Գլխավոր Լրահոս

Հայաստան պետությունը` հայության միակ երաշխավոր

Պետությունների դերն այսօրվա աշխարհում գնալով պակասում է: Պետության գործառույթները վերցնում են վերազգային կառույցները, ֆինանսական, տնտեսական և այլ ինստիտուտներ: Շուկայական հարաբերությունները հեշտացրել են անդրազգային ընկերությունների գործերը, բերել նրանց գերհասրտացմանը և նոր ձևավորվող շուկաներում բիզնեսի ծանր վիճակին, տվյալ հասարակությունների աղքատացմանը կամ սպասարկող հասարակություն դառնալուն: Այս պայմաններում առաջանում են պետությունների կողմից չվերահսկվող բանակներ և զինված խմբավորումներ, որոնք վարում են մինչ այդ պետությունների մենաշնորհ հանդիսացող պատերազմները: Վերջինին ականատես եղանք հատկապես սիրիական պատերազմում:

Օրերս Իրաքի մի մասը նվաճած «Իրաքի և Լևանտի իսլամիստական պետություն» կազմակերպությունը նկարագրածի լավագույն օրինակն է: Ահաբեկչական կազմակերպություն, որը տարբեր հիմնադրամներից ներգրավում է ֆինանսներ, հավաքագրում զինյալներ, գրավում տարածքներ՝ փաստի առջև կանգնեցնելով տարածաշրջանային և համաշխարհային հզոր դերակատարների: Բնականաբար, նման խմբավորումներն անուշադրության չեն մատնվում տարբեր տարածաշրջաններում ամբիցիաներ ունեցող պետությունների կողմից, որոնք էլ առատաձեռն վարձատրությամբ օգտվում են «մասնավոր» բանակների ծառայություններից: Սակայն սա վտանգավոր և վերահսկողությունից դուրս եկող խաղ է՝ ապացուցված պատմական ցցուն փաստերով: Արաբական խալիֆաների մոտ վարձկան ծառայող թյուրքական ցեղերին հաջողվում է հետագայում վերցնել խալիֆաների իշխանությունը, ամերիկացիների կողմից ստեղծված հակախորհրդային «Ալ Կաիդան» հետագայում դառնում է ԱՄՆ թշնամին և այլն: Այս առումով հասկանալի են եվրոպական երկրների ղեկավարների մտահոգությունները, որոնք վախենում են ահաբեկչական կազմակերպությունների, իմա՝ «մասնավոր բանակների» մեջ ներգրաված և պատերազմի գոտի մեկնած իրենց քաղաքացիների վերադարձից: Պատերազմը Սիրիայում հարմար առիթ էր ծայրահեղական տրամադրություններ ունեցող քաղաքացիներից ազատվելու համար ոչ միայն եվրոպական երկրների, այլ նաև Ռուսաստանի և Ադրբեջանի տիպի երկրների համար: Դրա համար էլ վերջիններս էական ջանքեր չեն գործադրում սեփական քաղաքացիների պատերազմական գոտիներ մեկնելը և նրանց հավաքագրող կազմակերպությունների և հիմնադրամների աշխատանքը խոչընդոտելու համար: Նրանց մնալու դեպքում խնդիրներ կառաջանան, մի կողմից, Ռուսաստանի հարավային մարզերում, իսկ մյուս կողմից` Ալիևի ռեժիմի համար: Կար ժամանակ, որ պատերազմի թատերաբեմը ոչ թե Սիրիան էր, այլ ռուսական Կովկասը: Սիրիական ռազմաբեմն ընդամենը հարմար առիթ է կուտակված ծայրահեղական էներգիան արտահանելու, պայթյուններն այլ վայրեր ուղղորդելու համար:

Այս ամենը, անշուշտ, բումերանգի էֆեկտ նույնպես ունի: Ահաբեկչական կազմակերպություններում փորձ ձեռք բերող եվրոպացիները, ռուսաստանցիները կամ ադրբեջանցիները, վերադառնալով իրենց երկրներ, կփորձեն տեղայնացնել իրենց փորձը: Մի քանի հաջող գործողությունից հետո հնարավոր կլինի նաև խոշոր դրամական նվիրատվություններ ներգրավել՝ ծավալվելու համար:

Այս պարագայում հայկական պետության ուժեղացումը՝ որպես տնտեսական, քաղաքական, ռազմական միավոր, պետք է լինի աշխարհի բոլոր հայերի գլխավոր նպատակը՝ որպես այս անկայուն աշխարհում անձնական անվտանգության ամենարդյունավետ երաշխավորի: Այլ կերպ ասած՝ հայության «մասնավոր բանակի», անդրազգային ընկերության դերը պետք է ստանձնի հենց Հայաստան պետությունը, որը պետք է պատասխանատվություն ստանձնի աշխարհի բոլոր ծայրերում գտնվող հայության համար և վճարվի նրանց կողմից:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում