Գլխավոր Լրահոս

Ուկրաինական ճգնաժամը. Պուտինի սխալները

Ուկրաինական ճգնաժամը. Պուտինի սխալները

Իշխանության գլուխ երկար մնալը, հատկապես հակակշիռների բացակայության դեպքում, ավտորիտար ձգտումներից բացի առաջացնում է հիմարության որոշակի աստիճան, որը շատ ղեկավարների համար կործանարար է եղել: Որպես կանոն` առաջանում է անիրականանալի իդեա-ֆիքս (արաբական երկրները միավորելը, պանթյուրքիզմը, Եվրասիական միությունը և այլն), որը պահանջում է հսկայական ջանքեր ու եռանդ և որպես կանոն ավարտվում է ողբերգություններով ու տապալումներով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երրորդ անգամ ստանձնելով նախագահի պաշտոնը, վերը նկարագրված փուլն է մտել իր Եվրասիական միության իդեա-ֆիքսով: Որպես կանոն՝ այդ իդեա-ֆիքսերը պարուրված են լինում բազմաթիվ կարծրատիպերով: Դրանցից ամենախոշորը վերաբերում է Ուկրաինայի դերին ու նշանակությանը: Եվրասիականության տեսաբանները, ինչպես նաև աշխարհաքաղաքականության արևմտյան մասնագետներն Ուկրաինային Ռուսական կայսրության մեջ վերապահում են առանցքային դեր, ավելին, կայսրության վերստեղծումը պայմանավորում են Ուկրաինայի Եվրասիական միության մաս կազմելով միայն: Հենց այս կարծրատիպն է, որ այսօր դարձել է ուկրաինական ողբերգության պատճառը:

Ուկրաինան մասնատման առջև է կանգնած: Սա ամենամեծ վտանգն է, որ կարող է սպառնալ Ռուսաստանին: Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան, այլ երկրներ ևս անհամբեր սպասում են այս պահին՝ փորձելով հավակնել այն տարածքներին, որոնք ժամանակին իրենց են պատկանել: Ուկրաինային ստիպելով հրաժարվել Եվրամիության  հետ ասոցացման համաձայնագրից՝ Պուտինը ստեղծեց մի վիճակ, որն առաջին հերթին Ռուսաստանի դեմ է ուղղված:

Այդ ամենը Պուտինն արեց՝ ոչնչացնելով իր գրեթե բոլոր դաշնակիցներին՝ ռուսամետների կուսակցությունը Ուկրաինայում՝ նախագահ Յանուկովիչի գլխավորությամբ, և Հայաստանի քաղաքական դաշտն ամբողջությամբ: Այս ուժերն ամբողջովին վարկաբեկվեցին սեփական հասարակությունների առջև և դարձան անվստահելի գործընկերներ միջազգային ասպարեզում:

Պուտինյան ճնշումը հնարավորություն տվեց ուկրաինական ազգայնական ուժերին, որոնք հակառուսական պայքարի հիանալի ավանդույթներ և փորձ ունեն, դառնալ լուրջ հեղինակություն Ուկրաինայի մեծ մասում: Ուկրաինան այժմ մասնատման լուրջ վտանգի առջև է կանգնած, և այդտեղ ամենամեծ «ներդրումը» Վլադիմիր Պուտինինն է:

Կարո՞ղ էր արդյոք Պուտինն այլ կերպ վարվել, ասենք՝ չխոչընդոտել Ուկրաինայի ԵՄ ասոցացումը, ինչը թույլ կտար զգալիորեն բարձրացնել ռուսամետ Յանուկովիչի հեղինակությունը և ապահովել նրա վերընտրությունը: Նույն 15 միլիարդ դոլարը, որը Մոսկվան խոստացել է Ուկրաինային եվրաինտեգրումից հրաժարվելու դիմաց, կարելի էր ներդնել ԵՄ-ի հետ ասոցացված Ուկրաինայում և ունենալ տնտեսական շահույթներ ԵՄ-ի հետ արտոնյալ առևտրից: Ի վերջո, ամենամեծ շահը՝ կպահպանվեր Ուկրաինան ներկայիս սահամաններով:

Այս սցենարը, սակայն, այլ մտածելակերպ և ռազմավարություն է պահանջում, ինչը հասանելի չէ կայսերապաշտական նկրտումներ ունեցող էլիտաներին: Կայսրությունները չեն մտածում, նրանք ուժ են կիրառում: Եվ երբ հայտնվում են դիմադրելու ունակ ուժեր, կայսրությունները դադարում են գոյություն ունենալուց: Իսկ նման ուժեր միշտ էլ հայտնվում են, երբ կայսրությունը խոսում է միայն պարտադրանքի լեզվով: Հենց այս սխալն է, որ ֆիկտիվ Եվրասիական միության ինքնահռչակ կայսրը կրկնեց Ուկրիանայի դեպքում: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում