Գլխավոր Լրահոս

Համաեվրոպական ընտրությունները և Արցախը

Մայիսի 22-25-ը ԵՄ անդամ 28 երկրներում տեղի կունենան համաեվրոպական ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվի Եվրոպական խորհրդարանը: Սա ութերորդ ուղիղ ընտրություններն են 1979-ից ի վեր, երբ Եվրախորհրդարանի ընտրությունները դարձան համընդհանուր և ուղիղ: Այդ ժամանակից շատ բան է փոխվել. ԵՄ անդամ երկրների թիվը 9-ից աճել է 28-ի, իսկ Եվրախորհրդարանի պատգամավորների թիվը՝ 410-ից 751-ի: Սակայն ամենաէական փոփոխությունը Եվրախորհրդարանի անընդհատ աճող լիազորություններն են. խորհրդատվություն տվող մարմնից այն աստիճանաբար վերածվում է ազգային խորհրդարաններին հատուկ լիազորություններ ունեցող մարմնի:

Այս ընտրություններին հարկավոր է ուշադիր հետևել նաև Արցախում: Եվրախորհրդարանի շատ պատգամավորներ ակտիվ կապեր ունեն Արցախի իրենց գործընկերների և հասարակության ներկայացուցիչների հետ, հաճախակի են ստեփանակերտյան այցերը: 2013թ. Լիտվայի խորհրդարանում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը ցույց տվեց, որ խորհրդարանական համագործակցության մեծ ներուժ գոյություն ունի Արցախի համար, ինչի մասին տարիներ շարունակ Ստեփանակերտում բազմիցս առաջարկվում էր իշխանություններին, սակայն գործնական քայլեր չէին արվում: Խորհրդարանական բարեկամության խմբերի ստեղծման գործում ևս նախաձեռնողն արցախյան կողմը չէր:

Եվրոպական այս ընտրություններից հետո պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն ընտրված 751 պատգամավորները, որոնց մեջ հարկավոր է առանձնացնել մեր պոտենցիալ բարեկամներին, նրանց միջոցով կապեր հաստատել եվրոպական տարբեր կուսակցությունների և ազգային խորհրդարանների անդամների հետ՝ Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերն ավելացնելու և խորհրդարանական ու կուսակցական համագործակցության հնարավորությունները բազմապատկելու համար: Սա առաջադրանք պետք է դառնա ոչ միայն ԼՂՀ Ազգային ժողովի, այլև Արցախի քաղաքական դաշտի բոլոր դերակատարների համար:

Այժմ նկատվում են եվրոպական ռեգիոնալիստ կուսակցությունների հետ համագործակցության նշույլներ: Ռեգիոնալիստները հիմնականում ներգրավված են «Եվրոպական ազատ դաշինքի» մեջ, որի ազդեցությունը եվրոպական գործերում, պետք է խոստովանենք, այնքան էլ մեծ չէ, նույնիսկ աննշան է: Հարկավոր է նոր կապերի ստեղծում եվրոպական քաղաքականության հսկաների՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության և եվրոպական սոցիալիստների մեջ ներգրաված քաղաքական ուժերի և ներկայացուցիչների հետ: Զգալի աշխատանք է հարկավոր նաև եվրոպական ազգայնական ուժերի հետ համագործակցության առումով. համաձայն սոցոլոգիական հարցումների` նրանցից շատերը տարբեր ընտրատարածքներում կվերցնեն ձայների մինչև մեկ երրորդը: Օրինակ` սոցհարցումները Բրիտանիայի անկախական կուսակցությանը եվրոպական ընտրություններում վերագրում են 29 տոկոս, իսկ Ֆրանսիայի տարածքում «Ազգային ճակատին»` 22 տոկոս ձայներ:

Քաղաքական նոր կապերի հաստատումը կմեծացնի արցախյան քաղաքական գործիչների սոցիալական կապիտալը, ինչն ավելի ճանաչելի կդարձնի Արցախը և նոր հնարավորություններ կբացի նաև տնտեսական, մշակութային և այլ բնագավառների համագործակցության համար:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում