարերկրյա կապիտալի հետ միասին անխնա շահագործում է երկրի ընդերքը, մենաշնորհներով խեղդում տնտեսության զարգացումը և ոչնչացնում ընտրությունների (օրինական ճանապարհով իշխանափոխության) մեխանիզմը: Այս ուժի քաղաքական հիմնական ընդդիմությունը նույնպես աջեր են: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ շահագործման ենթարկվող ժողովուրդների մոտ աստիճանաբար ընկալելի են դառնում ձախ գաղափարները, հիմնականում սոցիալիզմն ու սոցիալ-դեմոկրատիան: Օտարին հանձնված ձեռնարկությունների ազգայնականացումը դառնում է ձախ ուժերի հաղթաթուղթը տարբեր երկրների ընտրություններում: Չե Գևարայի կյանքի ուղին մեծապես ազդում է երիտասարդության ձախացմանը, հետպատերազմյան շրջանում Լատինական Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում աստիճանաբար ձևավորվում են ձախ կառավարություններ, միտումը հասնում է ընդհուպ Արևմտյան Եվրոպա: Վերջին երեք տասնամյակը կարելի է համարել աջ գաղափարների հաղթարշավի ժամանակաշրջան, սա ներառում է ինչպես արևմտյան ազդեցիկ երկրներում աջ ուժերի իշխանության գալը, այնպես էլ սոցիալիստական ճամբարի փլուզումը և նորանկախ երկրներում աջ էլիտաների առաջացումը: Այս երկրների մի մասում, այդ թվում Հայաստանում, նոր էլիտաները երկրները հասցրել են մի վիճակի, երբ բարձր է աղքատության մակարդակը, մեծ են սոցիալական դժգոհությունները, առկա է ինքնիշխանության կորստի վտանգ: Որպես կանոն՝ այս դեպքերում ժողովրդի մոտ ձախ գաղափարների վերելք է նկատվում, ինչն աստիճանաբար բերում է նոր, ձախ էլիտաների ձևավորմանը հասարակության մեջ: Թեև Հայաստանում (ներառյալ Արցախը) ձախ քաղաքական ուժերն այնքան էլ ուժեղ չեն, սակայն պատմական օրինաչափությունը ցույց է տալիս, որ ինքնիշխանության պահպանման, ազգային տնտեսության հետբերման միակ ճանապարհը լինելու է Հայաստանի ձախացումը: Այս ծանր բեռը ընկած է նոր սերնդի գործիչների ուսերին: Ծանր, որովհետև աշխարհի տարբեր երկրներում շատ ձախացումներ ուղեկցվել են անդառնալի կորուստներով, ինչը մեզ մոտ անթույլատրելի է:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում