Հաշտվե՞լ արդյոք Մաքսային միություն մտնելու հետ

Տարրական գիտելիքներ ունեցող և լրատվությանը պարբերաբար հետևող յուրաքանչյուր անձի համար հստակ է, որ Սերժ Սարգսյանը կամովին չէ հայտարարել Մաքսային միություն մտնելու Հայաստանի ցանկության մասին: Ինչքան էլ ՀՀ կառավարության և իշխող կուսակցության ղեկավար անդամները հայտարարեն Մաքսային միության գրավչության մասին, պարզ է, որ վերջիններիս նույնիսկ սեփական ընտանիքի անդամները չեն հավատում, այն պարզ պատճառով, որ նրանք սեպտեմբերի 3-ից առաջ ամբողջովին հակառակ բաներ էին ասում և «երկաթե» փաստարկներ բերում իրենց ասածը հիմնավորելու համար:
Հնարավո՞ր էր արդյոք հրաժարվել Մաքսային միությանը միանալու մասին հայտարարելուց: Ինչպես ցույց տվեցին ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների Մաքսային միություն մտնելու Հայաստանի «արտակարգ» պատրաստակամության մասին հեգնական արտահայտությունները, Ռուսաստանն այնքան էլ չի ստիպել Սերժ Սարգսյանին այդ հայտարարությունն անելու համար: Այսինքն, Հայաստանից պահանջվում էր սեփական երկրի շահերը գիտակցող ղեկավարություն, որը, թեկուզ ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագիրը նախաստորագրելը հետաձգելու գնով, կարողանար պնդել Մաքսային միությանը Հայաստանի չմիանալու նպատակահարմարության մասին՝ միաժամանակ մնալով Ռուսաստանի կարևորագույն գործընկերը Հարավային Կովկասում: Սակայն պարզվեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է անմիջապես անել բոլոր այն հայտարարությունները, որոնք Ռուսաստանը կցանկանա:
Թվում էր, թե Սերժ Սարգսյանի սեպտեմբերերեքյան հայտարարությունը փոթորիկ կառաջացնի հայաստանյան քաղաքական դաշտում: Սակայն պարզվում է, որ հիմնական քաղաքական դերակատարները հաշտվել են Մաքսային միություն մտնելու փաստի հետ:
Սա թերևս կարելի է բացատրել Ռուսաստանի նկատմամբ վախով: Ռուսաստանի դերն ու նշանակությունն այնքան է ուռճացված Հայաստանի ներքաղաքական կյանքում, հայաստանյան քաղաքական ու պետական գործիչները տարբեր հարցերով այնքան շատ են դիմում ռուսաստանյան տարբեր շրջանակների, որ թվում է՝ Ռուսաստանի շահերից չբխող որևէ հայտարարություն կարող է վերջ տալ իրենց քաղաքական գործունեությանը: Այնինչ, մեզ պետք է այնպիսի քաղաքական էլիտա, որը կարող լինի աշխարհին բացատրել ու հարգել տալ Հայաստանի շահը: Տվյալ դեպքում, այնպիսի էլիտա է պետք, որը կարողանար Ռուսաստանին բացատրել, որ ԵՄ հետ ասոցացումը չի վնասում Ռուսաստանի շահերին, ավելին, ուժեղ ու զարգացած Հայաստանը ամբողջովին բխում է հյուսիսային գերտերության շահերից:
Կարելի է վստահ լինել, որ սեփական շահը գիտակցող պետություններին ամենաշատն են հարգում, նրանց հեղինակությունն ու դիրքն աշխարհում ավելի բարձր է, տարածաշրջանային քաղաքականություն ծրագրելիս պարտադիր հաշվի են նստում նրանց հետ: Երկիրը, որն ի վիճակի չէ պնդել իր շահերը, կես խոսքից հրաժարվում է իր շահերի պաշտպանությունից, դադարում է սուբյեկտ լինելուց և ուղղակի դառնում առևտրի առարկա տարբեր սուբյեկտների փոխհարաբերություններում:
Ժամանակն է հրաժարվել հոգնած էլիտաներից, որոնք առաջնորդվում են 70-ամյա ժամանակաշրջանում ձևավորված կարծրատիպերով, անարդյունավետ են և որոնց նկատմամբ տարբեր կոմպրոմատներ կան: Հայաստանին պետք է սեփական երկրի շահերն առաջ մղելու պատրաստ, գրագետ, արդյունավետ նոր էլիտա, որն աշխարհին կներկայացնի կանխատեսելի, հստակ ձևակերպված շահերով երկիր, որը կլինի վստահելի պետություն դաշնակիցների և գործընկերների համար: Պետք չէ հաշտվել Մաքսային միություն մտնելու հեռանկարի հետ, պետք է ձերբազատվել դրա հետ հաշտվելու կոչեր անողներից և Ռուսաստանի հետ նոր ու արժանապատիվ հարաբերություններ կառուցելու ունակ քաղաքական գործիչներ բերել ասպարեզ:
Թեմա
Հայկ Խանումյան










