Հղիների հարկ՝ ժողովրդագրական ճգնաժամի երկրում

Արցախի թերբնակեցումը, Հայաստանից ահագնացող չափերի հասնող արտագաղթը ազգային անվտանգությանը սպառնացող գլխավոր խնդիրներն են: Արդյո՞ք ՀՀ և ԼՂՀ իշխանությունները համարժեք պատասխանատվությամբ են ընկալում այս խնդիրները, դժվար է ասել:
Արտագաղթի և դատարկվող գյուղերի վերաբերյալ ՀՀ իշխանությունների ցինիկ մեկնաբանությունները հուշում են, որ վերնախավում շատերը կորցրել են իրականության զգացումը: Միգուցե բնակչության թվի վերաբերյալ իսկական տվյալնե՞րն են նիհիլիզմ արթնացրել հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, որոնք էլ այս երևույթին պատասխանում են ակնհայտ ցինիզմով և ազգային թերարժեքության բարդույթի ցուցադրումով:
Ժողովրդագրական խնդիրների լուծման համար մի շարք երկրներ խրախուսում են այն տնտեսվարողներին, որոնք տանից աշխատելու պայմաններ են ստեղծում իրենց աշխատակից կանանց համար: Փորձը ցույց է տալիս, որ սա ամենաարդյունավետ տարբերակն է ծնելիությունը խրախուսելու համար:
Տարբերակները կարող են լինել բազմաթիվ՝ նպաստներից մինչև ապագա մայրերի համար աշխատանքային նպաստավոր պայմանների ստեղծում: Հակառակ գործընթացն էլ կա, երբ բնակչության մեծ խտություն ունեցող շատ երկրներ մտածում են ծնելիության սահմանափակման մասին: Սակայն դժվար է գտնել աշխարհում մեկ երկիր, որն ունենա ժողովրդագրական լրջագույն խնդիրներ, սակայն իր քաղաքականությամբ զսպի ծնելիությունը:
Հարկային վերջին «բարեփոխումների» շնորհիվ, Արցախում օրինակ, սկսել են հարկեր գանձել նաև հղիության և ծննդաբերության արձակուրդի համար տրվող գումարից: Սա ինքնին ենթադրում է, որ գործատուները կխուսափեն երիտասարդ կանանց և աղջիկներին աշխատանքի վերցնել: Այն ընտանիքները, որոնք միայն մեկ աշխատողի հույսին են, որպես կանոն շատ երեխաներ չեն նախատեսում:
Այսպիսով, հարկային քաղաքականության միջոցով կառավարությունը սահմանափակումներ է դնում ժողովրդագրական աճի համար:
Այս քաղաքականության հետևանքները տեսանելի կլինեն տարիներ անց: Արցախի կառավարությունն առաջիկա տարիներին իհարկե կշարունակի ներկայացնել վիճակագրության թվերն Արցախի բնակչության աճի մասին, կխոսի ծնելիության աճի ուղղությամբ կատարած քայլերի և այլ գովելի գործողությունների մասին: Այս ամենի մասին պատմող նյութերն իհարկե որոշակի լայքեր կհավաքեն Սփյուռքի և Հայրենիքի ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից, ու կգրվեն Ստեփանակերտի կառավարությանը գովերգող մեկնաբանություններ:
Իսկ բնակչության լայն զանգվածների մոտ Երևանի և Ստեփանակերտի կառավարությունները կմնան սոսկ որպես հղիներին հասանելիք արձակուրդը հարկողներ:
Ժողովրդագրական խնդիրների հայկական այս յուրահատուկ լուծումը կարող է տեղ գտնել հանրային կառավարման տարբեր դասագրքերում, որպես կառավարող վերնախավի դեգրադացման վերջին աստիճան:
Հայկ Խանումյան










