Գլխավոր Լրահոս

Նոր իրողություններ, նոր քաղաքականության անհրաժեշտություն

1991թ. վերջին, երբ արդեն ԽՍՀՄ փլուզումն իրողություն էր, միջազգային հանրությունը և հատկապես Եվրոպական ընկերակցության երկրները որոշեցին նորանկախ երկրներին ճանաչել նախկին միութենական հանրապետությունների սահմաններում: Այսպես ԽՍՀՄ տարածքում առաջացան 15 նորանկախ, միջազգայնորեն ճանաչված երկրներ: ԽՍՀՄ տարածքի ինքնորոշված ինքնավար հանրապետությունների և ինքնավար մարզերի նկատմամբ նման մոտեցում չորդեգրվեց, քանզի վախ կար, որ այս նոր պետական միավորումներն ի վիճակի չեն լինի երկար գոյատևել: Ավելին, շատ վախեր կային միութենական հանրապետությունների նկատմամբ:

Ժամանակը ցույց տվեց, որ մտավախությունների մի մասը չափազանցված էր, և ինքնորոշված ու նախկինում ԽՍՀՄ ինքնավար միավորումների կարգավիճակ ունեցող երկրներից ոմանք բավական կենսունակ դուրս եկան: Օրինակ Արցախը տարբեր ցուցանիշներով՝ տնտեսական, պետական կառույցների կայացվածության, ժողովրդավարական և այլն շատ ավելի նպաստավոր վիճակում է, քան նախկին միութենական որոշ հանրապետություններ:

1991-ից անցել է 23 տարի, և ի հայտ են եկել նոր իրողություններ: Մասնավորապես, ԽՍՀՄ տարածքի որոշ նախկին ինքնավարությունների տարածքում ստեղծված պետությունները ճանաչվել են այլ երկրների կողմից: Ակտիվորեն փոխվել են միութենական հանրապետությունների տարածքները, և այս գործընթացը տեղի է ունենում անընդհատ:

Վերջին թարմ օրինակը Ղրիմն է, խորհրդային տարիների ինքնավար միավորներից մեկը, որն օրերս Ուկրաինայից անցավ Ռուսաստանին: Ձևավորվել են նոր իրողություններ, որոնց հետ հաշվի չնստելը ջայլամի հայտնի վարքագիծն է հիշեցնում: Խորհրդային ղեկավարների կամայականորեն գծած սահմաններն աստիճանաբար վերանում են, նորերը գծվում են նոր ժամանակների և հանգամանքերի ազդեցության ներքո, հաճախ՝ զենքի ու արյան միջոցով կամ շնորհիվ:

Արցախի հարցում բեկում ակնկալելու համար մենք պետք է այս ամենը ժրաջանորեն հասցնենք տարբեր վերլուծական կենտրոններին, համալսարանական շրջանակներին, ի վերջո որոշում ընդունողներին: Ժամանակն է, որպեսզի Ստեփանակերտը հստակեցնի գործողությունները և սփյուռքահայ լոբբիստական կազմակերպությունների առջև հստակ խնդիրներ դնի Արցախի ճանաչման հարցում: Թեև Արցախի այսօրվա իշխանությունները նման նախաձեռնողականությամբ աչքի չեն ընկել, սակայն ժամանակն է գոնե մտածել դրա մասին: Գլխավոր դեր կարող է ունենալ Արցախի ԱԳՆ-ն՝ ստանձնելով նաև նոր քաղաքականության մշակման գործը: Հաշվի առնելով, որ նախագահականում լճացած վիճակ է, և նոր գաղափարների գեներացման աղբյուրներ այնտեղ չկան, ԱԳՆ-ն պետք է իր ձեռքը վերցնի քաղաքականություն մշակելու գործառույթը: Սա պահանջում է մի քիչ համարձակություն, մի քիչ ակտիվություն, Արցախի հատուկենտ վերլուծական կենտրոնների հետ աշխատելու ունակություն: Չի կարելի մնալ երևանյան խորհուրդների հույսին, Ստեփանակերտը պետք է լուրջ հայտ ներկայացնի քաղաքականություն մշակողի դեր ստանձնելու գործում: Սա կարևորագույն քայլ է ճանաչման հասնելու համար: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում