Հայաստանի տնտեսության ծանր վիճակի պատճառները մի շարք վերլուծաբաններ համարում են ռեսուրսների կենտրոնացումը մի քանի հոգու մոտ: Այդ երևույթը նկատելի է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Արցախում, որտեղ վերջին տարիներին աննախադեպ կենտրոնացում է տեղի ունեցել՝ ի վնաս բիզնեսում բազմաթիվ փոքր ու միջին դերակատարների և ի օգուտ իշխանավոր-բիզնեսմենների: Այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, գյուղատնտեսությունը, նավթամթերքի և ավտոգազի վաճառքը, տարբեր ապրանքատեսակների ներկրումը, տեղի է ունենում կենտրոնացում, դուրս են մնում բազմաթիվ փոքր ու միջին դերակատարներ, տարբեր ապրանքաշուկաներում հայտնվում են մոնոպոլ և օլիգոպոլ երևույթներ: Մի խոսքով, Արցախում տեղի է ունենում այն, ինչ արդեն եղել է Հայաստանի Հանրապետությունում:
Այս աննախադեպ կենտրոնացումն ունի նաև ինստիտուցիոնալ բնույթ: Արցախում այն ավելի վառ է արտահայտված, քան Երևանում: Համայնքների թուլությունը, սեփական մուտքերի սակավությունը, կախվածությունը պետական բյուջեից, գերկենտրոնացված կառավարումը,- այս բոլորը արգելակում են շրջանների արդյունավետ զարգացումը, տեղերում նախաձեռնողականությանն ու սեփական անկյունը շենացնելու միտումները:
Արցախը կարիք ունի ինստիտուցիոնալ լուրջ բարեփոխումների, որի հիմքում պետք է դրվեն ապակենտրոնացման, համայնքները սեփական եկամուտներով ապահովելու, նրանց նոր լիազորություններ տալու սկզբունքները:
Պետությունը պետք է լուրջ գումարներ ներգրավի շրջաններում տարբեր գյուղատնտեսական արտադրանքի, վերամշակման, թեթև արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման համար: Ծախսերը հանելուց հետո հարկավոր է այդ ձեռնարկությունների բաժնեմասերի պետական մասը փոխանցել համայնքներին՝ որպես եկամուտի աղբյուր վերջիններիս համար: Վերջին երկու տասնամյակի փորձը ցույց է տալիս, որ Արցախի շրջաններն այնքան էլ հրապուրիչ չեն ներդրողների համար (չհաշված հանքարդյունաբերության ոլորտը), և որ աղքատ ու հեռավոր համայնքների զարգացման միակ հուսալի տարբերակը պետական ներդրումներն են: Արցախի գյուղերում խորհրդային տարիներին կառուցված մշակույթի տների ու ակումբների վրա կարելի է տեսնել գրառություններ, որ շենքը կառուցվել է գյուղի կոլտնտեսության միջոցների հաշվին: Վերը նշված սխեմայով պետական ներդրումների հաշվին համայնքներում ձեռնարկությունների ստեղծումը, ապա դրանք համայնքներին հանձնելը հնարավորություն կտա համայնքային խնդիրները լուծել սեփական եկամուտների հաշվին, ինչպես խորհրդային տարիներին: Բնակչության կողմից համայնքների ղեկավարն ու ավագանին ավելի մեծ վստահություն են վայելում, քան կենտրոնական իշխանություններն ու նրանց ներկայացուցիչ հանդիսացող շրջանային վարչակազմերը: Այս վստահությունը մեծ նշանակություն ունի տեղական խնդիրների լուծման համար, թույլ կտա դրանց մասնակից դարձնել համայնքի ողջ բնակչությանը:
Արցախի փոքր ու աղքատ գյուղերի զարգացման ներկայիս մոդելը սպառել է իրեն: Բարեգործական հիմնադրամների կամ պետական բյուջեի հաշվին համայնքային կենտրոնի և դպրոցների կառուցումը ամենևին չեն լուծում գյուղերի կենսական խնդիրները: Տեղական հարկերը հազիվ հերիքում են համայնքապետարանի աշխատավարձերի վճարման համար և իրենցից մեծ բան չեն ներկայացնում: Հարկավոր է գյուղերի համար եկամուտի մշտական աղբյուրներ մտածել, ինչը թույլ կտա արդյունավետ լուծել տեղական խնդիրները:
Հայկ Խանումյան










