Կրկին ամառ է, և Արցախում շատացել են ռուսական համարներով մեքենաները. մերձավոր Սփյուռքում հայտնված մեր հայրենակիցները հայտնաբերում են իրենց հայրենիքը: Նրանցից շատերը նաև տարբեր ծրագրեր են իրականացնում՝ նորոգում/կառուցում սրբավայրեր, կատարում փոքրիկ ներդրումներ: Պաշտոնական հաղորդագրությունները հուշում են, որ երկրի առաջին դեմքերը հանդիպել են այս կամ այն բարերարի հետ, խոսել նոր ծրագրերի մասին: Վերջերս Ճարտար գյուղում ներդրումային ծրագրով ներկայացած ռուսահայերից մեկն էլ ասաց, որ ինքը հայրենիքում փող աշխատելու նպատակ չունի, իր ներդրումների միակ նպատակը աշխատատեղեր ստեղծելն է բարեգործական հիմունքներով: Հայրենիքում փող աշխատելու անթույլատրելիության մասին մինչ այդ այլ բարերարներ նույնպես արտահայտվել էին:
Արցախ-Սփյուռք նման հարաբերությունները չեն կարող կենսունակ լինել, և ժամանակն է վերաիմաստավորել այս ամենը, առանձնացնել Արցախի համար հատուկ նշանակության երկրներ և մարզեր ու համակարգված աշխատանք տանել: Առաջինը, որ պետք է փոխել, կարծիքն է, թե Արցախը փող աշխատելու տեղ չէ: Ավելին, ներդրողները պետք է ստեղծեն շահութաբերություն ապահովող ձեռնարկություններ, փնտրեն շուկաներ, զարգացնեն ոլորտներ, մեծացնեն ազգային հարստությունը: Արցախում ձեռնարկատիրությամբ, հողագործությամբ կամ անասնապահությամբ փող աշխատելու հաջող օրինակները պետք է ողողեն Սփյուռքը՝ Արցախ բերելով պոտենցիալ ներդրողների: Միևնույն ժամանակ Արցախը պետք է ակտիվորեն աշխատի տարբեր երկրներում և հատկապես Ռուսաստանում և Միջին Ասիայում, որտեղ շատ են արցախյան արմատներ ունեցող հայերը՝ օգտագործելու նրանց ներուժն արցախյան ապրանքների համար նոր շուկաներ որոնելու, նոր ներդրումներ ներգրավելու: Ռուսաստանի հարավային երկրամասերի, ինչպես նաև Միջին Ասիայի որոշ երկրների, հատկապես Թուրքմենստանի և Ուզբեկստանի հայերը Ստեփանակերտի կողմից պետք է դիտվեն որպես Արցախ վերադառնալու պոտենցիալ խմբեր:
Պետք է համակարգված աջակցություն ցույց տալ տեղի հայերին՝ առաջ գնալու տարբեր ոլորտների և պաշտոնների մեջ: Հայությունը պետք է աշխատի միայն հայկական շահերի համար, իսկ դա հնարավոր է միայն Երևանից կամ Ստեփանակերտից կազմակերպվելու դեպքում: Համայնքային կառույցները խիստ խոցելի են այս առումով, և մենք հաճախ ենք տեսնում, թե ինչպես են նրանք հայկական գործոնը խաղալիք դարձնում տարբեր երկրների շահերի համար, հաճախ նաև՝ ընդդեմ Հայաստանի շահերի:
Այս ծավալուն աշխատանքը նախևառաջ պահանջում է տեղեկատվության հավաքում և մշակում, ինչն իր հերթին պահանջում է վերոնշյալ վայրերում Արցախի դիվանագիտական հաստատությունների առկայություն և ակտիվ աշխատանք: Արտասահմանում Արցախի մշտական ներկայացուցչություններից շատերն ունեն արարողակարգային, հաճախ՝ խորհրդանշական բնույթ, սահմանափակվում են 1-2 աշխատակցով և ունակ չեն մեծ մասշտաբի խնդիրներ լուծել:
Ակտիվ աշխատանք է հարկավոր սկսել, քանզի ժամանակը քայքայիչ ավերածություններ է գործում, և տարիների հետ Սփյուռքում ապրող հայությունը ձուլվում է ընդունող հասարակությունների հետ:
Հայկ Խանումյան










