Գլխավոր Լրահոս

100-րդ տարելիցին ընդառաջ

100-րդ տարելիցին ընդառաջ
Ցեղասպանության 100-րդ տարելիցը հարմար մեկնակետ է, որպեսզի հայությունը նոր մեխանզիմներ մտածի Հայրենիքում արժանապատիվ կյանք ստեղծելու, հայրենադարձության հսկայածավալ ծրագրեր իրականացնելու և տարածաշրջանում հայության դիրքերի ամրապնդման համար: (Լուսանկարը՝ Ֆոտոլուրի) 2015թ. ապրիլին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը ոգեկոչելու է պատրաստվում ոչ միայն հայությունը: Արդեն իսկ նշմարվում են, թե տարբեր դերակատարներ ինչպես են դիմավորելու 2015թ.: Թուրքիայի ներգրավվածությունը Քեսապի շուրջ տեղի ունեցող դեպքերին հստակ ուղերձ էր հայությանը: Հայաբնակ շրջանի գրավմանն ու հայաթափմանը աջակցելով՝ Թուրքիան ցույց է տալիս, որ հայկական հարցում մնում է ագրեսիվ և կոշտ: Միևնույն ժամանակ պատմությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի անզիջում կեցվածքը հայության մեջ մեծացնում է պարտվողականությունը, վախերը, խաղաղասիրական տրամադրություններն ու հաշտության գնալու քայլերը: Ռուսաստանին ձեռնտու է Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը և հայության մեջ վախերի սերմանումը: Վախեցած ժողովուրդները հակված են հովանավորներ գտնելու, հին վախերի ուժեղացումն առաջացնում է անվտանգության երաշխավորի նկատմամբ ավելի մեծ պահանջ: Հետևաբար Ռուսաստանն իր տեղեկատվական և ապատեղեկատվական ամբողջ ներուժով, Հայաստանի ռուս «բարեկամներով» և Հայաստանի ռուսամետ գործիչներով կփորձի ուժեղացնել հայության վախերը՝ «ի՞նչ է, ուզում եք՝ Թուրքիա՞ն զբաղեցնի Ռուսաստանի տեղը» ընդհանուր ձևակերպմամբ: ԱՄՆ-ը և Եվրոպան առանձնապես մեծ հետաքրքրություն չունեն հայկական հարցի նկատմամբ: Լոբբիստական ջանքերի կամ զուտ արժեհամակարգային գործոններով պայմանավորված տարբեր նահանգների կամ եվրոպական որոշ երկրների խորհրդարաներում կհայտնվեն ճանաչման բանաձևեր կամ ժխտողականությունը արգելող օրինագծեր: Հայաստանի իշխանությունները կշարունակեն բանակցությունները Ռուսաստանի հետ՝ հայ միգրանտների առջև առաջացած խոչընդոտները հաղթահարելու և արտագաղթին նոր խթան հաղորդելու համար: Կկազմակերպվեն մի շարք համահայկական բնույթի գիտաժողովներ, հաճախակի կդառնան ՀՀ նախագահի և ԱԳ նախարարի արտասահմանյան այցերը՝ ծաղկեպսակ դնելու Ցեղասպանության տեղի հուշարձաններին: Ծիծեռնակաբերդը կընդունի բարձրաստիճան հյուրեր տարբեր երկրներից: Հայության 100-ամյա պայքարը չի հասել իր հիմնական նպատակին՝ Ցեղասպանության հետևանքների վերացմանը: 100-րդ տարելիցի շեմին հայությունը խորհելու կարիք ունի, սեփական գործելաոճը հստակեցնելու խնդիր: Հայկական լեռնաշխարհից հայկական է մնացել նրա 10-րդ մասից մի քիչ ավելին: Դրա մեծ մասի վրա տարածվում է հայկական պետականությունների իշխանությունը: Առաջնահերթություն պետք է դառնա հայկական այս տարածքների զարգացումը, հզորացումն ու բնակեցումը՝ որպես մեր հիմնական նպատակին հասնելու կարևորագույն հիմնաքար: Հայությունը նոր մեխանզիմներ պետք է մտածի Հայրենիքում արժանապատիվ կյանք ստեղծելու, հայրենադարձության հսկայածավալ ծրագրեր իրականացնելու և տարածաշրջանում հայության դիրքերի ամրապնդման համար: Սա լուրջ և հիմնարար փոփոխություններ ենթադրող գործընթաց է, որը պետք է սկսի միաժամանակ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Գործընթաց, որ պահանջելու է մի քանի սերնդի ջանքեր և բազմաթիվ ազգային կարծրատիպերի ոչնչացում: Ցեղասպանության 100-րդ տարելիցը հարմար առիթ է վերոնշյալ գործընթացի մեկնարկի համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում