Գլխավոր Լրահոս

Ուկրաինական դեպքերի հնարավոր ազդեցությունը Կովկասում

Ուկրաինական դեպքերից հետո, երբ Ռուսաստանը չի թաքցնում ամեն գնով իր ազդեցության գոտիներում մնալու վճռականությունը, Արևմուտքի մոտ լուրջ անհանգստություններ են առաջանում Ռուսաստանի հետ առաջնությունը վիճարկվող այլ տարածաշրջաններում ևս: Վերջին ամսվա ընթացքում Հարավային Կովկասը և մասնավորապես` ղարաբաղյան հակամարտությունը հայտնվել է միջազգային վերլուծական և լրագրողական հետաքրքրության ոլորտում: Բացի ուկրաինական դեպքերից՝ սրա պատճառներից մեկն էլ այն է, որ օրերս լրացավ ղարաբաղյան պատերազմում զինադադարի հաստատման 20-ամյակը:

Արևմուտքը չկարգավորված հակամարտությունը դիտում է որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լուրջ լծակ և օր առաջ ցանկանում է լուծված տեսնել «ղարաբաղյան թնջուկը»: 2013թ. սեպտեմբերի 3-ը ցույց տվեց Հայաստանի անվստահելի գործընկեր և Ռուսաստանի ազդեցության անդառնալի գոտի լինելը, այնինչ Ադրբեջանը զգալիորեն բարձրացրեց իր միջազգային վարկանիշը՝ հնարավորություն ունենալով մանևրել ստեղծված նոր վիճակներում: Հայաստանը միանշանակ գնում է դեպի հյուսիս, իսկ Վրաստանը՝ Արևմուտք, և միայն Ադրբեջանն է, որի համար պայքարը շարունակվում է: Այս նպաստավոր դիրքը թույլ է տալիս Բաքվի ռեժիմին զգալի դիվիդենտներ շահել տարբեր ճակատներում:

Արևմտյան ազդեցիկ պարբերականները և վերլուծական կենտրոնները հոդվածներ են հրապարակում Արցախի՝ թմրամիջոցների, մարդկանց թրաֆիքինգի և այլ հանցագործությունների վայր լինելու մասին, իսկ ամերիկացի դիվանագետները բացահայտորեն հայտարարում են, որ հայերը պետք է վերադարձնեն Ադրբեջանից «գրաված տարածքները»:

Ալիևը, օգտվելով Արևմուտքի ակնհայտ բարեհաճ վերաբերմունքից, սեփական երկրում ոչնչացնում է այլընտրանքային կարծիք արտահայտող մտավորականությանը՝ նրանց ուղարկելով Բաքվի բանտերում փտելու: Մարդու իրավունքների խախտման հերթական բաժինը բոլորովին էլ վրդովմունք չի առաջացնում Արևմուտքում: «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը նույնիսկ խորհուրդ է տալիս ամերիկյան իշխանություններին ուշադրություն չդարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին:

Ադրբեջանին սիրաշահելու Արևմուտքի այս քաղաքականությունը կտա՞ արդյոք իր արդյունքները: Կդառնա՞ Ադրբեջանը արևմտամետ:

Կարծում եմ` Ադրբեջանը դեռ երկար ժամանակ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնին չի հայտնի իր հավատարմությունը՝ միշտ մնալով գայթակղիչ: Արևմուտքի նման անբարոյական կեցվածքն Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ վերջիններիս մոտ կառաջացնի մեծ հիասթափություն Վաշինգտոնի և Բրյուսելի նկատմամբ՝ զգալիորեն իջեցնելով Արևմուտքի համակիրների քանակը: Ադրբեջանական հասարակության այս հատվածը կփնտրի Ալիևի ռեժիմի դեմ հանդես եկող ավելի արդյունավետ ուժեր, ինչպես կարող են լինել, ասենք, ծայրահեղական իսլամիստական խմբավորումները:

Իրեն չի արդարացնում նաև այն տեսությունը, որ Ադրբեջանի վրա ազդելու ռուսական միակ լծակը ղարաբաղյան գործոնն է: Ղարաբաղի վրա Ռուսաստանի ազդեցությունը մեծ չէ, իսկ հյուսիսային գերտերությանն ավելի ուժեղ գործոններ են հարկավոր: Իսկ դա Ադրբեջանի մասնատման ծրագիրն է, որը ևս ռուսական զինանոցում է: Ադրբեջանի հյուսիսի ժողովուրդների քարտը, որը Ռուսաստանը միշտ զգուշացել է օգտագործել, այժմ ավելի արդիական է դառնում, ինչի մասին կարող է վկայել Դաղստանի վարչական նոր բաժանումը, որտեղ կարևոր դեր է տրվել հավաքական բնակվող ժողովուրդներին նույն վարչական միավորների մեջ մտցնելու սկզբունքին:

Դեպքերի որոշակի զարգացման դեպքում ամերիկացի դիվանագետները հնարավոր է՝ արդեն կոչ անեն Ռուսաստանին՝ վերադարձնելու Ադրբեջանի օկուպացված հյուսիսային տարածքները: 

Մեր տարածաշրջանի սրընթաց զարգացումները պահանջում են նոր որակի հայկական իշխանություններ՝ զարգացումներից օգուտներ քաղելու համար: Իշխանությունների ներկայիս կազմը մեծ շռայլություն է հայության համար, ինչի հետևանքները հնարավոր է՝ չկարողանանք վերացնել նույնիսկ հարյուրամյակներ անց:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում