Գլխավոր Լրահոս

Սուխումում Արցախի դեսպանություն է պետք

Աբխազիայում ժողովրդական հուզումն ավարտվել է Ալեքսանդր Անկվաբին երկրի նախագահի պարտականությունները կատարելուց հեռացնելով: Աբխազիայի խորհրդարանը նրան զրկել է նախագահի լիազորություններից և երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրել խորհրդարանի նախագահի վրա:

Հարավկովկասյան այս հանրապետությունում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն օգոստոսի 24-ին: Ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերն ուղղված էին երկրում առկա կոռուպցիային, Մոսկվայից ստացող գումարների անարդյունավետ ծախսմանը, սահմանամերձ շրջանների վրացական բնակչությանը աբխազական քաղաքացիության շնորհմանը: Սկզբում ընդդիմությունը պահանջում էր երկրի կառավարության, գլխավոր դատախազի, որոշ շրջանների ղեկավարների հրաժարականը, իսկ դրանք ստանալուց և նախագահական նստավայրը գրավելուց հետո առաջ եկավ նաև երկրի նախագահին պաշտոնից հեռացնելու ցանկությունը:

Մոսկվայից Սուխում ժամանեցին Կրեմլի ներկայացուցիչներ՝ բողոքի գործընթացները սահամանադրական հունով տանելու կոչերով: Աբխազական էլիտան ամբողջովին ռուսամետ է, և Սուխումում իշխանության փոփոխությունը փոքր-ինչ անգամ չի կարող անհանգստացնել ռուսներին, քանզի ռուսամետ մեկ խմբավորմանը փոխարինելու է մեկ այլ ռուսամետ խմբավորում, և ռուսական ազդեցությունը դրանից ընդհանրապես չի տուժելու: Անցել են այն տարիները, երբ Աբխազիայում մտածում էին Ռուսաստանին հակակշիռ ստեղծել, ասենք՝ Թուրքիայի հետ ակտիվ համագործակցությամբ: Պուտինյան Ռուսաստանի հզորացումը փոշիացրեց նմանատիպ ցանկությունները:

Աբխազիան կարևոր երկիր է մեզ համար: Պաշտոնական տվյալներով մոտ հիսուն հազար հայ է բնակվում այս երկրում, որը կազմում է բնակչության 21 տոկոսը (այն դեպքում, երբ աբխազները կազմում են բնակչության 44 տոկոսը): Վրաստանի հետ խնդիրների կարգավորումից հետո Աբխազիան կարևոր տրանսպորտային հանգույց կարող է դառնալ Հայաստանի համար դեպի Ռուսաստան գնացող ցամաքային հաղորդակցության տեսանկյունից: Ի վերջո, սևծովյան այս հանրապետությունը, որը խորհրդային տարիներից հայտնի էր իր հանգստավայրերով, կարող է հրապուրիչ լինել հայկական կապիտալի համար:

Ցավոք մինչ այժմ բավարար ուշադրություն չի դարձվել Աբխազիային, և բարեկամական այս երկրի հետ մեր համագործակցության ներուժին: Հայաստանի Հանրապետությունը, ելնելով Վրաստանի վերաբերմունքից, աբխազական ուղղությամբ ակտիվ քայլեր չի կատարել: Սրան հակառակ, Աբխազիայում հայկական պետությունների ակտիվացման հարցում կարևոր կարող է լինել Արցախի դիրքորոշումը: Առավել քան անհրաժեշտ է Արցախի դեսպանատան բացումը Սուխումում՝ ներկայանալի դիվանագիտական անձնակազմով: Այս դեսպանատունը ոչ միայն կաշխատի բարեկամական Աբխազիայի հետ կապերի ընդլայնման ուղղությամբ, այլև կարևոր առաքելություն կկատարի հայկական կապիտալի՝ Աբխազիայում ուժեղացման առումով՝ նպաստելով ինչպես հայաստանյան, այնպես էլ Ռուսաստանի հարավի հայազգի գործարարների ներդրումային ծրագրերին, հնարավորություն կունենա համակարգել հայապահպանության ծրագրերը, տեղի հայերին հայկական մշակույթին, լեզվին առնչելը, աբխազա-հայկական մշակութային, կրթական ծրագրերի խրախուսումը:

Քաղաքական առումով Երևանի համար դժվարամատչելի երկրներում հայկական քաղաքականությունն առաջ մղելու առաքելությունն իր վրա պետք է վերցնի Ստեփանակերտը՝ նոր հնարավորություններ բացելով տարբեր երկրների հետ համագործակցության բնագավառում: Աբխազիայում այսօր կատարվողը կարիք ունի լավ վերլուծության՝ իշխանությունից հեռացող և իշխանության եկող գործիչների հայության նկատմամբ վերաբերմունքից մինչև Աբխազիայի զարգացման հեռանկարների վերաբերյալ տարբեր սցենարների մշակում, ինչից փաստորեն զուրկ ենք դիվանագիտական բացակայության պատճառով: Արտերկրում նոր դիվանագիտական ներկայացուցչության բացումն Արցախում ասոցացվում է ավելի շատ նոր ծախսերի, քան ձեռք բերվելիք նոր հնարավորությունների հետ: Հենց այս պատճառով էլ մինչ այսօր Արցախը դիվանագիտական ներկայություն չունի մեզ համար այսքան կարևոր Աբխազիայում։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում