Սպորտի աշխարհը զերծ չէ քաղաքական խաղերից: Այդ քաղաքական խաղերում իր ուրույն տեղն ունի նաև Ադրբեջանը, որը Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբի հովանավորն է: «Ատլետիկոյի» մարզիկների մարզաշապիկին գրված է «Ադրբեջան. կրակի երկիր» (Azerbaijan. Land of Fire): Մայիսի 24-ին Լիսաբոնում կայացավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Մադրիդյան երկու ակումբներ՝ «Ռեալը» և «Ատլետիկոն», մրցում էին Եվրոպայի լավագույն ակումբի կոչմանն արժանանալու համար: Խաղն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել՝ ուշադրություն հրավիրելով, թե ինչպիսի բռնատիրական երկիր է հովանավորում իսպանական ակումբին:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, անդրադառնալով Ադրբեջանում մամուլի ազատությանը, այդ երկիրն անվանել է «Բռնությունների երկիր»: Կազմակերպությունն օգտագործել է Ադրբեջանի զբոսաշրջային «Կրակի երկիր» կարգախոսը, որը գրված է «Ատլետիկո Մադրիդի» մարզիկների շապիկներին:
«Դու իսկապես ճանաչո՞ւմ ես Ադրբեջանը՝ «Ատլետիկո Մադրիդին» հովանավորող երկրին։ Պաշտոնական քարոզչության համաձայն՝ այն «կրակի երկիր» է, գործնականում՝ «բռնությունների երկիր»։ Միլիոնավոր հանդիսատեսները, որոնք մայիսի 24-ին դիտելու են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, չպետք է մոլորեցվեն քարոզչությամբ։ Կովկասյան այս հանրապետությունը մամուլի ազատության ինդեքսում 180 երկրներից 160-րդ տեղում է, իսկ նախագահ Իլհամ Ալիևը մամուլի ազատության գիշատիչ է, որը գրեթե վերացրել է բազմակարծությունն իր երկրում:
Մոտ տասը լրագրող և նույնքան բլոգեր բանտում են, քանի որ, ըստ կառավարության ճաշակի, չափից շատ անկախություն են ցուցաբերել: Լրագրող և իրավապաշտպան Փարվիզ Հաշիմլին մայիսի 15-ին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ «անօրինական զենք ձեռք բերելու» և «վաճառելու» կեղծ մեղադրանքներով: Կառավարության գործողությունները նաև իր սահմաններից դուրս են: Նա համոզեց Թուրքիային ապրիլի 18-ին արտահանձնել Ռաուֆ Միրիկադիրովին՝ «Զերկալո» անկախ թերթի թղթակցին, որն անմիջապես կալանավորվեց լրտեսության մեղադրանքով:
Կողմնակալ կարգավորող մարմինը և գովազդային շուկայի մանիպուլյացիան թույլ են տվել կառավարությանը ամբողջությամբ վերահսկել հեռարձակումը: Չկա ոչ մի անկախ հեռուստատեսություն, իսկ մի քանի անկախ թերթեր պայքարում են գոյատևելու համար: Առաջատարներից մեկը՝«Ազադլիգը», մոտ է տնտեսական փլուզման, որն արդյունք է կրած աստղաբաշխական վնասների և նաև այն բանի, որ մամուլի տարածման ընկերությունը հրաժարվում է վճարել վաճառքներից նրան հասանելիքը:
Ադրբեջանի կառավարությունը հակասական կերպով մայիսի 14-ին դարձել է Եվրոպա մայրցամաքում մարդու իրավունքների երաշխավոր, երբ ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը վրդովված է այս փաստով և Եվրոպայի խորհրդի 46 անդամ երկրներին կոչ է անում Ադրբեջանի նախագահին հիշեցնել մամուլի ազատությունը հարգելու իր պարտավորությունների մասին»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում:
Civilnet











