Գլխավոր Լրահոս

Հայության գումարներն արդյունավետ պետք է ծախսվեն Արցախում

Ամիսներ անց տեղի կունենա համահայկական հերթական հեռուստամարաթոնը, և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ձեռնամուխ կլինի նոր ծրագրերի իրագործմանը: Աշխարհասփյուռ հայությունը մեծ ջանքեր է ներդրել Արցախում վերականգնողական աշխատանքների, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ստեղծման համար: Անցյալ տարի այս կարևորագույն ծրագրերին ավելացավ նաև Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, շարունակվեց Արցախի գյուղերում համայնքային կենտրոնների շինարարությունը:

Տարիների հետ ավելացել է նաև քննադատությունը հիմնադրամի նկատմամբ: Սփյուռքի որոշ շրջանակներ կոչ են անում հիմնադրամի խորհրդից հեռացնել ՀՀ և ԼՂՀ ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Դժգոհություններ կան նաև հիմնադրամի գումարներով իրականացված մի շարք աշխատանքների որակի շուրջ, մասնավորապես Արցախի Հյուսիս-հարավ մայրուղու վերաբերյալ:

Համայնքնային կենտրոնների շինարարությանը հետևած ծանոթս նկատեց, որ Արցախի աղքատ գյուղական համայնքներում նմանատիպ գեղեցիկ շենքերի կառուցումը օազիս է հիշեցնում աղքատության անապատում: Գյուղին ակումբի, համայնքապետարանի և բուժկետի շենք տալով՝ աղքատությունը չի նահանջում. նոր մոտեցումներ են պետք Արցախում գյուղական աղքատությունը կրճատելու, որը գյուղերի սակավամարդության հիմնական պատճառն է: Եթե առաջիկայում Արցախի գյուղերում նոր հնարավորություններ չստեղծվեն, կանգնելու ենք ողբերգական հետևանքների առջև:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը աղքատության կրճատման նպատակով ֆինանսավորել է օրինակ ոռոգման համակարգերի ստեղծումը: Սակայն ոչ զարմանալի զուգադիպությամբ ոռոգելի հողերի մեծամասնությունը բաժին է հասել ոչ թե գյուղացիական բազմաթիվ տնտեսություններին, այլ խոշոր հողագարծությամբ զբաղվող պաշտոնյաններին կամ նրանց ներկայացնող անձանց: Սա ոչ միայն չի կրճատել աղքատությունը, այլև նպաստել է սոցիալական անջրպետի խորացմանը:

Ժամանակն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը փոխի իր մոտեցումները և աշխատի անմիջապես գյուղացիական տնտեսությունների հետ: Ենթակառուցվածքային ծրագրերը պետք է իրագործվեն միայն համապատասխան երաշխիքի դեպքում, որ դրանից հիմնականում օգտվելու են բազմաթիվ տնտեսություններ, այլ ոչ թե սահամանափակ թվով անձինք կամ մեկ անձ: Կառավարության հետ համագործակցությունից գալով բազմաթիվ անհատների, թիրախային խմբերի հետ համագործակցության՝ հիմնադրամը էականորեն կմեծացնի աղքատության կրճատման իր ներուժը և առավել արդյունավետ կլինի:

Ինչ վերաբերվում է Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու մասշտաբի ծրագրերին, ապա պետք է ուսումնասիրվեն նմանատիպ նախորդ ծրագրերի ճակատագրերը: Այսօր զգալի հողային աշխատանք է կատարվել այս ճանապարհի համար, մասնակիորեն փոխվել են գետի հուներ, լայնացվել է ճանապարհը, սակայն կառուցվելուց հետո այն կարող է արժանանալ Արցախի Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Չլդրան-Դրմբոն ճանապարհահատվածի ճակատագրին, երբ հանքարդյունաբերությանը սպասարկող գերծանր բեռնատարներն ուղղակի «վարում» են ճանապարհը: Վարդենիս-Մարտակերտի հզորությունը պետք է էականորեն բարձրացվի, իսկ այդ գործում իր ֆինանսական լուրջ մասնակցությունը պետք է ունենա հանքարդյունաբերական ձեռնարկությունը:

Վերը բարձրացված հարցերը քննարկում առաջացնելու նպատակ ունեն, որից պետք է առաջանան հայության գումարներն Արցախում ավելի արդյունավետ ծախսելու մոդելներ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում